Ռուբէն Վարդանեանը հրաժարւել է պատասխանել դատաւորի հարցերին՝ ի նշան իրեն առաջադրւած շինծու մեղադրանքների դէմ բողոքի

«ԱԼԻՔ» – Բաքւի զինւորական դատարանում փետրւարի 17-ին շարունակւել է Ադրբեջանում ապօրինի պահւող Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այս մասին յայտնում է Tert.am-ը՝ ադրբեջանական լրատւամիջոցներին յղումով։
Նիստի սկզբում Ռուբէն Վարդանեանը եւ նրա պաշտպան Աբրահամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել հանդիպման համար։ Դատարանը բաւարարել է միջնորդութիւնը եւ յայտարարել ընդմիջում, որից յետոյ Ռուբէն Վարդանեանն ու նրա պաշտպանը դատաւորների կազմի ինքնաբացարկի միջնորդութիւն են ներկայացրել։
Մեղադրող դատախազներ Վուսալ Ալիեւը եւ Ֆուադ Մուսաեւը, որոնք պաշտպանում են պետական մեղադրանքը, միջնորդութեան վերաբերեալ նշել են, որ նախորդ դատական նիստում նոյնաբովանդակ միջնորդութիւն է քննարկւել եւ համապատասխան որոշում է կայացւել եւ խնդրել են մերժել միջնորդութիւնը։
Նիստը նախագահող դատաւորը Ռուբէն Վարդանեանին հարցրել է՝ արդեօ՞ք իրեն մեղաւոր համարում է։ Ռուբէն Վարդանեանը հրաժարւել է պատասխանել հարցերին՝ ի նշան իրեն առաջադրւած շինծու մեղադրանքների դէմ բողոքի։
Յաջորդ դատական նիստը նշանակւել է փետրւարի 25-ին։