Սերգէյ Մելքոնեան. «Պատերազմին մօտեցնող գործօնները»
Միջազգայնագէտ Սերգէյ Մելքոնեանը տելեգրամի իր ալիքում գրել է.
«1. Փաշինեանի յայտարարութիւնը, որ Հայաստանն Ուկրաինայի հակամարտութիւնում Ռուսաստանի դաշնակիցը չէ։
Նման յայտարարութիւնն կոչւած է իբր Երեւանին ներկայացնել որպէս հակամարտութեան չէզոք կողմ։ Այնուամենայնիւ, դա այդպէս չէ:
Այս յայտարարութիւնից անմիջապէս յետոյ Զելենսկու այցը Երեւան ցոյց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն յայտարարում է չէզոք դիրքորոշում, այլեւ ցոյց է տալիս կողմերից մէկի նկատմամբ նախապատւութիւն:
2. Փաշինեանի յայտարարութիւնը, թէ Ուկրաինայի հակամարտութիւնը պէտք է լուծւի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրայ, նշանակում է, որ Երեւանի դիրքորոշումը հետեւեալն է. Ռուսաստանը պէտք է հեռանայ Ղրիմից, Դոնբասից եւ այլ տարածքներից։
Սա արդէն քաղաքական յայտարարութիւն է, որը նաեւ ցոյց է տալիս Հայաստանի դիրքորոշումը։
3. Փաշինեանի յայտարարութիւնը, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցութիւնը ՀԱՊԿ-ում: Իրականում դա արդէն կատարւած փաստ է։ Սակայն այս յայտարարութիւնը քաղաքական մեսիջ է Արեւմուտքին, որ Երեւանը գնում է կապերի խզման Մոսկւայի հետ։
Հաւանաբար, նման յայտարարութիւնները կոչւած են ստանալու Բրիւսէլի եւ Վաշինգտոնի աջակցութիւնը։
Խնդիրն այն է, որ այն երաշխիքները, որոնք այսօր մեզ անհրաժեշտ են, ոչ ոք պատրաստ չէ տրամադրել: Ընդորում, խզման գործընթացը Թուրքիան եւ Ադրբեջանը օգտագործում են որպէս հնարաւորութիւնների հերթական պատմական պատուհան։
Ագրեսիայի դէպքում Ռուսաստանը կարող է ձեռնպահ մնալ Հայաստանի համար անվտանգութեան պարտաւորութիւնների կատարումից, որը գնում է յարաբերութիւնների խզման եւ Արեւմուտքի կողմից սպասում է երաշխիքների, իսկ Արեւմուտքն ինքը ոչ մի իրական երաշխիք չի խոստացել, Ադրբեջանին վստահելի գործընկեր է համարում, չի «պատժել» նրան Արցախում էթնիկ զտումների համար եւ շնորհաւորել Ալիեւին «վերընտրւելու» կապակցութեամբ։
Այսինքն՝ նոր դաշնակից այստեղ եւ հիմա չենք ստանում, բայց առկայ զսպող մեխանիզմը թուլացնում ենք։ Ինչ-որ հովանոցի բացակայութիւնը վերածւում է հարւածելու մեծ գայթակղութեան եւ հետեւանքները մեզ համար չափազանց ակնյայտ են»։