ԹեհրանՀամայնք

Թարգմանչաց տօնին նւիրւած միջոցառում Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում

«ԱԼԻՔ» – Ուրբաթ՝ հոկտեմբերի 18-ին, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում տեղի ունեցաւ Թարգմանչաց տօնին նւիրւած միջոցառում՝ միութեան մշակութային եւ մարզական բաժանմունքների մասնակցութեամբ:

Տէրունական աղօթքով մեկնարկւած միջոցառումն ընթացք առաւ Արթին Ղարիբեանի ելոյթով: Նա կարեւորելով թարգմանութեան դերը, յատկապէս մայրենի լեզւի պահպանման հարցում անդրադարձաւ Աստւածաշնչի հայերէն թարգմանութեան օրինակին եւ նշեց, որ այն թարգմանութիւնների թագուհի կոչումը վաստակել է հայերէն լեզւի հարուստ աւանդի շնորհիւ:

Ծրագրի յաջորդ բաժնում հանդիսատեսը վայելեց երիտասարդների ու պատանիների մարզական ու պարային  կատարումները, այդ թւում  սկէյտի «Րաֆֆի» թիմի միասնական շուրջպարը՝ չմուշկներով:

Ընթացքում ասմունքեց Մանէ Խուդաբախշեանը, որին յաջորդեց Համլետ Խաչատերանի խմբավարութեամբ «Րաֆֆի» երգչախմբի երէցների եւ փոքրիկների առանձին կատարումները:

Պարային կատարումներով հանդէս եկան «Գարուն» պարախմբի սաները՝ փոքրիկիների, պատանիների, եւ անսամբլ պարախմբի սաները, ղեկավարութեամբ եւ փորձավարութեամբ՝ Կարինէ Պետրոսեանի եւ Լիոնա Շահնազարեանի:

Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի հիմնադրման 45-ամեակի մասին ակնարկող տեսանիւթի ցուցադրմանը յաջորդեց «Հորիզոն» նւագախմբի ելոյթը, որին յաջորդեց Ադելայիդա Մահմուդիի ասմունքային կատարումը:

Ուշագրաւ էր նաեւ միութեան ժայռամագլցման խմբից Միլենա Միրզախանեանի ձեռամբ բարձրութեան վրայ կախւած Հայոց տառերի նկարով պաստառի ծածնումը:

Միջոցառման ընթացքում հայկական տարազների, ազգային խոհանոցի, թխւածքների ու գաթայի, ինչպէս նաեւ լաւաշ հացի մասին բացատրութիւններ եւ տեասնիւթ էր ցուցադրւում, որի հետ միասին կանանց բաժանմունքը սեղանիկների վրայ հանդիսատեսին էր ներկայացնում պատրաստւող տոլման ու գաթայի նմուշները:

Միջոցառումն աւարտւեց  Էդւարդ Քեշիշեանի ակորդէոնի կատարումներով:

Թղթակցութիւնը եւ լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button