Գեղամ Մանուկեան. «Գործ ունենք անկանխատեսելի, անհաւասարակշիռ անձի հետ»
«ԱԼԻՔ» – 168.am-ը ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանի հետ զրոյցել է ՀՀ ուժային եւ իրաւապահ համակարգում տեղի ունեցած վերջին աղմկահարոյց պաշտօնանկութիւնների մասին, փորձելով պարզել՝ թէ դրանք նախընտրակա՞ն, քաղաքակա՞ն, անձնակա՞ն, թէ՞ համակարգային տրամաբանութեան մէջ են:
Յիշեցման կարգով նշենք, որ Գեղամ Մանուկեանը ուժային եւ իրաւապահ համակարգի ղեկավարների մասնակցութեամբ ԱԺ լսումների ժամանակ զգուշացրել էր նրանց՝ Նիկոլ Փաշինեանը ցանկացածին պատրաստ է զոհաբերել. «խցանիչի նման թռցնելու է»:
«Մէկ ամիս առաջ ԱԺ-ում ուժային կառոյցների ղեկավարների մասնակցութեամբ լսումների ժամանակ յստակ կանխատեսել էի այս իրավիճակը: Ձեւակերպումը մի քիչ կոպիտ կարող էր հնչել այդ պահին, բայց ճիշտ իրավիճակի գնահատումն էր: Անցնող բոլոր տարիներին Նիկոլ Փաշինեանի կադրային քաղաքականութիւնը եղել է ամբողջութեամբ գաղտնի՝ մէկ անձի կամակորութեամբ, մէկ անձի որոշումով, հանրութեանը որեւէ բացատրութիւն չտալով: Եւ յարափոփոխ փոփոխութիւններն ուժային կառոյցներում բերել են անդառնալի բացասական հետեւանքների՝ ինչպէս 44-օրեայ պատերազմի ժամանակ, այնպէս էլ՝ երկրի անվտանգային համակարգում ընդհանրապէս: Եւ, ինչպէս վերեւում յիշատակեցի, ԱԺ լսումների ժամանակ ձեւակերպել էի, որ նրանց «խցանիչի նման» Փաշինեանը հանելու է՝ յանուն սեփական իշխանութեան:
Իրականում շատ դժւար է քաղաքագիտական բացատրութիւն տալ, որովհետեւ մենք գործ ունենք անկանխատեսելի, անհավասարակշիռ անձի հետ: Եւ այս որոշման հիմքում տեղաւորւում է ե՛ւ նախընտրականը, ե՛ւ Փաշինեանի այն գժական քաղաքականութիւնը, որը ձեւակերպւում է հետեւեալ բանաձեւով, եւ որը շատ յաճախ ԱԺ–ում ենք հնչեցրել՝ «խեղճ հարիֆն ի՞նչ անի, կողքինները չեն աշխատում»: Դժւար է ասել, թէ այս ուժային եւ քննչական կառոյցների ղեկավարները, նաեւ՝ Գնէլ Սանոսեանն (Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախկին նախարար-ԽՄԲ.) ուր կը տեղափոխւեն: Չի բացառւում, որ կարճ ժամանակ յետոյ մէկ ուրիշ տաքուկ պաշտօն գտնեն, ինչպէս եղաւ Պետական պահպանութեան ծառայութեան ղեկավար, գեներալ Սարգիս Յովհաննիսեանի դէպքում, ինչպէս եղաւ Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէնի դեպքում, որոնց հերթով տեղաւորեցին էներգաբլոկին վերաբերող ձեռնարկութիւններում՝ որպէս երեւի տաղանդաւոր «էներգետիկներ»: Քեարամեանի դէպքում հեշտ է, նա կարող է ամէն պաշտօնում էլ լինել, ինչպէս անցնող տարիներին զբաղեցրել է»,- նշել է Գեղամ Մանուկեւանը՝ յիշեցնելով ՀՀ կառավարութեան այն նիստը, որի ժամանակ Նիկոլ Փաշինեանն իրեն համարել էր «քեասիբի ռադիօ»:
«Ինքն իրեն խայտառակ գնահատական տւեց՝ համարելով «քեասիբի ռադիոյի» նման խօսող: Սա ամբողջութեամբ արտայայտում է պետական կառավարման համակարգի մերկութիւնը եւ չգոյութիւնը: Այդ ջղաձգումների պատճառ կարող են լինել բիւջէի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմութեան փաստարկւած այն բոլոր ձեւակերպումները եւ հիմնաւորումները, որոնք ներկայացնում էինք, որ իրականում պետական համակարգ գոյութիւն չունի, իրականում ամբողջ այդ գործունէութիւնը տապալւած է»,- եզրափակել է Մանուկեանը: