ԻրանՔաղաքական

Արաղչի. «Պատժամիջոցներին հակազդելու ճանապարհը տնտեսական դիւանագիտութիւնն է»

«ԱԼԻՔ» – Արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին յայտարարել է, որ Իրանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնը հարեւան երկրների հետ յարաբերութիւնների ամրապնդումն է, որը ունի ոչ միայն քաղաքական եւ անվտանգային, այլեւ տնտեսական մեծ նշանակութիւն։

Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ նա այս մասին խօսել է Մշհադում մեկնարկած նահանգային դիւանագիտութեան երկրորդ համաժողովի բացման արարողութեան ժամանակ՝ լրագրողների հետ զրոյցում։ Արաղչին նշել է, որ նահանգային դիւանագիտութեան նպատակը նահանգների ներուժի առաւել արդիւնաւէտ օգտագործումն է՝ յատկապէս տնտեսական կապերի զարգացման համար։ նա ընդգծել է, որ պատժամիջոցների պայմաններում հարեւանների հետ համագործակցութիւնը կարող է նոր հնարաւորութիւններ ստեղծել դրանց ազդեցութիւնը մեղմելու եւ չէզոքացնելու համար՝ օգտագործելով տարածաշրջանային եւ սահմանային ներուժը։

 Նրա խօսքով՝ իւրաքանչիւր նահանգ կարող է ուղղակի տնտեսական կապեր հաստատել հարեւան երկրների սահմանակից նահանգների հետ՝ ընդլայնելով առեւտրաշրջանառութիւնն ու ներդրումային համագործակցութիւնը։

Արաղչին անդրադարձել է նաեւ Իրաքի ազգային անվտանգութեան խորհրդական Ղասեմ ալԱառաջիի վերջերս կատարած այցին Թեհրան՝ նշելով, որ այն կայացել է Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարի հրաւէրով։ Նրա խօսքով՝ հանդիպումների հիմնական առանցքը եղել է երկու երկրների սահմանների անվտանգութիւնը, ինչպէս նաեւ տարածաշրջանային խնդիրները, մասնաւորապէս սիոնիստական ռեժիմի յարձակումներն ու Գազայի բնակչութեան դէմ իրականացւող յանցագործութիւնները։ Նախարարը յաւելել է, որ քննարկւել է նաեւ երկու երկրների միջեւ գործող անվտանգութեան համաձայնագրի արդիւնաւէտ իրականացման հարցը։ Արաղչին ընդգծել է, որ ինչպէս Իրանում, այնպէս էլ Իրաքում առկայ է սահմանների անվտանգութիւնն ապահովելու քաղաքական կամք։ Նա յիշեցրել է, որ ալ Աառաջին յստակ յայտարարել է՝ Իրաքը թոյլ չի տայ իր տարածքից որեւէ սպառնալիք ուղղւի Իրանի դէմ, ինչը, նրա գնահատմամբ՝ վկայում է երկու երկրների վճռական մտադրութեան մասին՝ պահպանելու սահմանների կայունութիւնն ու խաղաղութիւնը։

Related Articles

Back to top button