Հայաստան - Արցախ

Արեշեւը հարց է բարձրացնում. «Ինչո՞ւ էք մնացել ՀԱՊԿ-ում»

Նախօրէին ՀՀ ԱԺ-կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինեանը հերթական ուշագրաւ յայտարարութիւնն արեց՝ մեղադրելով արդէն ՀԱՊԿ երկու անդամ երկրների Հայաստանի դէմ պատերազմ նախապատրաստելու հարցում։

Անդրադառնալով օրերս Ադրբեջանում Բելառուսի նախագահի արած յայտարարութիւններին, Փաշինեանն ասաց՝ Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ինքն իբրեւ թէ փորձում է 4 տարի այլաբանօրէն ասել Հայաստանի Հանրապետութեանը:

«2020-ի 44-օրեայ պատերազմի նախապատրաստութեանը մասնակցել են ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները։ Ես ՀԱՊԿ-ի անդամ առնւազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դէմ պատերազմի նախապատրաստութեանը։ Էդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետութեան չգոյութիւնը»,- նշել է Փաշինեանը՝ շարունակելով, որ այդպիսի փորձեր 2020-ի պատերազմից յետոյ էլի են եղել, 2021-ի մայիսին, 2022-ի սեպտեմբերին, 2023-ի սեպտեմբերին, բայց չիստացւել։ Ըստ Փաշինեանի՝ եւս մէկը փորձել են 2024-ի մայիսի 9-ին, էլի չի ստացւել։

Արձագանգելով Փաշինեանի այս խօսքերին՝ ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Նիկոլ Փաշինեանը թող յստակեցնի, թէ ՀԱՊԿ անդամ ո՞ր պետութիւններն են, ըստ նրա, 2020 թւականի պատերազմի ժամանակ աջակցել Ադրբեջանին։ ՌԴ-ն, նրա խօսքով՝ արել է հնարաւորը Հայաստանին աջակցելու համար։

Նա նաեւ ներկայացրել է որոշ փաստեր 2020 թ. 44-օրեայ պատերազմից՝ նշելով, որ ՌԴ նախագահը համոզել էր 2020 թ. հոկտեմբերին դադարեցնել ռազմական գործողութիւնները, սակայն Փաշինեանը պնդել է դրանց շարունակութեան հարցում, որը հանգեցրեց Շուշիի գրաւմանը։

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վելուծաբան Անդրէյ Արեշեւն ասաց, որ 2020 թւականի պատերազմի փաստերի մասին դեռ երկար կը խօսւի,  չնայած հիմնական փաստերը յայտնի են, ինչպէս նաեւ պարզ է, թէ իւրաքանչիւր օր ինչ ջանքեր է ներդրել Ռուսաստանը, եթէ այդ մեկնաբանութիւնն ուղղւած էր ՌԴ-ին ու Բելառուսին։

Ըստ նրա՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հանգամանալից անդրադարձել է։ Սակայն, Արեշեւի կարծիքով՝ կայ մի նրբութիւն, որը պէտք է քննարկւի փորձագիտական մակարդակում.

«Այդ նրբութիւնն այն է, որ ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների իշխանական մեկնաբանութիւնները արւում են ՀՀ ներքաղաքական զարգացումների կառավարման նպատակով։ Ներկայումս թէժ իրավիճակ է Հայաստանում, կայ շարժում, որը բաւականին մեծ ժողովրդականութիւն է վայելում, շատ մարդիկ են աջակցում հոգեւորականին (Բագրատ Սրբազանին), ով առաջնորդում է փողոցային շարժումը, ուստի արտաքին ինչ-ինչ վտանգները կապւում են ներքաղաքականութեանը, որպէսզի հանրային որոշակի վերաբերմունք ձեւաւորւի: Այսինքն՝ Փաշինեանի այդ յայտարարութիւնն առաւելապէս ներքին լսարանին ուղղւած յայտարարութիւն է՝ վարկաբեկելու համար գործընթացը, զուգահեռաբար՝ կրկին ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի թեման բացասական կոնտեքստում քննարկելու եւ դիսկուրս ծաւալելու նպատակով»,- ասաց Արեշեւը։

Նրա խօսքով՝ ՀՀ իշխանութիւնների կողմից նման շեշտադրումներով յայտարարութիւնները նորութիւն չեն, որոնք արւում են Արեւմուտքին հաճոյանալու նպատակով՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցութեան դէմ:

«Միւս կողմից՝ հարց է առաջանում, եթէ Արեւմուտքն այդքան յուսալի քաղաքական ու արդէն անվտանգային գործընկեր է Հայաստանի համար, ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ, եւ ինչո՞ւ է պահպանւում պատերազմի վտանգը, եթէ ՀՀ սահմաններին եւրոդիտորդներ են տեղակայւած։ Սա քաղաքականութիւն է, որն իրականացւում է յայտարարութիւններով, ՌԴ-ն չափազանց լուրջ դրանք չի ընդունում»,- ասաց ռուս վերլուծաբանը։

Related Articles

Back to top button