Իրանի Իսլամական Հանրապետութեան հանգուցեալ նախագահ այաթօլլահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի, Իրանի ԱԳՆ դոկտ. Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի եւ նրանց ընկերակցողների նահատակութեան առիթով, մայիսի 24-ին, Թեհրնաի Ս. Սարգիս առաջնորդանիստ Մայր Եկեղեցում Ս. Պատարագի աւարտից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:
Կրօնական արարողութիւնը նախագահում էր Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, իսկ օրւայ պատարգիչն էր Տ. Արիստակես քհնյ. Շահմիրեանը: Ս. Պատարագի ընթացքում օրւայ առիթով քարոզեց Հայր Սուրբը եւ յանուն Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի վշտակցութիւն յայտնեց Հանրապետութեան նախագահի եւ նրան ընկերակցողների ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհւելու կապակցութեամբ:
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հրաւէրով՝ օրւայ կրօնական արարողութեանը, ներկայ էին Տեղեկատւութեան, բարձր տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցութեան նախարար Իսա Զարեփուրը եւ պետական բարձրաստիճան հիւրեր: Օրւայ առիթով իր խօսքում, նախարարն իր գնահատանքը յայտնելով կազմակերպւած արարողութեան համար ընդգծեց. «Նահատակւած նախագահը չէր պատկանում հասարակութեան մի յատուկ խաւի, այլեւ նա համայն Իրանի ժողովրդի նախագահն էր»: Նա անդրադարձաւ Հանրնապետութեան նախագահ այաթօլլահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի անխոնջ աշխատանքներին ու նւիրւածութեանը՝ ընդգծելով, որ նա իր կեանքը նւիրաբերեց յանուն Իրանի վերելքի ու ժողովրդին ծառայութեան: Նախարարն իր ելոյթի ընթացքում դրւատանքով արտայայտւեց զոհւած ԱԳՆ Ամիր Աբդօլլահեանի անմնացորդ աշխատանքների, վարած դրական արտաքին քաղաքականութեան ու նրա մարդկային յատկութիւնների մասին, եւ աղօթեց բոլոր զոհւածների հոգիների խաղաղութեան համար:
Յաւարտ կրօնական արարողութեան, ազգային առաջնորդարանի դահլիճում նախ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը ընթերցեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, պատգամի մէջ նշւած էր. «Աստւածային բոլոր կրօններն էլ միշտ յիշեցնում են մեզի, որ բոլոր նրանք, որ յանուն խաղաղութեան եւ յանուն իրենց իրաւունքների ձեռքբերման համար պայքարում են, յաջողութիւն կը գտնեն եւ կը հասնեն իրենց առաքելութեան աւարտին»: Խօսքի մէջ նշւած էր. «Այս տխուր առիթով մենք հայ համայնքի անունից մեր խորազգաց ցաւակցութիւններն ենք յայտնում Երկրի հոգեւոր առաջնորդին եւ ողջ ժողովրդին, եւ նահատակների ընտանիքների համար մէկ առ մէկ աղօթելով, որ Աստւած նման փորձանքներից հեռու պահի սիրելի Իրանը եւ Իրանի ժողովուրդին»:
Հանդիպմանը իր վշտակցութեան խօսքը փոխանցեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը: Նա իր ելոյթի ընթացքում ընդգծեց, որ Իրանի համայն ժողովուրդը լաւապէս իրազեկ է զոհւած նախագահ այաթօլլահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիիի կատարած աշխատանքների մասին եւ նրա այցերը երկրի տարբեր շրջաններ ակնդէտ վկան համարեց նրա անմնացորդ ծառայութեան: Ճրտպ. Նորայր Արամեանը ընդգծեց, որ նահատակ նախագահը յատուկ ուշադրութեան էր արժանացնում Իրանի համայն ժողովրդին եւ նախագահութեան առաջին իսկ տարում, ցանկութիւն էր յայտնել հանդիպում ունենալ Իրանում Կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ, եւ այդ հանդիպումը կայացաւ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան համադրութեամբ, ու նախարարի մասնակցութեամբ: Անդրադառնալով նահատակ ԱԳՆ Ամիր Աբդօլլահեանին, Թեմական խորհրդի ատենապետը նաեւ դրւատանքով արտայայտւեց զոհւած նախարարի կողմից կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ ուշադրութեանը եւ ընդգծեց, որ նահատակների յուղարկաւորութեանը Իրանի ժողովրդի միլիոնանոց ներկայութիւնն ապացոյցն էր նրանց անմնացորդ աշխատանքների: Նա իր վշտակցութիւնը յայտնեց Յեղափոխութեան առաջնորդ այաթօլլահ Խամենէիին, Իրանի ժողովրդին եւ նահատակների հարազատներին:
Հանդիպմանը ներկաներին խօսք փոխանցեց Իրանի կրօնագիտական վարժարանների ներկայացուցիչ հոջ. Ամիդին: Իր ելոյթի ընթացքում նա ընդգծեց որ նահատակ նախագահը իրապէս համայն ժողովրդի նախագահն էր եւ նրա հանդիպումը կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ դրա վառ ապացոյցը համարեց:
Ելոյթ ունեցաւ նաեւ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային աշխարտանքների, արհմիութիւնների եւ հաւաքականութիւնների գլխաւոր տնօրէն Էսմայիլ Ջանալիփուրը, ով գնահատեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ազգային իշխանութեան նման նախաձեռնութիւնը, զոհւած նախագահի եւ նրան ընկերակցողների յիշատակին:
Վերջում ներկաներին իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը խորը վշտով անդրադարձաւ Հանրապետութեան նախագահի, ԱԳ նախարարի եւ նրանց ընկերակցողների զոհւելու կապակցութեամբ եւ դրւագներ ներկայացրեց թէ՛ նախագահի հետ իր հանդիպումների, թէ՛ ԱԳ նախարարի հետ Հայաստան եւ այլ երկրներ պետական այցելութիւնների, եւ թէ՛ Արեւելեան Ատրպատական նահանգի նահանգապետի ու ուրբաթօրեայ աղօթքի աղօթապետի հետ իր հանդիպումների մասին: Իր ելոյթի ընթացքում նա անդրադարձաւ նախագահի միջոցով կոռուպցիայի դէմ պայքարին, երկրի բոլոր շրջաններում ժողովրդի հետ անմիջական հանդիպումներին, եւ նրանց դժւարութիւններին մօտիկից ծանօթանալու եւ դրանք կարգաւորելու հարցով ծաւալած աշխատանքներին ու միջազգային մի շարք պայմանագրերում Իրանի ներգրաւման կարեւոր հանգամանքին: Պատգամաւորը անդրադարձաւ Իրանի Արտգործնախարարի վարած արտաքին քաղաքականութեանը, որի շնորհիւ Իրանն իր հզօր ներկայութիւնն էր վայելում միջազգային բեմերում: Նա վերջում իր վշտակցութիւնը յայտնեց Իսլ. յեղափոխութեան առաջնորդին եւ Իրանի ժողովրդին ծանր կորստի կապակցութեամբ:
Կրօնական արարողութեանը եւ դրան յաջորդած ընդունելութեանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան գործող պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ասորիների եւ քաղդէական համայնքի պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէն, Իսլ. խորհրդարանում Քերմանշահի պատգամաւոր դոկտ. Ռաշիդին, կրթադաստիարակչութեան նախարարութեան տարբեր շրջանների գերատեսուչներ, պետական հիւրեր, դպրոցների տեսուչներ, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, ժողովի դիւանը եւ անդամներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի դիւանը եւ անդամները, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր, ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, եւ մեծ թւով հայրենակիցներ:
Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ