Հայաստան - ԱրցախՔաղաքական

Աննա Գրիգորեան. «Նիկոլի ամենօրեայ գործիքները չեն հարւածի Նիկոլին. նրանք ընդամէնը պեշկաներ էին»

Հայաստանում մէկ օրում վեց հրաժարական է արձանագրւել. պաշտօնները լքել են Ներքին գործերի նախարար Վահէ Ղազարեանը, Քննչական կոմիտէի նախագահ Արգիշտի Քեարամեանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասեանը, Հակակոռուպցիոն կոմիտէի նախագահ Սասուն Խաչատրեանը, ԲԴԽ նախագահ Կարէն Անդրէասեանը, եւ Տարածքային կառավարման նախարար Գնէլ Սանոսեանը։

Նշենք, որ այս հրաժարականները յաջորդեցին ուրբաթ օր Կառավարութեան նիստի ժամանակ Փաշինեանի արած մի շարք կոշտ ձեւակերպումներին, որոնցով վերջինս սուր քննադատութեան ենթարկեց ուժային համակարգը՝ շեշտելով՝ ինքը «քեասիբի ռադիօ չէ», որ ինչ ասի, դա շարունակելու է չկատարւել, որ իր համբերութեան բաժակը լցւել է, որ այլեւս լինելու են ոչ թէ խորհրդակցութիւններ, այլ հետեւանքներ, որ չի՛ կարող «պետութեան մէջ որեւէ մէկը թպրտալ»։

Այս հրաժարականները պաշտօնեաներին թպրտալու հնարաւորութիւնից որոշներին զրկելո՞ւ, թէ՞ սեփական անկում ապրող վարկանիշը փրկելու համատեքստում պէտք է դիտարկել, 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարը փորձել է ճշտել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանից։

«Սա ստաբիլ նիկոլական վարքագիծ է, որպէսզի իբրեւ թէ ցոյց տայ, թէ ինքը որեւէ բանի համար մեղաւոր չէ։ Ասում ենք, որ Հայաստանում կրիմինոգեն վիճակը խայտառակ է, ինքն իրեն արդարացնելու համար նշանակում է մեղաւորներ։ Միաժամանակ, Փաշինեանն առաջիկայ քաղաքական զարգացումներին ընդառաջ՝ փորձում է կերպարանափոխւել եւ հանրութեանը տալ ուղերձ առ այն, թէ ինքը նոյն Նիկոլն է, որը եկել էր 2018 թւականին յեղափոխութիւն անելու, վիճակ փոխելու, պարզապէս ինքն ի՞նչ մեղք ունի, որ իր կողքի մարդիկ դա չեն կարողանում իրականութիւն դարձնել։

Կառավարութիւնում չկան առանձին պաշտօնեաներ, կայ մէկ Նիկոլ Փաշինեան, որը զբաղեցնում է ե՛ւ Քննչական կոմիտէի ղեկավարի, ե՛ւ Ներքին գործերի նախարարի եւ այլ պաշտօններ։ Մնացած բոլորն ընդամէնը, շախմատային լեզւով ասած, պեշկաներ էին, որոնց Փաշինեանը զոհաբերում է՝ սեփական ռէյտինգը բարձրացնելու համար»,- ասել է Գրիգորեանը։

Հարցին՝ թէ ինչո՞ւ է Փաշինեանն ազատւել յատկապէս այն մարդկանցից, որոնք իր կողքին են եղել Արցախի 44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում, աւելին՝ իրենց հրապարակային խօսքում մշտապէս արդարացրել են Փաշինեանի արարքները, Գրիգորեանն արձագանգել է.

«Փաշինեանն ունի բազմաթիւ կոմպրոմատներ այդ մարդկանց վրայ, օրինակ, եթէ Քեարամեանը փորձի կոմպրոմատ բանեցնել, ապա Փաշինեանն ունի բազմաթիւ կոմպրոմատներ՝ հէնց նոյն Քեարամեանի դէմ, չէ՞ որ Քեարամեանը մի պաշտօնեայ է, որը յստակ հրահանգներ է ստացել մարդկանց վրայ քրէական գործեր կարելու համար։

Այնպէս որ, պաշտօններից հեռացւած այս մարդիկ պէտք է յստակ իմանան՝ իրենք մեղսակից են Փաշինեանի հետ։ Իրենց արարքներն արժանանալու են իրաւական գնահատականի։ Չեմ կարծում, որ այս մարդիկ այնքան համարձակութիւն կունենան, որ ասեն բաներ, որոնք կը հարւածեն Փաշինեանին։

Չեմ կարծում, որ Նիկոլի ամենօրեայ գոծիքները դուրս կը գան իր դէմ։ Նրանցից իւրաքանչիւրը՝ որպէս անհատականութիւն, ոչինչ է։ Փաշինեանը նրանց ժերտւայ է տւել։ Կարծում եմ՝ Փաշինեանն ունի քաղաքական հոտառութիւն, նա քաղաքական կենդանի է եւ շատ լաւ է հասկանում հանրութեան մէջ տիրող տրամադրութիւնները, աշխարհաքաղաքական զարգացումները։ Նա վտանգ է տեսնում իր աթոռը պահելու հարցում, ուստի դիմում է նման քայլերի»։

Related Articles

Back to top button