Անդրանիկ Թեւանեան. «Նոր պատերազմ կամ նոր իշխանութիւն»
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է. «Նոր պատերազմ կամ նոր իշխանութիւն (խաղաղութիւն)․ Փաշինեանի հեռացման հրամայականը
«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանը «խաղաղութեան դարաշրջանում» յանձնեց Արցախը՝ դիմացը խոստանալով պահել Հայաստանը «խաղաղութեան խաչմերուկում»։ Սակայն ակնյայտ էր, որ Փաշինեանի «խաղաղութիւնը» ԱՄՆ նախագահ Բայդէնի վարչակարգի թելադրմամբ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի աջակցութեամբ ու ԵՄ չինովնիկ Շարլ Միշէլի միջնորդութեամբ Արցախի յանձնումն է՝ այնտեղից ռուսական զօրքերի դուրս բերման նպատակով։ Արցախի ու այնտեղի հայերի ճակատագրի վրայ բայդէնենք թքած ունեն։
Նիկոլը սպասարկում է ոչ թէ Հայաստանի շահը, այլ դրսի ուժերի ձեռքում ծառայել ու ծառայում է որպէս հակառուսական գործիք, ինչից կարողացան խուսափել, օրինակ, Վրաստանի իշխանութիւնները։
«Կոլեկտիւ Արեւմուտքին» հետաքրքրում են բացառապէս հակառուսական քայլերը, իսկ թէ ինչ կը մնայ դրանից յետոյ Ուկրաինայից, Հայաստանից կամ Սիրիայից, իրենց չի հետաքրքրում։
Հիմա Փաշինեանի դրսի տէրերի դարաշրջանն աւարտւում է։ Ալիեւը նոր դարաշրջանում ֆաշիստական նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ, քանի որ ախորժակն ուտելիս է բացւում, քանի որ Հայաստանը դեռ ղեկավարում է Նիկոլ Փաշինեանը։ Հակառակ պարագայում Ալիեւն այդպէս չէր յոխորտա։
Ալիեւը երէկ բացայայտօրէն ցոյց տւեց, որ ինքը Փաշինեանի հետ բանակցել է հետեւեալ տարբերակով․ Հայաստանը պէտք է փուլային ձեւով յանձնի իր պետականութիւնը, որպէսզի ՀՀ-ի տարածքում ձեւաւորւի «Արեւմտեան Ադրբեջան»։ Ըստ Ալիեւի՝ կա՛մ Նիկոլը կանի Բաքւի ուզածը կամովին, կա՛մ Ալիեւը կը հասնի իր ուզածին պատերազմով։
Ալիեւը Փաշինեանին առաջարկում է գնալ Հայաստանի պետականութեան ապամոնտաժման՝ հիմնւելով ուժի իրաւունքի եւ աշխարհիք արտեզինոր վերաբաժանման խաղի վայրի կանոնների վրայ։
Այս պայմաններում Հայաստանն անխուսափելիօրէն պէտք է արմատապէս փոխի վերջին 6 տարւայ իր կործանարար քաղաքականութիւնը, որի հիմքում (յատկապէս 2020–ից յետոյ) դրւած է ամէն գնով դրսի ուժերին ծառայելու եւ հակառուսական, հակաիրանական գործիք դառնալու սկզբունքը։ Այդ դրսի ուժերի առաջին դէմքերը Բայդէնի գլխաւորութեամբ հեռանում են ասպարէզից։ Նիկոլը որբ է մնացել՝ Հայաստանին թողնելով կառափնարանում յայտնւելու հեռանկարը։ Հայաստանն այժմ կանգնած է Նիկոլի միջոցով դրսի ուժերի եփած թունաւոր ճաշն ուտելու փաստի առաջ։
Ստեղծւած իրավիճակում միակ ելքը Նիկոլ Փաշինեանի հեռացումն է իշխանութիւնից (հեռացման տարբերակները մի քանիսն են)։ Իշխանափոխութեանը պէտք է յաջորդի արտաքին քաղաքականութեան փոփոխութիւնը, որը վստահութիւն կառաջացնի մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանի եւ Իրանի մօտ։
Եւ այսպէս, նոր պատերազմից ու պետութեան կորստից խուսափելու միակ տարբերակն իշխանափոխութիւնն է։ Փաշինեանի հեռացումից յետոյ միայն հնարաւոր կը լինի վերադառնալ հայ–ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման եռակողմ ձեւաչափին՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան։
Միայն ռուսական միջնորդութեամբ ու երաշխաւորութեամբ է հնարաւոր խուսափել կատաստրոֆայից։
Հայ–ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման հիմքում պէտք է ընկած լինեն 2020 թւականի նոյեմբերի 9-ին եւ դրանից յետոյ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցութեամբ ձեռք բերւած եռակողմ համաձայնագրերը։ Սա՛ է միակ տարբերակը։ Ոմանց կարող է այն դուր չգալ, ոմանք կարող են հարցեր տալ, բայց այլընտրանքը պետականութեան կորուստն է։ Սա դաժան, ոչ հաճելի, սակայն իրատեսական մօտեցում է։ Երրորդ տարբերակ, ցաւօք սրտի չկայ: Տնաբոյծ «արեւմտամետների» առաջարկներն ընդամէնը սպասարկում են թուրք–ադրբեջանական շահերը։
Յ․ Գ․ – Նիկոլ Փաշինեանի արձագանգն Ալիեւի հակահայկական յայտարարութիւններին ցնցող էր։ Նրա խօսքի հիմքում այն միտքն էր, որ Ադրբեջանն այդպէս է իրեն պահում, քանզի… Հայաստանն է մեղաւոր։ Ըստ նրա՝ Հայաստանն է մեղաւոր, որ Ադրբեջանում կարծում են, որ մենք ֆաշիստական երկիր ենք, քանզի այստեղի «որոշ ուժեր» են դրան նպաստում (պարզ է, թէ ինչ ուժերի նկատի ունի Փաշինեանը)։ Այսինքն՝ Նիկոլն արդարացրեց Ալիեւի յարձակումները՝ խոստանալով կատարել Ալիեւի պահանջները։
Նիկոլ Փաշինեանն իր ու իր ընտանիքի փրկութեան համար պատրաստ է գնալ Հայաստանի ոչնչացման, որպէսզի չդատւի։ Թէ յետոյ քանի Սողոմոն Թեհլերեան կը ծնւի, արդէն երկրորդական հարց է։ Հայաստանի կորստից յետոյ արդէն հետաքրքիր չէ, թէ ով որ շանը որտեղ կը սատկացնի։
Հայաստանն աւելի սիրող, քան Փաշինեանին ատող ուժերը պէտք է պատրաստ լինեն Նիկոլին կեանքի երաշխիքներ տալ՝ խաղաղ հեռացման դէպքում։ Հակառակ դէպքում Փաշինեանը սեփական կաշին փրկելու համար Հայաստանի կաշին կը քերթի։ Այս մասով էլ պէտք է մտածել ու սառը գլխով առաջնորդւել»։