Հրանտ Միքայէլեան. «Ադրբեջանը պատրաստւում է յարձակման. Հայաստանը կրիտիկական վտանգի մէջ է»
Փաշինեանը կատարում է Լոնդոնի թելադրանքները

«ԱԼԻՔ» – Հայաստանը կրիտիկական վտանգի մէջ է գտնւում, Ադրբեջանը ռազմականացնում է օկուպացւած Արցախի տարածքը՝ Հայաստանի վրայ յարձակւելու նպատակով։ 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում այսպիսի գնահատական է տւել քաղաքագէտ Հրանտ Միքայէլեանը՝ խօսելով Հայաստանի շուրջ ստեղծւած իրավիճակի մասին։
«Հայաստանի հնարաւորութիւններն էապէս կրճատւել են 2020 թւականից յետոյ, մեր ռազմավարական խորութիւնն էապէս նւազել է, եւ դարձել ենք շատ խոցելի։ Այս իրավիճակը փոխել այս պահի դրութեամբ հնարաւոր չէ, եւ այս իրավիճակում մենք կարող ենք աշխատել միայն եղածը պահելու ուղղութեամբ, որպէսզի հետագայում փորձենք յետ բերել կորցրածը։ Բայց այս պահի դրութեամբ եղածի պահպանման մասին է խօսքը գնում, եւ չպէտք է տրւենք այն խաբէութեանը, որ ամէն ինչ նորմալ է։
Ընդհակառակը՝ Հայաստանը կրիտիկական վտանգի տակ է գտնւում։ Եթէ նոյնիսկ այսօր չեն կրակում, ապա ուղղակի այս պահի դրութեամբ իրենց ձեռնտու չէ կամ ինչ-որ բաներից վախենում են, բայց ոչ այն բանից, որ ինչ-որ մէկն իրենց ինչ-որ թուղթ ցոյց կը տայ։ Սա պէտք է գիտակցել՝ Հայաստանը կրիտիկական վտանգի տակ է, եւ այո՛, Ադրբեջանը զինւում է, Հայաստանը՝ ապառազմականացւում։ Ո՞ւմ դէմ է Ադրբեջանը կռւելու։ Կարո՞ղ է՝ գնալու է Վոլգոգրադը գրաւելու։ Իրականում՝ Հայաստանի դէմ, որովհետեւ, այո՛, Իսրայէլը շատ է ուզում, որ Ադրբեջանն Իրանի դէմ պայքարի, բայց Ալիեւն այդքան էլ յիմար չէ, որ այդպիսի արկածախնդրութեան մէջ մտնի, եւ մեծ հաշւով՝ Ադրբեջանի օրակարգը Հայաստանի դէմ է»,- մեկնաբանել է Հրանտ Միքայէլեանը՝ ընդգծելով, որ կարող է շատ հեշտօրէն ապացուցել իր այս կանխատեսումը։
Նրա խօսքով՝ Բաքւի ռեժիմն այժմ սկսում է շահագործել հինգերորդ օդանաւակայանն օկուպացւած Արցախում, ռազմականացւում է Արցախը, կառուցւում են մեծ ճանապարհներ, որոնք թոյլ են տալիս զօրքերի մեծ տեղաշարժ, կառուցւում են հոսպիտալներ, այսինքն՝ ռազմականացւում է Արցախի տարածքը՝ որպէս Հայաստանի վրայ յարձակման մեծ պլացդարմ (ռազմահենադաշտ)։
Այդուհանդերձ, քաղաքագէտն անյուսալի չի համարում Հայաստանի վիճակը՝ շեշտելով, որ Հայաստանը պէտք է ընդլայնի իր գործընկերային ցանցը եւ գտնի հնարաւորինս շատ դաշնակիցներ, որոնք դէմ են պանթուրանիզմի ծրագրի իրականացմանը։
Քաղաքագէտի գնահատմամբ՝ այս պահի դրութեամբ Հարաւային Կովկասը քիչ թէ շատ դարձել է Թուրքիայի ազդեցութեան գօտի, իսկ Հայաստանում շատ մեծ է նաեւ Մեծ Բրիտանիայի ազդեցութիւնը։
«Այս պահի դրութեամբ քիչ թէ շատ կարող ենք խօսել, որ Հարաւային Կովկասը Թուրքիայի ազդեցութեան գօտի է։ Ինչո՞ւ Թուրքիայի։ Եկէք հերթով գնանք։ Ադրբեջանում Թուրքիան ամբողջութեամբ գերիշխում է, այդ թւում՝ Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսաստանի ազդեցութիւնն Ադրբեջանում չկայ, եւ Վրաստանում գրեթէ նոյն վիճակն է։ Վրաստանում Թուրքիայի ազդեցութիւնը մի փոքր աւելի քիչ է, բայց Վրաստանի հետ Թուրքիան ունի ռազմավարական յարաբերութիւնների մակարդակ։ Բացի այդ, Վրաստանը մինչեւ հիմա դիւանագիտական յարաբերութիւններ չունի Ռուսաստանի հետ։ Շատերն ասում են, թէ Վրաստանի այսօրւայ իշխանութիւնը ռուսամէտ է, բայց դա, իմ կարծիքով, շատ քարոզչական բնոյթի յայտարարութիւն է։ Այո՛, հակառուսական չէ, բայց սա չի նշանակում, որ ռուսամէտ է։ Եւ այսպիսով տեսնում ենք, որ Վրաստանում նոյնպէս Թուրքիան աւելի ուժեղ է։
Հիմա՝ Հայաստանի հետ կապւած։ Պարզ է, որ կառուցւածքային տեսանկիւնից՝ թէ՛ տնտեսապէս, թէ՛ ռազմական յարաբերութիւնների տեսանկիւնից Հայաստանում ռուսական ազդեցութիւնը դեռ բաւական մեծ է, բայց եթէ դիտարկենք միտումները, տեսնում ենք, որ քաղաքական բոլոր ուղղութիւններով Հայաստանի իշխանութիւններն ամբողջութեամբ փորձում են գնալ դէպի Թուրքիայի հետ յարաբերութիւնների մերձեցում եւ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների խզում։ Այսպիսով, Ռուսաստանի դիրքերը նոյնիսկ Հայաստանում այսօրւայ դրութեամբ արագօրէն թուլանում են, իսկ Թուրքիայի դիրքերը Հայաստանում ուժեղանում են։ Այսպիսով, Թուրքիան այս տարածաշրջանում, կոպիտ ասած, վերահսկում է երկուսուկէս երկիր, իսկ Ռուսաստանը՝ կէս երկիր։ Հետեւաբար, Թուրքիայի ազդեցութիւնն այս տարածաշրջանում աւելի մեծ է, եւ Թուրքիան, իհարկէ, դա կարողացել է անել Արեւմուտքի աջակցութեամբ»,- մեկնաբանել է քաղաքագէտը։
Խօսելով հայ-ռուսական յարաբերութիւնների մասին՝ Հրանտ Միքայէլեանը կարծիք է յայտնել, որ այս պահի դրութեամբ Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները չի կարող որպէս դաշնակցային որակաւորել, քանի որ իրականում երկկողմ յարաբերութիւնները դէպի թշնամութիւն են գնում։ Փորձագէտի խօսքով՝ Ռուսաստանը հեշտութեամբ կարող է թշնամի դառնալ Հայաստանին։
«Ռուսաստանի իշխող վարչակարգը չի ընկալում հայաստանեան իշխող վարչակարգին եւ թշնամաբար է ընկալում։ Նոյն իրավիճակը նաեւ այստեղ է, բայց այստեղ մի տարբերութիւն կայ․ Ռուսաստանը Հայաստանին թշնամաբար վերաբերւում է որպէս Ռուսաստան, բայց Հայաստանը Ռուսաստանին վերաբերւում է ուրիշների թելադրանքով։ Այսինքն՝ այստեղ նոյնիսկ Հայաստանի տրամաբանութիւնն էական չէ, եւ այս իմաստով ես նոյնիսկ չեմ էլ կարող ասել, որ Փաշինեանը հակառուսական է։ Չեմ կարծում, որ նա ընդհանրապէս ինչ-որ «հակա»-ներ ունի։ Նա ուղղակի կատարում է այն, ինչ իրեն թելադրւում է»,- կարծիք է յայտնել քաղաքագէտը։
Հարցին՝ որտեղի՞ց են գալիս Փաշինեանի հրահանգները, քաղաքագէտը պատասխանել է՝ առաջին հերթին Լոնդոնից, ինչպէս նաեւ՝ Վաշինգտոնից եւ աւելի մօտ մայրաքաղաքներից։
«Մարդն իր ոտքով գնում է եւ մի քանի անգամ հանդիպում Մեծ Բրիտանիայի հետախուզութեան ծառայութեան ղեկավարի հետ։ Պետութեան ղեկավարը։ Ինչպէս Զելենսկին։ Եւ Մեծ Բրիտանիայի ազդեցութիւնը, ի տարբերութիւն Ֆրանսիայի, շատ մեծ է Հայաստանում։ Մենք ունեցել ենք նաեւ նախագահ Բրիտանիայից (ՀՀ 4-րդ նախագահ Արմէն Սարգսեանը.-ԽՄԲ.), բայց նաեւ ունենք բարձրաստիճան պաշտօնեաներ, որոնք Մեծ Բրիտանիայում են սովորել եւ կապեր ունեն, օրինակ՝ Աւինեանը (Երեւանի քաղաքապետ Տիգրան Աւինեանը.-ԽՄԲ.), օրինակ՝ էլի բազմաթիւ մարդիկ կան։ Այսինքն՝ Բրիտանիայի ազդեցութիւնը Հայաստանում շատ բարձր է, մասնակիօրէն՝ նաեւ Միացեալ Նահանգների, բայց ոչ Ֆրանսիայի»,- նշել է Հրանտ Միքայէլեանը։
Անդրադառնալով այն հարցին, թէ ինչպէս Հայաստանը պէտք է ներկայ իրավիճակում դիմագրաւի իր անվտանգութեան մարտահրաւէրներին, քաղաքագէտն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական այն իրողութիւնը, որը կար տարիներ առաջ, երբ Հայաստանը քիչ թէ շատ կայուն իրավիճակում էր ապրում՝ շնորհիւ Միացեալ Նահանգների համաշխարհային եւ Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանութեան, այլեւս չկայ։ Նրա խօսքով՝ Ռուսաստանի դերն այլեւս նւազել է եւ չի վերականգնւելու, Միացեալ Նահանգների համաշխարհային ազդեցութիւնը՝ նոյնպէս։
«Այս կեղծ երկընտրանքը՝ Մոսկւա թէ Վաշինգտոն, որ մեզ հասցրեց այս օրւան, մենք պէտք է մոռանանք։ Երկրորդը, աշխարհը բազմազան է, եւ պէտք է համագործակցութիւն ունենանք հնարաւորինս շատ գործընկերների հետ։ Վերջին հաշւով, աշխարհի զգալի մասը, յատկապէս՝ եւրասիական մայրցամաքում կան բազմաթիւ խաղացողներ, որոնք չեն ուզում, որ պանթուրանիզմը յաղթի, իսկ պանթուրանիզմի դէմ պայքարելու լաւագոյն եւ ամենաճիշտ տեղը Հայաստանն է։
Եւ պէտք է աշխատել ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ Հնդկաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ։ Այլ խօսքերով՝ ընդլայնենք Հայաստանի գործընկերային ցանցը, հռչակենք, որ մենք պատրաստ ենք ընդդիմանալ այս ճնշումներին, գտնենք գործընկերներին, որոնք իրականում շատ են, օգտագործենք իրենց հնարաւորութիւնները, լինենք կանխատեսելի եւ վստահելի գործընկեր, որպիսին չենք վերջին 7 տարիներին, եւ ամենակարեւորը՝ գիտակցենք, որ աշխարհը շատ աւելի մեծ է, քան Մոսկւա-Վաշինգտոն-Բրիւսել եռանկիւնին»,- եզրափակել է քաղաքագէտը։



