Երախտագիտութիւն՝ ո՞ւմ անունից

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Եթէ երկրի վարչապետը կարող է «երախտագիտութիւն յայտնել» Իլհամ Ալիեւին, ապա «հոգեւորական» գաուլայթերների տասնեակն էլ կարող է օրհնել Հէյդար Ալիեւի անւան նաւթավերամշակման գործարանի բենզինը Հայաստանում։
Սա խաղաղութեան պրոցես չէ, սա լոգիստիկ այլընտրանքի մասին չէ, սա տնտեսական դիւերսիֆիկացիայի հարց չէ։ Սա կոնկրետ որոշում է՝ ստորացնելու մի ամբողջ ժողովրդի, որի վերջնարդիւնքը պիտի լինի ներքին կեանքի ամբողջական վերահսկումն Ադրբեջանի կողմից։ Մենք շատ մօտ ենք այն բանին, որ Հայաստանի քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, գիտական եւ այլ կարեւոր ոլորտների բոլոր որոշումների կայացման մեխանիզմները լինեն Բաքւի եւ Անկարայի ձեռքում։
Մեզնից ուզում են սարքել նաւթով օծւած սոցիում։
Մենք դեռ կարող ենք այս ընթացքը թոյլ չտալ, բայց դրա սուր գիտակցումը պէտք է լինի ազգային էլիտայի մօտ։ Եւ իհարկէ, այդ գիտակցումից յետոյ՝ վարքագծային փոփոխութիւնը։
Նա մասնաւոր անձ չէ, եւ նրա յայտնած «երախտագիտութիւնը» հնչում է հայ ժողովրդի անունից, եւ այդ ժողովուրդը պիտի ռեակցիա տայ՝ կա՛մ հաւանութիւն, կա՛մ մերժում։
Պետական ինստիտուտները, քաղաքացիական ինստիտուտները, քաղաքական համակարգը եւ հասարակութիւնը պէտք է յստակ դիրքորորոշում յայտնեն՝ ընդունելի՞ է երախտագիտութիւն յայտնել մէկին, ով վերջին մի քանի տարում մի ամբողջ սերնդի մահւան պատճառ է դարձել, հայաթափել է Արցախը, հիմա, այս պահին ոչնչացնում է հայկական քաղաքներն ու գիւղերը, պղծում գերեզմանները։
Իրար վրայ գցելով չէ, «ես ի՞նչ կարամ անեմ» ասելով չէ։ Ընտրութեան հարց է, որին ամէն մէկս պէտք է մասնակցենք։
Ի վերջոյ մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տւող սոցիո՞ւմն է յաղթելու, թէ՞ հայկական Հայաստանի արժանապատիւ հասարակութիւնը։



