ԹեհրանՀամայնք

Իրանահայ Գրողների միութեան միջոցառման զեկոյցը՝ նւիրւած Թարգմանչաց տօնին

Իրանահայ Գրողների միութեան նորընտիր վարչութեան առաջին հանրային միջոցառումը, նւիրւած Թարգմանչաց տօնին՝ մշակոյթի օրւայ առիթով տեղի ունեցաւ ուրբաթ` հոկտեմբերի 4-ին, երեկոյեան ժամը 18:00-ին, «Ռոստոմ» համալիրի սրահում:

Ծրագիրը բացւեց ձեռնարկին ներկայ՝ Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի ատենապետ՝ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի Տէրունական աղօթքով, որից յետոյ հաղորդավար՝ Լորեթա Ղեւոնդեանը հրաւիրեց օրւայ բանախօս՝ վարչութեան նախագահ՝ Թորգոմ Տէր Յակոբեանին, յաւուր պատշաճին արտայայտւելու: Բանախօսը համառօտ, սակայն բովանդակալից, խօսեց Թարգմանչաց տօնի եւ հայ մշակոյթի թեմայով:

Միջոցառման գեղարւեստական բաժնում ներկաները վայելեցին պատանիների ասմունքի եւ զանազան նւագարանների կատարմամբ՝ ելոյթները:

Գեղարւեստական կատարումների երկրորդ բաժնում հանդէս եկան փորձառու երգիչներ՝ ներկայացնելով մեներգներ եւ մի զուգերգ:

Ծրագրի գեղարւեստական կատարումներն էին՝

❖ Արքա Տէր Առաքելեան, ասմունք՝ «Ո՞վ ունի» Արամ Գառօնէից

❖ Անիլքա Տէր Առաքելեան, ասմունք՝ «Իմ հայ ժողովուրդ» Պարոյր Սեւակից

❖ Անդրու Միրզախանեան՝ հարւածային նւագարան

  1. «Ախպէրս ու ես». խօսք՝ եւ երաժշտութիւն՝ Աշոտ Բեգոյեանի
  2. «Հերոս տղէրք». խօսք՝ Միհրան Ծառուկեանի եւ Արաբօ Իսպիրեանի

Երաժշտութիւն՝ Րաֆֆի Ալթունեանի

❖ Արէն Շահնազարեան՝ գիթառ

  1. «Փոքրիկ նաւակ». Ռուբէն Հախվերդեանի
  2. «Հոթել Կալիֆորնիա». Իգըլզ խմբից

❖ Մեներգ՝ Եօլանդա Մանսուրեան,

«Ծաղկած բալենի»՝ Խաչատուր Աւետիսեան

❖ Մեներգ՝ Կարինէ Մուրադեան, «Յուշարձաններ»՝ Գուսան Աշոտ

❖ Մեներգ՝ Ֆրէդ Մաւաթեան, «Հայաստան Աշխարհ»՝ Վարանդ

❖ Զուգերգ՝ Եօլանդա Մանսուրեան եւ Կարինէ Մուրադեան,

«Մեսրոպ Մաշտոցի շիրիմի մօտ». խօսք՝ Ժիրայր Աւետիսեանի

Երաժշտութիւն՝ Ժոռա Մինասեանի

Պատանիների ներկայացման հետ համագործակցում էր վարչական՝ Փոլէթ Վլադիքան, որպէս համակարգչային եւ ձայնային համադրումների պատասխանատու:

Ծրագրի փակման խօսքի համար հաղորդավարը հրաւիրեց միութեան անդամ, բանաստեղծ՝ Վարանդին, ով գնահատելով ծրագիրը, անդրադարձաւ հայ մշակոյթի պահպանման եւ կարեւորութեանը:

Ծրագրի աւարտին կատարող պատանիներին գիրք նւիրւեց, գնահատելով նրանց կատարած աշխատանքը: Նաեւ ներկաները հիւրասիրւեցին համեստ թէյասեղանով եւ իրենց գոհունակութիւնը յայտնեցին միջոցառման հակիրճ, սակայն նորարար ներկայացման համար:

Իրանահայ Գրողների միութեան վարչութիւնը, թողնելով նախկին միջոցառումների ընկալեալ ձեւը, օգտւեց նոր սերնդի արւեստագէտ երեխաներից, քաջալերելով ներկայանալ զանազան ծրագրերում:

Հարկ ենք համարում, յայտնել յարգելի ծնողներին, որ անմիջական կապ հաստատեն միութեան վարչութեան հետ, համագործակցելու ապագայ միջոցառումներին եւ ձեռնարկներին, իրենց սիրասուն զաւակների ներկայացումներով:

Իրանահայ Գրողների Միութեան (ԻԳՄ) Վարչութիւն

Քարտուղար՝ Լորեթա Ղեւոնդեան

Related Articles

Back to top button