Հայաստանում ստեղծւած թւացեալ անդորրն ամէն պահի կարող է պայթել
«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանի մուտքը Հանրային հեռուստաընկերութիւն, ըստ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանի, տեղի ունեցաւ բացառապէս հանրային ճնշման եւ իշխանութեան վախերի արդիւնքում։
168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով հոկտեմբերի 2-ին կայացած հանրահաւաքի եւ Բագրատ Սրբազանի կողմից Հանրային հեռուստաընկերութեան ուղիղ եթերից ուղերձ յղելու որոշմանը, նման տեսակէտ յայտնեց Գառնիկ Դանիէլեանը՝ ընդգծելով.
«Իշխանութիւնն ամէն անգամ չի կարող ժողովրդի վրայ նռնակներ նետել եւ արգելւած միջոցներ կիրառել, հետեւաբար, հասկանում են, որ Հայաստանում ստեղծւած թւացեալ անդորրն ամէն պահի կարող է պայթել»։
Նրա դիտարկմամբ՝ շարժման առաջնորդի ուղերձը շատ կարեւոր էր իր բովանդակութեամբ. այն ե՛ւ քաղաքական էր, ե՛ւ արժեքային, որովհետեւ ակնյայտ է մի բան՝ այս պայքարում միայն քաղաքական բովանդակութիւնը բաւարար չէ, քանզի գործ ունենք արժէքների դէմ պայքարի հետ։
«Սրբազանը խօսեց Փաշինեանի կողմից իշխանութիւնն ուզուրպացնելու մասին, հնչեցին այլ քաղաքական մտքեր եւս, հետեւապէս՝ Սրբազանի Հ1-ի ուղիղ եթերի հնարաւորութիւնից օգտւելու որոշումը կարեւոր քայլ է, որը, միեւնոյն ժամանակ, չպէտք է թերագնահատել, բայց եւ չպէտք է գերագնահատել»,- ասաց Դանիէլեանը՝ ընդգծելով՝ եթէ ուզում ենք յաջողութիւն գրանցել, պէտք է նաեւ տեղեկատւական դաշտում պայքարել իշխանական պրոպագանդայի դէմ եւ, հետեւապես, հոկտեմբերի 2-ին կատարւածը դրանով էր արժէքաւոր։
Խօսելով այդ օրւայ հանրահաւաքի ոչ բազմամարդ լինելու մասին, Գառնիկ Դանիէլեանն առաջարկեց թւերի վրայ չկենտրոնանալ։
«Մի օր քիչ մարդ կը հաւաքւի, մի օր՝ շատ. դա շատ յարաբերական է. դա մեզ պէտք է ոչ թէ հետ պահի մեր նպատակներից, այլ հակառակը՝ փոքր եւ մեծ յաջողութիւններ արձանագրելով՝ մենք պէտք է շարժւենք առաջ՝ մինչեւ հասնենք մեր նպատակին, հակառակ պարագայում, ստացւում է՝ այսօր աւելի շատ հարւածներ են ստանում տեսակէտ ունեցող, հայրենիքի ընկալում, ինքնութիւն ունեցող մարդիկ։ Այդ մարդկանց ամէն ձեւ քարկոծում են. դա անում է նաեւ, այսպէս կոչւած, ընդդիմութիւնը, ուստի ստացւում է՝ կոմֆորտ վիճակում գտնւելն աւելի նախընտրելի է, քան պայքարելը։ Մենք հէնց այս պատը պէտք է կոտրենք»,- խօսքը եզրափակեց պատգամաւորը։