ԹեհրանՀամայնք

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան հանդիպումը՝ Արարատի գագաթը նւաճած եւ Համահայկական խաղերի ջահը «Արարատ» մարզաւան հասցրած լեռնագնացների հետ

«ԱԼԻՔ» – Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Հանրային-հասարակական բաժանմունքի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ հոկտեմբերի 30-ին, «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ միութեան հերթական հանդիպումը՝ նւիրւած Արարատ լեռան գագաթը նւաճած լեռնագնացներին։

Լեռնագնացների խումբը, Իրանի 57-րդ Համահայկական խաղերի «Արարատից Արարատ» կարգախօսին համահունչ, խաղերի ջահի կրակը Արարատից հասցրել էր «Արարատ» մարզաւան։

Վերելքի ծրագրին մասնակցած լեռնագնացներն են՝ Արմինէ Չարիքը, Վաչիկ Մատթէոսեանը, Անի Ներսիսեանը, Տուշպա Շամիրեանը, Մեղրիկ Խուդավերդեանը, Սեւակ Աւագեանը, Արաբօ Ռանջբարը, Մինէ Մեսրոպեանը, Ամուր Զարգարեանը, Դալար Քեշիշեանը եւ Արա Ջահանեանը։

Հանդիպման ընթացքում լեռնագնացները սլայդների ցուցադրութեամբ ներկայացրին վերելքի իրենց փորձառութիւնն ու Համահայկական խաղերի ջահը Արարատի գագաթը հասցնելու խորհրդանշական նախաձեռնութիւնը։

Հանդիպման աւարտին Երէցների միութեան կողմից լեռնագնացները պարգեւատրւեցին յուշանւէրներով։

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահը բարձր գնահատեց խմբի իրականացրած ծրագիրը՝ «Արարատից Արարատ» նշանաբանով գաղափարի իրագործումը համարելով ոչ միայն լեռնագնացների յաջողութիւնը, այլեւ միութենական կեանքի եւ ոգու բարձր գիտակցութեան դրսեւորում։ Նա ընդգծեց նաեւ խմբի անդամների սկաուտական հարուստ փորձառութիւնը։

Արա Ջահանեանը, արձագանգելով «սկաուտականի» դաստիարակչական  դերին, նշեց, որ խմբում ընդգրկւած էին Հ.Բ.Ը.Մ.-ի, «Նայիրի»-ի եւ «Արարատ»-ի սկաուտներ։ Նրա խօսքով՝ իրենք բոլորը միասին կարող են ներկայացնել նաեւ «Սիփան»-ի սկաուտներին։ «Այնպէս որ, այստեղ լուռ խօսում էր միութենական կեանքն ու միասնութեան ոգին»,- նշեց Արա Ջահանեանը։

Related Articles

Back to top button