ԹեհրանՀամայնք

«Ա. Ա. Ահարոնեան» ազգային մանկապարտէզի 30-ամեայ գործունէութիւնը պատկերող գրքի շնորհանդէսը կատարւեց

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Երէկ՝ հոկտեմբերի 30-ին «Ա. Ա. Ահարոնեան» ազգային մանկապարտէզի դահլիճում ներկայ էին ոչ թէ բալիկներ, այլ համայնքի ազգայիններ, որոնց ներկայութեամբ շնորհանդէսը կատարւեց մանկապարտէզի 30-ամեայ գործունէութիւնը խորհրդանշող գրքի:

Գրքի մեկենասներն  են՝  Վահէ  եւ Դորին Ահարոնեանները եւ գիրքը Վահէ Ահարոնեանի ծնողների՝ Լեւոն եւ Բելլա Ահարոնեանների եւ իր աւագ քրոջ Անէթ Ահարոնեանի  յիշատակին է նւիրւած։

Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառումը զուգորդւած էր մանկապարտէզի ներկայի եւ շրջանաւարտ սաների գեղարւեստական կատարումներով, մանկապարտէզի 30-ամեայ անցեալը խորհրդանշող պատկերների ցուցադրութեամբ, անցեալի հանգստի կոչւած եւ ներկայի տեսչական-ուսուցչական կազմերին եւ պաշտօնեաներին գնահատագրերի տւչութեամբ եւ ուղերձների, պատգամների եւ խօսքերի փոխանցմամբ:

Օրւայ հաղորդավար Մինէ Նազարեանը իր  ողջոյնի խօսքի ընթացքում նշեց. «Այս գիրքը միայն շինութեան կամ անցած տարիների պատմութիւնը չէ, այն մեր երեխաների լուսաւոր մանկութեան, նրանց համար ստեղծւած ջերմ ու ապահով միջավայրի, ինչպէս նաեւ բոլոր այն մարդկանց նւիրումի եւ անձնանւէր աշխատանքի վկայութիւնն է, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս աստւածահաճոյ գործի իրականացման մէջ»: Մանկապարտէզի անունից իր երախտիքի եւ ողջոյնի խօսքը փոխանցեց մանկապարտէզի ներկայի տեսչուհի Մարլէն Աշուղեանը:

Գեղարւեստական յայտագրում պարով եւ երգի կատարմամբ հանդէս եկան մանկապարտէզի սաներ՝ Գեղանի Միրզայեանը, Լուսէ Սարգսեանը, Էմմանուէլ Ալլահվերդեանը եւ Աւետ Րաֆֆի Մինասեանը, երգուսոյց Արսինէ Յովհաննիսեանը, պարուսոյց Փրենի Խաչատրեանը: Կատարումից յետոյ հէնց սաներին էր վերապահւած գրքի շնորհանդէսի իրականացումը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ուղերձը ներկայացրեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Ուղերձի մէջ նշւած էր. «30 տարիների այս ուղին, սիրոյ, նւիրումի եւ հայեցի դաստիարակութեան պատմութիւն է: Մանկապարտէզը եղել է այն ջերմ օջախը, որտեղ մանուկները իրենց առաջին քայլերն են արել կրթութեան աշխարհում, սովորել են մայրենի լեզուն եւ ծանօթացել մեր ազգային արժէքներին ու աւանդութիւններին»:

Մանկապարտէզի գրքի կազմութեան յանձնախմբի՝ Անէթ Բաղդասարեանի, Անահիտ Ղազարեանի, Անահիտ Մարգարեանի, Հերմինէ Նազարբէգեանի եւ Ովսաննա Նազարեանի անունից գրքի կազմութեան եւ նիւթերի հաւաքագրման մասին բացատրութիւններ փոխանցեց Անէթ Բաղդասարեանը, բացատրութիւնը մեկտեղւած էր պատկերների ցուցադրութեամբ: Սոյն յանձնախումբը կեանքի էր կոչւել մանկապարտէզի նախկին տեսչուհի Նադիա Այւազեանի միջոցով:

Ֆլէյտայի կատարումներով ելոյթ ունեցաւ մանկապարտէզի շրջանաւարտ սան եւ ներկայիս դասատու Լիլիան Մահմուդեանը, իսկ հայկական հեզաճկուն պարը ներկայացրեց Փրենի Խաչատրեանը, մանկապարտէզի ներկայի դասատու «Ակունք» պարային համոյթի փորձավար եւ Հ. Մ. «Սիփան» միութեան պարախմբի պարուցոյց, իսկ երկու խմբերի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչն է Կարինէ Մանուչերեանը:

Ուղերձներ էին յղել Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդները:

Միջոցառմանը Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ուղերձը փոխանցեց խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանը: Ուղերձի մէջ նշւած էր.«30 տարւայ ազգօգուտ աշխատանքը վկայում է պատասխանատու անհատների յանձնառու  եւ նւիրական անսակարկ աշխատանքը»:

Ահարոնեան ընտանիքի անունից պատրաստւած շնորհակալագրերը Վահէ Ահարոնեանի ձեռամբ յանձնւեցին մանկապարտէզի անցեալի եւ ներկայի տեսչական, ուսուցչական կազմերին եւ պաշտօնէութեանը: Վահէ Ահարոնեանը նաեւ գնահատագիր յանձնեց մանկապարտէզի ճարտարապետներից Հենրիկ Աղամալեանին: (Ըստ 30-ամեակի գրքի մանկապարտէզի շէնքի նախագիծը կազմել էր ճարտարապետ Հրայր Աբուլեանը, աշխատանքներին հսկում էր ճարտարապետ Լեւոն Ահարոնեանի կրտսեր եղբայր Ժորժ Ահարոնեանը եւ նրա օգնականն էր ճարտարապետ Հենրիկ Աղամալեանը):

Նախքան շնորհակալագրերի յանձնումը Վահէ Ահարոնեանը իր գնահատանքը յայտնեց Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական հերթական խորհուրդներին իրենց անվերապահ համագործակցութիւնների համար եւ դպրոցի անձնակազմերին, որոնք դաստիարակել են մատաղ սերնդին:

Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը ընդգծեց. «Բարերարութիւնը մարդկային ազնւագոյն առաքինութիւններից է։ Այն սիրոյ, հոգատարութեան եւ պատասխանատւութեան այն գեղեցիկ արտայայտութիւնն է, երբ մարդն իր հնարաւորութիւններն ու միջոցները նւիրում է ուրիշների բարօրութեանը՝ նպաստելով հասարակութեան զարգացմանը եւ գալիք սերունդների երջանկութեանը։ Այս ազնիւ առաքինութեան գեղեցիկ եւ յիշարժան օրինակներից է հանգուցեալ պրն. Լեւոն Ահարոնեանը, որի նւիրումն ու նշանակալի ներդրումը մեր համայնքի կեանքում շարունակում են ապրել մեր սրտերում եւ յիշողութեան մէջ։ Նրա կառուցած այս մանկապարտէզը լոկ մի կրթական կառոյց չէ. այն սիրոյ, հաւատի եւ ապագայի հանդէպ պատասխանատւութեան կենդանի արտայայտութիւնն է։ Այն մի նւիրական օջախ է, որտեղ սերունդներ են մեծացել, իրենց առաջին քայլերն արել դէպի գիտելիքը, ճանաչել մայրենի լեզուն, հաղորդակից դարձել մեր ազգային արժէքներին եւ իրենց սրտերում պահպանել հայ մշակոյթի սերմերը»։

Միջոցառմանը ներկայ էին՝ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արտոյտ Զոհրաբեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի, ազգային մարմինների, միութիւնների եւ դպրոցների ներկայացուցիչներ:

Ապա հրաւիրւեցին նորընտիր Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի  անդամներ՝ Արմինէ Սէթխանեանը եւ Արթին Շահբազեանը, Թեմական խորհրդի գնահատագիրը յանձնելու Վահէ Ահարոնեանին, եւ նրանց հրաւէրով գնահատագիրը Վահէ Ահարոնեանին յանձնւեց շրջանաւարտ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի միջոցով:

Սրահում կազմակերպւել էր ցուցահանդէս:

Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Related Articles

Back to top button