Այս օրերին ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացրել՝ դարձեալ թիրախաւորելով Դաշնակցութեանը
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլի բարձրացրած հերթական հակադաշնակցական հիստերիային:
«ՀՅԴ Հայ Դատի գրասենեակները շարունակում են աշխարհին ներկայացնել իրականութիւնը:
Այսպէս՝ COP29-ին ընդառաջ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախաձեռնութեամբ Եւրոպական խորհրդարանի պատգամաւորները, համաժողովին մասնակցող 8 հարիւրից աւելի միջազգային կազմակերպութիւններ, համալսարաններ, ակադեմիականներ իրազեկւում են Ադրբեջանում առկայ մարտահրաւէրների վերաբերեալ, որոնք առնչւում են մարդու իրաւունքներին ու բնապահպանական ոլորտին։
Զուգահեռ տարւած աշխատանքների արդիւնքում` ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շուրջ 60 անդամներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի եւ սենատոր Էդ Մըրքիի նամակին՝ կոչ անելով ԱՄՆ իշխանութիւններին COP 29-ին ընդառաջ պատասխանատւութեան ենթարկել Ադրբեջանին ռազմական յանցագործութիւնների, ապօրինի պատանդառութեան, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազաւթման համար։
Տարբեր երկրներում գործող ՀՅԴ Հայ Դատի գրասենեակները COP29-ի գագաթնաժողովին ընդառաջ ջանք չեն խնայում Ադրբեջանի վրայ ճնշման աւելացման գործում՝ որպէս առաջնային նպատակ ունենալով Բաքւի բանտերում պահւող գերիների հայրենիք վերադարձի հարցը։
Պատահական չէ, որ այս օրերին ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացրել՝ դարձեալ թիրախաւորելով Դաշնակցութեանը եւ Հայ Դատի գրասենեակների պատասխանատուներին։
Պատահական չէ, որ այս օրերին նոյն հռետորաբանութեամբ եւ նոյն թէզերով Հայաստանի գործող իշխանութիւնները եւ նրանց սպասարկող մամուլը պայքարում են ազգային շահերով առաջնորդւող բոլոր անհատների եւ կառոյցների դէմ։
Անկախ այս փաստերից, ՀՅԴ-ն շարունակելու է արդարութեան վերականգնման եւ հայկական շահերի պաշտպանութեան համար մղւող պայքարը»,- գրել է նա: