ԻրանՔաղաքական

Նախագահ Փեզեշքիան. «Սա ազգային համաձայնութեան եւ համերաշխութեան կառավարութիւն է, կոչ եմ անում քւէրկել նրա օգտին»

Խորհրդարանն անցել է նախարարների թեկնածուների որակաւորման քննութեանը

«ԱԼԻՔ» – Երէկ՝ օգոստոսի 17-ին,մեկնարկեց 14-րդ կառավարութեան նախարարի թեկնածուների որակաւորումների քննութիւնը:

Խորհրդարանի ներքին կանոնադրութեան համաձայն, նախ ելոյթով հանդէս եկաւ Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը պաշտպանեց խորհրդարանին ներկայացւած կառավարութեան կազմը:

Շեշտելով, որ կառավարութիւնը ձեւաւորւել է հաւաքական իմաստութեան եւ բարձր մակարդակում խորհրդակցութեան արդիւնքում, նախագահը նշել է, որ խորհրդարանին առաջարկել է իր կառավարութիւնում ամբողջ Իրանի ժողովուրդը ներկայացնող նախարարների թեկնածուների ցանկը, որը նա անւանել է «ազգային համաձայնութեան եւ համերաշխութեան կառավարութիւն»:

«Ազգային համաձայնութեան եւ համերաշխութեան կառավարութիւնը պարտաւոր է ապահովել Իրանի ամբողջ ժողովրդի քաղաքացիական իրաւունքները եւ հաւատարիմ է ազգային շահերի պաշտպանութեանը»,- ասել է նա:

խորհրդարանին կոչ արեց վստահել կառավարութեան կազմին. «Կոչ եմ անում խորհրդարանին քւէարկել կառավարութեան կազմի օգտին, որպէսզի շարժւենք այն ուղիով, որը յստակեցրել է Յեղափոխութեան առաջնորդը: Անհրաժեշտ է մի կողմ թողնենք նախկին խնդիրներն ու բարդոյթները, քանի որ ընթացիկ քաղաքականութեամբ ու միջոցառումներով երկրում առկայ խնդիրները չեն լուծւի։ Եթէ ցանկանում ենք բարելաւել իրավիճակն ու կարգաւորել խնդիրները, ապա պէտք է ներգրաւենք բոլորին»:

Փեզեշքիանը զգուշացրեց, որ եթէ ժողովրդի ձայնը ժամանակին չլսւի, ապա հիասթափութիւն կառաջանայ, որը կը կործանի յոյսն ու հաւատքը. «Ամբողջ խնդիրն այն է, որ ժողովուրդը պէտք է գոհ լինի, եւ մենք ենք այդ գոհունակութեան ձեւաւորման միջոցը»:

Նա նշել է, որ շատ լաւ գիտի առաջարկւած նախարարներին, եւ հաւաստիացրել է, որ որեւէ խնդրի դէպքում նրանք լինելու են պայքարի առաջին գծում, եւ ոչինչ չեն խնայի պաշտպանելու երկիրն ու Յեղափոխութեան առաջնորդին:

Նախագահի ելոյթից յետոյ, 5 կողմ եւ 5 դէմ պատգամաւորների առիթ տրւեց 15 րոպէի սահմանում ներկայացնելու իրենց տեսակէտները:

Դէմ արտյայատւած պատգամաւորները հիմնականում շեշտեցին, որ նախագահի ելոյթը ոչնչով չէր տարբերւում իր նախընտրական ելոյթներից, եւ որ նա կառավարութեան ապագայ գործունէութեան համար չներկայացրեց որեւէ ծրագիր, եւ բաւարարւեց նշելով, որ կառավարութիւնն առաջնորդւելու է զարգացման 7-րդ ծրգարի նախանշած սկզբունքներով:

Ուշագրաւ էր յատկապէս Բուքանի պատգամաւորի ելոյթը, որի ընթացքում նա նախագահին քննադատեց այն բանի համար, որ Կառավարութեան կազմում ներառւած չեն էթնիկ, կրօնական եւ դաւանանքային փոքրամասնութիւնների ներկայացուցիչները:

Կողմ արտայայտւած պատգամաւորներն էլ շեշտեցին այն հանգամանքը, որ ներկայացւած կառավարութեան կազմը ներառում է բոլոր քաղաքական հոսանքներին եւ տարբեր մօտեցումների լայն շրջանակ, ինչը «ազգային համերաշխութեան» կարգախօսի մարմնաւորումն է:

Շարունակութեանը, խորհրդարանն լսելով համապատասխան մասնագիտական յանձնաժողովների զեկոյցը, զբաղւեց կրթութեան նախարարի թեկնածու Ալիռեզա Քազեմիի եւ Կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարի թեկնածու Սաթար Հաշեմիի որակաւորումնների քննութիւնը:

Ուշագրաւ էր այն փաստը, որ պատգամաւորներից ոչ մէկը դէմ չարտայայտւեց Կրթութեան նախարարի թեկնածու Ալիռեզա Քազեմիին, իսկ կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարի թեկնածու Սաթար Հաշեմիի որակաւորման մասին դրական արտայայտւեց խորհրդարանի Արդիւնաբերութեան եւ հանքարդիւնաբերութեան յանձնաժողովի խօսնակը: Փոխարէնը՝ Մշակոյթի յանձնաժողովի խօսնակը յայտարարեց, որ յանձնաժողովը չի վստահում Սաթար Հաշեմիի որակաւորմանը:

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խորհրդարանը կը քննի Անվտանգութեան նախարարի թեկնածու Սէյէդ Էսմայիլ Խաթիբի եւ Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի թեկնածու Աբդօլնասէր Հեմաթի որակաւորումը:

Եթէ ժամանակը բաւարարի, ապա խորհրդարնն այսօր կը քննի Արտաքին գործերի նախարարի թեկնածու Սէյէդ Աբբաս Արաղչի որակւորումը եւս:

Related Articles

Back to top button