Կը վերացնենք Հայաստան կոչւող «ռումբը». Բաքուն «պատերա՞զմ» է յայտարարում
ԱՐԱ ԱԼՈՅԵԱՆ
Մինչ հայկական շրջանակներում վերլուծում, իսկ առանձին դէպքերում՝ համարժէք արձագանգ են առաջարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ տեղական հեռուստաալիքներին տւած հարցազրոյցում Հայաստանի հասցէին հնչող սպառնալից եւ ռազմատենչ յայտարարութիւններին, այդ երկրի մասմեդիան, եւ ոչ միայն, առանձնակի ոգեւորութեամբ, հակահայ կոյր ատելանքով շրջանառում է Բաքւի բռնապետի տարբեր վտանգաւոր մտքերը եւ առայժմ քաղաքական-տեղեկատւական «պատերազմ» յայտարարում հայկական կողմին:
«Նախագահ Ալիեւն անդրադարձաւ նաեւ այնպիսի պայթիւնավտանգ խնդրին, ինչպիսին է ռեւանշիստական տրամադրութիւնները Երեւանում, գրում է ադրբեջանական իշխանամէտ պարբերականներից մէկը՝ Մինւալ-ը եւ մէջբերում իրենց երկրի ղեկավարի խօսքերը.
«Նրանք ապրում են ռեւանշիստական գաղափարներով, իսկ Հայաստանն իրականում սպառնալիքի աղբիւր է տարածաշրջանի համար։ Հայկական անկախ պետութիւնը, ըստ էութեան, ֆաշիստական պետութիւն է: Մեր դէմ 30-ամեայ օկուպացիոն քաղաքականութիւնը միայն Հայաստանի արդիւնքը չէ. սա իսլամաֆոբ, ադրբեջանաֆոբ, ռասիստական, այլատեաց շրջանակների եւ նրա հետ համերաշխ օտար երկրների ներկայացուցիչների համատեղ արդիւնքն է։ Նման ֆաշիստական պետութեան հետ մենք հարեւաններ ենք, եւ ֆաշիզմի սպառնալիքը չի վերանում։ Ահա թէ ինչու պէտք է ոչնչացնել ֆաշիզմը։ Այն կը կործանի կամ Հայաստանի ղեկավարութիւնը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»:
Ինչպէս պնդում է Ալիեւեան ռեժիմի քարոզչական բութ գործիք լրատւամիջոցը, «Ադրբեջանն ունի բոլոր հիմքերը Հայաստանին անւանելու ֆաշիստական պետութիւն»:
«Օրեր առաջ, իսկ այդ մասին խօսւել է նաեւ Իլհամ Ալիեւի հետ հարցազրոյցում, հրապարակւել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի յայտարարութիւնները (իրականում խօսքը «Լեւոն Տէր-Պետրոսեանի ելոյթը Երկրապահի առաջին համագումարում. 23-24 յուլիս, 1993 թ.» տեսանիւթի մասին է, որը իւթուբում զետեղւել է շուրջ մէկ ամիս առաջ – Խմբ.), որտեղ նա ադրբեջանցիների էթնիկ զտումները որակում է հայ ժողովրդի դարաւոր երազանքի իրականացում, ինչպէս նաեւ շնորհաւորում է հայ մարտիկներին Աղդամ (հայկական անւանումը՝ Ակնա) քաղաքի գրաւման կապակցութեամբ»,-նշւած է յօդւածում:
Ադրբեջանական կայքը «ռազմական յանցագործներ է» բնութագրում ՀՀ նախկին երեք նախագահներին՝ Տէր-Պետրոսեան, Ռոբերտ Քոչարեան եւ Սերժ Սարգսեան:
Հրապարակման հեղինակը շեշտում է, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանի գործող վարչապետ Փաշինեանին մեղադրել է ֆաշիստական տրամադրութիւնների մէջ։ Վերյիշել են՝ 44-օրեայ պատերազմի նախօրէին յայտարարել է, թէ Արցախը Հայաստան է եւ վերջ, որով, ըստ ալիեւեան սազանդարների պնդման, բանակցային գործընթացը խափանւել է:
«Հէնց Փաշինեանն է իր թիմում հաւաքել նոր պատերազմի կողմնակիցներին՝ առաջին հերթին Դաւիթ Տօնոյեանին եւ Վաղարշակ Յարութիւնեանին։ Եւ վերջապէս, չմոռանանք, որ 2020 թւականի սեպտեմբերի 27-ին Հայաստանը սկսեց պատերազմը, եւ սա պէտք է լինէր նոյն այն «նոր տարածքների համար նոր պատերազմը», ինչ խոստացել էր Փաշինեանի պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը»,- շարունակում է Մինւալ-ի յօդւածագիրը։
Ադրբեջանական պարբերականը յատուկ դրւատանքով ու հպարտութեամբ յիշեցնում է իր երկրի բանակի՝ Արցախում 2023 թ. սեպտեմբերին իրականացւած այսպէս կոչւած «հակաահաբեկչական գործողութիւնների» մասին, որի նպատակն, իբր, հայկական կողմից հասունացող հերթական վերահաս «սպառնալիք» վերացնելն ու տարածքային ամբողջականութեան վերականգնելն էր:
Մինչդեռ հէնց այդ ակտը եղաւ իրապէս ֆաշիստական Ադրբեջանի ու նրա արիւնարբու ղեկավարի վերջին արարը՝ պատմական Արցախը բռնազաւթելու, իսպառ հայաթափելու համար, դրսեւորելով էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականութեան անվիճելի գործողութիւններ:
Սպառնում են նաեւ՝ Հայաստանը «ճիշտ հետեւութիւններ» չի արել ոչ 44-օրեայ պատերազմից, ոչ էլ՝ սեպտեմբերեան յայտնի իրադարձութիւններից յետոյ եւ կրկին ապաւինում է «ռեւանշիզմին»: Պնդում, թէ Երեւանում շարունակում են ակտիւօրէն գործել «արցախեան ռեժիմի որոշ ներկայացուցիչներ»: Բացի այդ, ինչպէս նշւում է յօդւածում, Փաշինեանն, ըստ էութեան, ոչ միայն մտադիր չէ խաղաղութեան պայմանագիր կնքել, այլեւ բանակի շարունակական սպառազինութեամբ «նոր լարւածութիւն է ստեղծում տարածաշրջանում»:
Այդ է պատճառը, որ Ալիեւը պահանջում է Հայաստանին զէնք մատակարարած երկրներին, այդ թւում՝ Ֆրանսիային, ետ վերադարձնել իրենց սպառազինութիւնը, գրում է Մինւալ-ը:
«Հայաստանն, ըստ էութեան, վերածւել է «ընթացիկ ռումբի», որը սպառնում է ոչ միայն եւ ոչ այնքան Ադրբեջանին, որքան տարածաշրջանի բոլոր երկրներին։ Իսկ Ադրբեջանը չի համակերպւի իր քաղաքացիների անվտանգութեան մշտական սպառնալիքի հետ։ Հայաստան կոչւող «ընթացիկ ռումբը» պէտք է վնասազերծւի, թոյլ չտալով, որ այն նորից պայթի տարածաշրջանում։ Երեւանը հնարաւորութիւն ունի հրաժարւելու վտանգաւոր խաղերից, խուսափելու նոր սրացումից եւ, ի վերջոյ, անցնելու իր հարեւանների հետ խաղաղ ապագայի եւ նորմալ յարաբերութիւնների կառուցմանը։ Բայց եթէ Հայաստանը շարունակի կրակի հետ խաղալ եւ հատի «կարմիր գիծը», ապա Ադրբեջանը ստիպւած կը լինի վնասազերծել ռումբը։ Պէտք է պայքարել ֆաշիզմի դէմ, եւ դիւանագիտութիւնն այստեղ միշտ չէ, որ օգնում է։ Եւ այո, ժամանակն անցել է»-եզրափակում է ադրբեջանական իշխանամէտ կայքը՝ փաստօրէն վերահաստատելով հայկական կողմի մտավախութիւնները, որ Ադրբեջանը հերթական հողն է նախապատրաստում իր հերթական սադրանքի համար։
Իսկ Նիկոլի՝ Ալիեւի յայտարարութիւնների կապակցութեամբ արւած պատասխաններին իմաստ էլ չկայ անդրադառնալ: «Ագրեսիային ագրեսիայով» չպատասխանելու եւ խաղաղութեան ռազմավարութեանը հաւատարիմ մնալու՝ Փաշինեանի պնդումները նոր չեն: Եթէ այդ դիրքորոշման վերահնչեցման շարժառիթները նոր են, ապա նպատակը, հաստատապէս, նոյն է, այն է՝ սպասարկել Ալիեւի շահերին եւ տուրք տալ նրա անվերջ սպառնալիքներին ու պահանջներին: Իսկ գուցէ Փաշինեանի ադրբեջանցի գործընկերն ի՞նքն է որոշել օգնել Հայաստանի ղեկավարին՝ մինչեւ վերջ կատարելու պետականակործան ծրագիրն ու թոյլ չտալ Հայաստանի ու Արցախի մասին իրապէս մտածող ազգային ուժերի ակտիւացմանը, յընթացս բացառելով նրանց իշխանութեան գալու հնարաւորութիւնը…
Հայաստանից վտարւած ադրբեջացիները պատրաստ են Երեւան գնալ, նրանց պէտք է հանդիպի Փաշինեանը, ի դէպ, իր վերջին հարցազրոյցում այս մասին նշեց նոյն Ալիեւը:
Այսինքն պատերազմի սպառնալիքի հետ միասին նա հայկական լսարանի համար դրեց սեփական «ականը»:
Եւ մեծ հարց է, ով է Հայաստանի համար իրական ու ամենավտանգաւոր ռումբն ու ականը՝ Նիկոլ Փաշինեանը՞, թէ՞ Իլհամ Ալիեւը:
«Հրապարակ»