Շուշիում ոչնչացւել են Տանկ-յուշարձանի տարածքում գտնւող խաչքարերը
«ԱԼԻՔ» – Շուշիում ոչնչացւել են Տանկ-յուշարձանի տարածքում գտնւող խաչքարերը: Այս մասին ահազանգել է Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը.
«2023 թւականի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազաւթումից յետոյ ադրբեջանական կողմը առաջին հերթին ցուցադրաբար ապամոնտաժեց Շուշի քաղաքի մօտ գտնւող յայտնի տանկ-յուշարձանը։ Յիշեցնենք, որ Տանկն Արցախի ազատագրական պայքարի սիմւոլն էր, յաղթանակի խորհրդանիշը, որտեղ յարգանքի տուրք էին մատուցում Շուշիի ազատագրական պայքարում նահատակւած հերոսների յիշատակին։ Բայց, 2023 թւականի սեպտեմբերին պարզ դարձաւ, որ Ադրբեջանը ապամոնտաժել, ապա ոչնչացրել է Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին տեղադրւած տանկը, ժառանգութեան ոչնչացմամբ վտանգելով նաեւ յաղթանակի յիշողութիւնը սերունդներին փոխանցելու հնարաւորութիւնը։
Իսկ վերջերս, ադրբեջանցի բլոգեր Քեամրան Ռազմովարը տանկ-յուշարձանի մօտից տեսանիւթ է հրապարակել, որտեղ երեւում է, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է նաեւ յուշարձանի մօտ տեղադրւած խաչքարերը, զոհւած ազատամարտիկների անունները յաւերժացնող յուշատախտակները: Մասնաւորապէս, փշրւած է 44-օրեայ պատերազմում Քարինտակում զոհւած Յակոբ Յարութիւնեանի յիշատակին տեղադրւած 2021 թւականին տեղադրւած խաչքարը, ինչպէս նաեւ տարածքում կանգնեցւած միւս խաչքարերը:
Ադրբեջանի համակարգւած արշաւն այս ուղղութեամբ յատկապէս ընդգծւում է մի քանի նշանակալից խաչքարերի ոչնչացմամբ։ Դրանց թւում են դեռեւս 2020 թւականին ոչնչացւած Հադրութի շրջանի Առաքել գիւղի խաչքարի, քաղաքի ազատամարտիկների յուշահամալիրի խաչքարի, Լաչինի պատմական գերեզմանոցի 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպէս նաեւ 15-16-րդ դարերով թւագրւող մի շարք խաչքարերի ոչնչացումներով։ Բացի այդ, ոչնչացւել են նաեւ Շուշիի հայ-յունական հին գերեզմանոցի 12-13-րդ դարերի եզակի խաչքարերը եւ այլ շրջաններում գտնւող խաչքարեր»,- գրել է կայքը: