
«ԱԼԻՔ» – Գերագոյն առաջնորդի խորհրդական դոկտ. Ալի Լարիջանին հեռուստաեթերից նոր բացայայտումներ է արել սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դէմ պատերազմի մասին, որոնք խօսում են ԱՄՆ-ի եւ Իսրայէլի միջեւ Իրանին հարւածելու համակարգւած նախագծի մասին:
Անդրադառնալով 12-օրեայ պատերազմի զարգացումներին, Լարիջանին նշել է. «Այս պատերազմը կարեւոր դաս էր թէ՛ Իրանի, թէ՛ տարածաշրջանի երկրների, թէ՛ նոյնիսկ համաշխարհային տէրութիւնների համար։ Այս իրադարձութիւններից պէտք է ճշգրիտ հետեւութիւններ անել թշնամու նպատակների մասին»։
Նա յաւելել է. «Անիրական ու չհիմնաւորւած վերլուծութիւնների փոխարէն պէտք է փաստերին ծանօթանալ պատերազմը նախաձեռնողների խօսքերից։ Օրինակ՝ ԱՄՆ դեսպաններից մէկը յարձակումից մէկ օր առաջ ասել էր, որ Իսրայէլը գործողութիւնների չի գնայ առանց Վաշինգտոնի կանաչ լոյսի։ Թրամփը նաեւ յայտարարել էր, որ հնարաւոր յարձակումը մօտ օրերին չի լինելու, բայց ժամեր անց եղաւ այն։ Սա բանակցութիւնների քօղի տակ ակնյայտ խաբէութիւն էր»։
Յեղափոխութեան առաջնորդի խորհրդականը ընդգծել է. «Պատերազմի սկսւելուց յետոյ Թրամփը պնդում էր, որ Իրանին տւել է 60-օրեայ ժամկէտ, իսկ յարձակումը տեղի է ունեցել 61-րդ օրը: Սա այն դէպքում, երբ բանակցային հանդիպումների թւականը նշանակւած էր հէնց նրանց կողմից՝ 63-րդ օրւայ համար: Այս ամէնը վկայում էր ռազմական գործողութիւնների նախապէս որոշւած սցենարի մասին»։
Լարիջանին նաեւ խօսել է երկրի պաշտօնեաների անձնական հասցէին ուղղւած թշնամու սպառնալիքների մասին եւ, անդրադառնալով իրեն ուղղւած սպառնալիքին՝ Թեհրանից հեռանալու հեռախօսազանգին, նշել է. «Ինձ ասացին, որ պէտք է լքեմ Թեհրանը 12 ժամւայ ընթացքում, հակառակ դէպքում ես նոյն ճակատագրին կարժանանամ, ինչ նահատակներ Բաղերին եւ Ռաշիդը։ Այս զանգերը հոգեբանական ահաբեկչութեան ծրագրի մաս էին կազմում»։
Նա յաւելել է. «Սիոնիստական ռեժիմը կարծում էր, որ ԻՅՊԿ հրամկազմին ահաբեկելով, ժողովրդի մէջ պառակտում կը ստեղծւի, կամ պաշտօնեաներին սպառնալով, կարող է համակարգը փլուզել։ Նոյնիսկ Նեթանիահուն պատերազմի երկրորդ օրը կոչով դիմել է Իրանի ժողովրդին. «Սա ձեզ համար բացառիկ հնարաւորութիւն է՝ ոտքի կանգնելու»։ Իսկ յաջորդ օրը նա բացայայտ ասաց, որ մեր նպատակը «իրանեան ռեժիմը փոխելն» է»։
Լարիջանին յաւելել է. «Սակայն տեղի ունեցածը նրանց սպասածի հետ կապ չունեցաւ։ Ղեկավարութեան ճկունութեամբ նոր հրամկազմն անմիջապէս փոխարինւեցին, ուժերը բարձր մարտական ոգով մտան գործողութիւնների, եւ սիոնիստական ռեժիմին տրւեցին ծանր հրթիռային պատասխաններ։ Այս արձագանքը ցոյց տւեց, որ թշնամու հաշւարկները երկրի պաշտպանական հզօրութեան փլուզման վերաբերեալ լիովին սխալ էին»։
Լարիջանին ընդգծել է. «Այս պատերազմը պէտք է որպէս պատմական դաս մնայ ժողովրդի ու պաշտօնեաների մտքում։ Ամերիկացիների խաբէութիւնը, Իսրայէլի հետ լիակատար համակարգւած լինելը եւ ռազմական յարձակման համար բանակցային գործիքների օգտագործումը: Այս ամէնը ապացոյցն էր այն բանի, որ միջազգային ասպարէզում ուժը, զգօնութիւնը եւ միասնութիւնը Իրանի արժանապատւութեան ու անվտանգութեան պահպանման բանալիներն են»։
Լարիջանին որպէս կարեւոր իրադարձութիւն եւ ճակատագրական օր, յիշեցրեց պատերազմի առաջին երկուշաբթի օրւայ դէպքերի մասին: «Երկուշաբթի՝ յունիսի 16-ին, պատերազմի չորրորդ օրը կարելի է բնութագրել որպէս ռազմական եւ քաղաքական հաւասարումների շրջադարձային օր: Այս օրը Իրանն անցաւ նոր տեսակի հրթիռային պատասխանի, որը խիստ արդիւնաւէտ էր, իսկ թշնամին միաժամանակ մշակեց Իրանի քաղաքական կառուցւածքը կազմաքանդելու ծրագիր: Միւս կողմից G7 գագաթնաժողովը յայտարարութիւն տարածեց՝ աջակցելով Իսրայէլի «ինքնապաշտպանութեան իրաւունք»-ին, իսկ արեւմտեան պաշտօնեաները, ինչպիսիք են Մակրոնն ու Թրամփը, յստակօրէն պաշտպանեցին Թել Աւիւի քաղաքական վերնախաւին»։
Նա շարունակել է. «Նոյն օրը Նեթանիահուն յայտարարեց, որ Իրանի ղեկավարութեան սպանութիւնը վերջ է դնելու լարւածութեանը: Գործողութիւն իրականացւեց նաեւ Ազգային անվտանգութեան Գերագոյն խորհրդի դէմ, որի նպատակն էր վերացնել երկրի բոլոր ղեկավարներին: Սակայն այս գործողութիւնը ձախողւեց»։
Անդրադառնալով ժողովրդի ինքնաբուխ համախմբւածութեանը, Լարիջանին շարունակեց. «Հակառակ թշնամու ենթադրութիւններին, ով սպասում էր ներքին պառակտմանն ու բողոքի ցոյցերին, Իրանի ժողովուրդը, անկախ քաղաքական պատկանելութիւնից, ցուցաբերեց աննախադէպ համախմբւածութիւն։ Նոյնիսկ մեր իմացած «ընդդիմութիւնը» կանգնեց Իրանի կողքին։ Այս արձագանքը պայմանաւորւած չէր միայն թշնամու նկատմամբ ատելութեամբ, այլեւ արմատաւորւած էր իրանցիների հին քաղաքակրթութեան ու ազգային ինքնութեան բարձր գիտակցութեան մէջ»։
Ազգային զգօնութեան փաստին անդրադառնալով նա ընդգծել է. «Ե՛ւ կառավարութիւնը, ե՛ւ լրատւամիջոցները պէտք է լայնօրէն մեկնաբանեն կատարւած իրողութեան եւ վտանգների մասին, յատկապէս անվտանգութեան ուժերի, գիտնականների ու փորձագէտների, որոնք կարող են գտնւել թշնամու թիրախի շառաւիղում։ Սակայն թշնամուն չի յաջողւի, քանի որ իրանցիներն աւելի վճռական են դառնում, երբ բախւում են նման բռնութիւնների ու ճնշումների»։
Լարիջանին եզրափակելով՝ նշել է. «Թշնամին չգիտի իրանցիների ոգին։ Երբ նրանք փորձել են վախեցնել ժողովրդին ահաբեկչութեան կամ բռնութիւնների միջոցով, արդիւնքը հակառակն է եղել: Իրանցիներն այդպէս աւելի հակւած են՝ թշնամուն ծնկի բերելու համար»։