Փաշինեանի՝ Եկեղեցու դէմ սադրանքը կարող է յանգեցնել ներհանրային բախման

«ԱԼԻՔ» – Լրատւամիջոցների եւ լրագրողական կազմակերպութիւնների ղեկավարները յայտարարութիւն են տարածել՝ ուղղւած ՀՀ-ում հաւատարմագրւած օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներին:
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
ՀՀ իշխանութիւնները՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ ու մասնակցութեամբ, ատելութեան խօսքի, զրպարտիչ նիւթերի միջոցով, տեւական ժամանակ է՝ թիրախաւորել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին (ՀԱԵ):
ՀՀ Սահմանադրութեամբ ՀԱԵ-ն անջատ է պետութիւնից, եւ որեւէ պաշտօնեայ Եկեղեցու գործերին ուղղակի եւ բացայայտ միջամտելով՝ գերազանցում է իրեն վերապահած լիազօրութիւնները, կոպտօրէն խախտում ՀՀ Սահմանադրութիւնը, օրէնքները:
«Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւնների մասին» օրէնքի 2-րդ յօդւածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նւիրապետութեան սահմաններում:
«Խղճի ազատութեան եւ կրօնական կազմակերպութիւնների մասին» օրէնքի 17-րդ յօդւածի առաջին մասի «բ» կէտի համաձայն՝ Հայաստանի Հանրապետութեան Եկեղեցին անջատւած է պետութիւնից: Սոյն հիմնադրոյթի համաձայն՝ պետութիւնը չի միջամտում Եկեղեցու օրէնքին համապատասխանող գործունէութեանը եւ ներքին կեանքին, արգելում է եկեղեցիների եւ կրօնական կազմակերպութիւնների կառուցւածքում որեւէ պետական մարմնի կամ նրա յանձնարարութիւնները կատարող անձի գործունէութիւն: Ըստ այդմ՝ պետութիւնը չի կարող խառնւել Եկեղեցու ներքին գործերին, այդ թւում՝ Կաթողիկոսին փոխելու հարց բարձրացնել:
Եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեւորականների դէմ ուղղւած արշաւն իշխանութեան, նրան սպասարկող քարոզչութեան կողմից ուղեկցւում է ոչ միայն իրաւանորմերի, այլ նաեւ հանրային բարոյականութեան, աւանդոյթների կոպտագոյն ոտնահարմամբ՝ խորացնելով առանց այդ էլ տարանջատւած հասարակութեան պառակտումը:
2018 թ. հասարակութեանը սեւերի-սպիտակների բաժանմամբ նշանաւորւած իշխանութիւնը տեւական ժամանակ է այդ տարանջատումը փորձում է կիրառել նաեւ հաւատացեալ ժողովրդին պառակտելու նպատակով: Այդ ճանապարհին միջոցների մէջ խտրութիւն չի դրւում. Ն. Փաշինեանն իր բոլոր հակաօրինական, հակաեկեղեցական գործողութիւնները ներկայացնում է՝ «որպէս եկեղեցու հաւատաւոր հետեւորդ» գործելու քարոզչական կեղծ հիմնաւորմամբ, ինչը պետութեան ղեկավարի կողմից սեփական լիազօրութիւնների վերազանցումը քողարկելու ծխածածկոյթ է:
Ատելութեան եւ թշնամանքի խօսոյթը՝ ուղղւած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ, իրականում լրջագոյն սպառնալիք են ներհանրային համերաշխութիւնը խափանելու տեսանկիւնից:
Վերջին ամիսներին եւ անցած շաբաթւայ ընթացքում մի շարք բարձրաստիճան եկեղեցականների ապօրինի կալանաւորմամբ շարունակւող արշաւը, սակայն, առաջիկայ օրերին կարող է խիստ վտանգաւոր դրսեւորում ստանալ:
ՀԱԵ-ի կողմից կարգալոյծ արւած, իրեն Նիկոլ Փաշինեանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրեանը (նախկինում Տէր Արամ քահանայ Ասատրեան) հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է յայտարարել Յովհաննավանք եկեղեցում՝ հրապարակաւ սպառնալով 10,000 մարդու ներկայութիւն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցութեան մասին յայտարարել է Նիկոլ Փաշինեանը:
Աւելի վաղ Փաշինեանն ամենակոշտ եւ գռեհիկ բառապաշարով յայտարարել է «Վեհարանն ազատագրելու» իր մտադրութեան մասին: Կան հիմնաւոր կասկածներ, որ հոկտեմբերի 26-ին ՀԱԵ-ի կողմից կարգալոյծ հռչակւած Ս. Ասատրեանի հրաւիրած ինքնահռչակ հաւաքն իշխանութիւնը կարող է օգտագործել ՀԱԵ-ի դէմ զանգւածային ակցիա իրականացնելու, ատելութեան եւ թշնամանքի նոր ալիք գեներացնելու նպատակով:
Նիկոլ Փաշինեանի եւ եկեղեցին զաւթելու փորձ ցուցաբերող նախկին հոգեւորականի հակաեկեղեցական յայտարարութիւններն ու գործողութիւնները սադրանք են՝ յղի վտանգաւոր զարգացումներով: Այդ սադրանքը կարող է յանգեցնել ներհանրային բախման` հաշւի առնելով, որ ՀԱԵ-ի հարիւր-հազարաւոր հետեւորդներ էլ կարող են հանդէս գալ ի պաշտպանութիւն Եկեղեցու:
Գործնականում, չունենալով ինստիտուցիոնալ որեւէ հակակշիռ, ամբողջութեամբ վերահսկելով իրաւապահ եւ ուժային կառոյցները, գործող իշխանութիւնը յանուն քաղաքական նպատակների, նպաստելով հանրութեան շրջանում ատելութեան մթնոլորտի աւելացմանը, կարող է դիմել արկածախնդիր քայլերի՝ դրանից բխող անդառնալի հետեւանքներով:
Տեղի ունեցողն ամբողջութեամբ հակասում է իրաւական, ժողովրդավարական պետութեան գաղափարախօսութեանը, Հայաստանում սահմանադրօրէն պաշտպանւող խղճի ու կրօնի, այդ թւում` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ քաղաքացիներիս, հոգեւոր սպասաւորների գործունէութեան ազատութեանը, եւ համարժէք հակազդեցութեան բացակայութեան դէպքում կարող է յանգեցնել ընդհուպ քաղաքացիական աղէտալի բախումների:
Մենք՝ հարիւր-հազարաւոր հաւատացեալ քաղաքացիներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներ ենք, եւ այսօր, երբ իշխանութիւնները պառակտում են մեր Եկեղեցին, հալածանքների, հետապնդումների են ենթարկում հոգեւորականներին, ում մօտ մենք մկրտւել ենք, ում քարոզները մենք լսել եւ լսում ենք, նրանց բանտարկում են, կեղեքում են, ոտնահարում են ոչ միայն նրանց, այլեւ մեր բոլորիս արժանապատւութիւնը. դա մեզ ոչ միայն խորապէս վիրաւորում է, այլեւ հարւածներ է հասցնում մեր կրօնի, խղճի, խօսքի ազատութեանը:
Հաշւի առնելով այն, որ հակաեկեղեցական գործողութիւններում իշխանութիւնները ոտնահարում են՝ ինչպէս ՀՀ սահմանադրական կարգի հիմք հանդիսացող կառուցակարգերը, այնպէս էլ՝ մարդու իրաւունքների ու ազատութիւնների պաշտպանութեան բազմաթիւ կոնւենցիաներ ու իրաւանորմեր՝ լրատւամիջոցների ներքոստորագրեալ խմբագիրներս, լրագրողական կազմակերպութիւններս, դիմում ենք Հայաստանում հաւատարմագրւած օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներին՝ կոչ անելով իրենց հասու միջոցներով թոյլ չտալ հանրային բախման իրական սպառնալիք ներկայացնող այդ միջոցառումը, յորդորել ՀՀ իշխանութիւններին հրաժարւել ներհասարակական պառակտման ներկայիս գործելաոճից եւ խստօրէն հետեւել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերն արձանագրող ՀՀ Սահմանադրութեանն ու խօսքի, խղճի, կրօնի, հաւատքի ազատութիւնը պաշտպանող միջազգային իրաւանորմերին:
Յայտարարութիւնը ստորագրել են.
- Սաթիկ Սէյրանեան- Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ, «168 Ժամ» թերթի եւ 168.am կայքի գլխաւոր խմբագիր
- Շաւարշ Գէորգեան- Հ2 հեռուստաընկերութիւն, «Լրաբեր» լրատւական ծրագրի ղեկավար
- Արմենիկա Կիւիրեան- News.am կայքի գլխաւոր խմբագիր
- Արամ Աբրահամեան- «Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր
- Նարեկ Գալստեան- 24News-ի տնօրէն
- Յարութիւն Յարութիւնեան-«5-րդ ալիք» հեռուստաընկերութեան տնօրէն
- Բորիս Մուրազի – Politik.am-ի խմբագիր
- Սեւակ Կ. Յակոբեան- Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի խմբագիր
- Սոնա Տռուզեան- «Փաստինֆօ» կայքի խմբագիր
- Ժաննա Ծառուկեան – «ԼայւՆիւզ.ամ / Livenews.am-ի գլխաւոր խմբագիր
- Փայլակ Ֆահրադեան- Irakanum.am կայքի խմբագիր
- Փիրուզա Մելիքսէթեան – Irates.am-ի գլխաւոր խմբագիր
- Անի Գէորգեան- Newday.am լրատւական կայքի խմբագիր
- Վահագն Բոյաջեան- MediaHub-ի տնօրէն
- Տաթեւ Այւազեան -Armday.am կայքի գլխաւոր խմբագիր
- Բագրատ Եսայեան- «Երկիր Մեդիայի» տնօրէն
- Արկադի Գրիգորեան- Tert.am գլխաւոր Խմբագիր
- Գէորգ Էմին-Տէրեան-Oragir.News կայքի գլխաւոր խմբագիր
- Անահիտ Ոսկանեան -Panorama.am կայքի խմբագիր
- Վահէ Սարգսեան- Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր
- Կարէն Անտինեան-Blognews.am- ի գլխաւոր խմբագիր
- Սեւակ Յակոբեան-Yerevan.Today լրատւական-վերլուծական կայքի գլխաւոր խմբագիր



