Բորիս Մուրազի. «Թշնամուն ՀՀ-ի գրեթէ բոլոր շահերը զիջած ՔՊ-ն՝ փորձում է ձեւաւորել այնպիսի տպաւորութիւն, թէ խաղաղութեան գործընթացը հասել է վերջնական հանգրւանի»

«Պոլիտիկ» կայքի խմբագիր Բորիս Մուրազին գրում է.
«Ադրբեջանին Հայաստանի գրեթէ բոլոր շահերը զիջած ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, փորձում է ձեւաւորել այնպիսի տպաւորութիւն, թէ խաղաղութեան գործընթացը հասել է վերջնական հանգրւանի։ Ընդ որում, հանրութեանը ներկայացւում է, թէ Ադրբեջանը այլեւս պահանջներ չունի Հայաստանից։
Սակայն պարզ հարց է առաջանում՝ եթէ այդպէս է, ապա ինչու Իլհամ Ալիեւը չի ստորագրում այդքան գովազդւած, նախաստորագրւած պայմանագիրը։
Պատասխանը ակնյայտ է։ Չի ստորագրում, քանի որ դեռ կան պայմաններ, որոնց կատարումը, ըստ էութեան, սկսել է ապահովել հէնց Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը։
Այս պահին հրապարակային առկայ են երկու հիմնական պահանջ՝
- ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւն Ադրբեջանի պատկերացումների շրջանակում,
- մօտ 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանի տարածքում։
Առաջին պահանջի մասով Հայաստանի իշխանութիւնները արդէն իսկ պարտաւորութիւններ են ստանձնել։ Յայտարարւել է, որ Սահմանադրութեան նոր տեքստում չի լինելու յղում Հայաստանի անկախութեան հռչակագրին։ Սահմանադրութեան տեքստը հրապարակւած չէ, բայց արդէն պատրաստ է։ Սահմանադրութեան փոփոխութիւնը խոստանում են իրականացնել ԱԺ ընտրութիւններից յետոյ։
Միեւնոյն ժամանակ, իշխանութիւնները փորձում են հանրութեանը համոզել, թէ սա Ադրբեջանի պահանջի կատարում չէ, այլ սեփական որոշում է։ Այսինքն՝ իրականացւում է պահանջ, բայց ներկայացւում է որպէս ինքնուրոյն քայլ։
Երկրորդ պահանջի կատարումն էլ, ըստ էութեան, թողնւել է ընտրութիւններից յետոյ ընկած ժամանակահատւածին։ Պատճառը պարզ է՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձը կարող է ուղղակի ազդեցութիւն ունենալ ընտրութիւնների արդիւնքների վրայ։ Այդ պատճառով իշխանութիւնները հրապարակային փորձում են հերքել նման պահանջի գոյութիւնը։
Եթէ յաջողւի վերարտադրւել, ապա հայ ժողովրդին կը կանգնեցնեն փաստի առաջ՝ կամ ընդունում ենք ադրբեջանցիներին, կամ պատերազմ է սկսւում։ Նախկինում այս տակտիկան օգտագործւել է. Կիրանցի հատւածում զիջումները դրա վառ օրինակն են։
Այսինքն՝ այն, ինչ երէկ հերքւում էր, այսօր արդէն իրականացւում է։
Այս ֆոնին ԱԺ նախագահի պաշտօնը զբաղեցնող Ալէն Սիմոնեանը օրերս հանդէս եկաւ յայտարարութեամբ, որը դուրս եկաւ բոլոր սահմաններից։
Նա պնդեց, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրւած յայտարարութիւնից յետոյ Ադրբեջանը այլեւս չի բարձրացրել «վերադարձի» թեման. «Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, տեսէք, դա աբսուրդ է։ Նման խօսակցութիւն ժամանակին բացել է հարեւան երկրի ղեկավարը հայելային առումով, երբ մեր քաղաքական գործիչները, մեր ներկայացուցիչները սկսեցին խօսել Ղարաբաղ վերադարձի մասին։ Օգոստոսի 8-ից յետոյ նման խօսակցութիւններ չկան։ Բոլոր խօսակցութիւնները դրանք հայելային արձագանք են ունեցել Ադրբեջանում։ Ես հիմա դժւարանում եմ դրանց մասին խօսել, որովհետեւ դրանք արդէն անցեալում են։ Օգոստոսի 8-ից յետոյ մեր խօսակցութիւնները միայն ապագայի, սահմանների բացման, առեւտրի եւ նման բաների մասին են»։
Երբ պաշտօնական Երեւանը ասում է «թեմա չկայ», Բաքուն արդէն այդ թեմայով քաղաքականութիւն է կառուցում։
Այս յայտարարութիւնը կամ նշանակում է, որ Ալէն Սիմոնեանը գիտակցաբար խեղաթիւրում է իրականութիւնը, կամ՝ զբաղեցնելով ԱԺ նախագահի պաշտօնը, պարզապէս տեղեակ չէ, թէ Ադրբեջանում ինչ է կատարւում ամենաբարձր մակարդակով։
Մինչդեռ Ադրբեջանում Հայաստան ադրբեջանցիների բնակեցման հարցը բարձրաձայնւում է հէնց այդ մակարդակում։
Օգոստոսի 8-ից գրեթէ չորս ամիս անց՝ դեկտեմբերի 5-ին, Բաքւում կայացած «Մշակութային ժառանգութիւն եւ վերադարձի իրաւունք. Հայաստանից արտաքսւած ադրբեջանցիների մշակութային ժառանգութեան վերականգնումը՝ որպէս արդարութեան, հաշտեցման եւ խաղաղութեան ճանապարհ» III միջազգային համաժողովի մասնակիցներին Իլհամ Ալիեւը դիմել է յատուկ ուղերձով։
Նա մասնաւորապէս յայտարարել է. «Հաւատում ենք, որ Արեւմտեան Ադրբեջանի համայնքի խաղաղասէր անդամները կը վերադառնան իրենց նախնիների հողերը, եւ մեր ժողովուրդների միջեւ կը հաստատւեն բարիդրացիական յարաբերութիւններ։
Մաղթում եմ յաջողութիւններ այս աւանդական միջազգային համաժողովի աշխատանքներին, որը արդէն դարձել է միջազգային հարթակ, եւ եւս մէկ անգամ ընդգծում եմ իմ վստահութիւնը, որ առաջիկայ քննարկումները կը նպաստեն մշակութային ժառանգութեան պաշտպանութեանը եւ վերադարձի իրաւունքի ընկալմանը, մեր հայրենակիցների անվտանգ, արժանապատիւ եւ խաղաղ վերադարձին հայրենի հողեր, եւ կարեւոր քայլ կը դառնան հաշտեցման եւ խաղաղութեան ճանապարհին»։
Սա պարզապէս խօսք չէ. սա ապագայ պահանջի նախապատրաստում է։
Այսինքն՝ օգոստոսի 8-ից ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խօսել վերադարձի իրաւունքի մասին, այլեւ Հայաստանի սուվերեն տարածքի մաս կազմող բնակավայրերը, որտեղ նախկինում բնակւել են ադրբեջանցիներ, անւանում է «Արեւմտեան Ադրբեջան»։
Սա արդէն պարզապէս հումանիտար հարց չէ։ Սա քաղաքական եւ գաղափարական նարատիւ է, որի մասին, ինչպէս տեսնում ենք, խօսւում է ամենաբարձր մակարդակում։
Աւելին, հէնց Ալէն Սիմոնեանի հարցազրոյցի օրը Ադրբեջանում տեղի է ունեցել միջազգային քննարկում՝ նւիրւած այսպէս կոչւած «Արեւմտեան ադրբեջանցիների վերադարձի իրաւունքին»։
Այդ քննարկման հիմնական բանախօսներն են եղել՝
- Ադրբեջանի Միլի Մեջլիսի անդամներ Ռիզւան Նաբիեւը եւ Մալահատ Հասանովան,
- Վրաստանի խորհրդարանի պատգամաւոր, նախկին նախագահ Սահակաշւիլիի թիմակից Գիգի Ծերեթելին,
- Թուրքիայի խորհրդարանի պատգամաւոր, Էրդողանի կուսակից Զէյնէփ Եըլդըզը,
- ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքի Օբերն համալսարանի քաղաքագիտութեան եւ միջազգային քաղաքականութեան ամբիոնի վարիչ, պրոֆեսոր եւ թոշակառու գեներալ Հայաթ Ալւին,
- Աւստրիայի Վիեննայի համալսարանի իրաւաբանական ֆակուլտետի աշխատանքի եւ եւրոպական իրաւունքի ինստիտուտի դոցենտ, իրաւաբանական գիտութիւնների դոկտոր Եգան Մասիմովան,
- ինչպէս նաեւ ՄԱԿ-ի գլոբալ ծրագրերի խորհրդատու եւ հրապարակախօս Էլիֆ Սելչուկը։
Սա արդէն մէկ երկրի ներսում քննարկւող թեմա չէ. սա միջազգային օրակարգի վերածւող հարց է։
Այսինքն՝ թեման ոչ միայն չի փակւել, այլ դարձել է միջազգային հարթակներում համակարգւած առաջ մղւող օրակարգ։
Ի դէպ, այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի համայնքի» գործունէութիւնը բաւական ակտիւ է եւ գտնւում է պետութեան անմիջական հովանու ներքոյ։ Սրանով է բացատրւում Ալիեւի յատուկ ուղերձը, ինչպէս նաեւ իրենց կազմակերպած կոնֆերանսների նման մակարդակի միջազգային մասնակցութիւնը։
Ակնյայտ է, որ Ադրբեջանը զուր տեղը չէ նման ջանքեր ներդնում։ Սա աշխատանք է, որը հանդիսանում է պետական քաղաքականութեան շարունակութիւն։
Այո, նրանք խօսում են խաղաղութեան եւ Հայաստանի տարածքային ամբողջականութեան մասին, բայց նրանց հիմնական պնդումը մէկն է՝ խաղաղութիւն հնարաւոր է, եթէ հարիւր հազարաւոր ադրբեջանցիներ կարողանան բնակւել այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանում»։
Մինչդեռ Հայաստանում այս թեմայի շուրջ գրեթէ չի խօսւում։
Հայ հանրութիւնը տեղեկացւած չէ, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով քննարկւում է հարիւր հազարաւոր ադրբեջանցիների բնակեցման հարցը Հայաստանի տարածքում։
Աւելին, իշխանութիւնները Ալէն Սիմոնեանի միջոցով պնդում են, թէ օգոստոսի 8-ից յետոյ Ադրբեջանում նման հարց գոյութիւն չունի, ինչը, ինչպէս տեսանք, իրականութեանը չի համապատասխանում։
Ոմանց կարող է թւալ, թէ Ադրբեջանում այդ հարցի քննարկման մէջ վտանգաւոր բան չկայ՝ «ներքին լսարանի համար են խօսում», ինչպէս պնդում են իշխանութեան ներկայացուցիչները։ Այս տեսակէտի օգտին կարող է խօսել նաեւ այն, որ Հայաստանի իշխանութիւնները կտրուկ հերքում են նման օրակարգի գոյութիւնը։
Սակայն այս մոլորութեան մէջ գտնւողներին պէտք է յիշեցնել, որ երբ Ալիեւը 2020 թւականից խօսում էր Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան անհրաժեշտութեան մասին, ՔՊ-ն՝ Փաշինեանի գլխաւորութեամբ, կտրականապէս հերքում էր նման հնարաւորութիւնը։ Երեք տարի անց Ալիեւի պատկերացրած փոփոխութիւնը իրականացման ճանապարհին է։
Նոյնը կարող է տեղի ունենալ նաեւ ադրբեջանցիների բնակեցման հարցում։
Յ. Գ. – Ի դէպ, Ալէն Սիմոնեանը իր հարցազրոյցում, ըստ էութեան, հաստատեց ընդդիմադիրների այն պնդումը, որ խաղաղութիւնը վերջնականապէս հաստատւած չէ եւ պատերազմը չի կարելի բացառել։ Սիմոնեանը նշեց, որ հայերի Արցախի վերադարձի եւ ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին խօսելը «պատերազմ ծնող» է։ Ինչպէս արդէն տեսանք, Ալիեւն ու Ադրբեջանը բաւական ակտիւօրէն խօսում են հէնց այդ «պատերազմ ծնող» օրակարգի մասին»։



