ԱտրպատականԳաղափարականՀամայնք

Ներսէս արք. Մելիք-Թանգեան

(Անձնական տպաւորութիւններ)

ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼԵԱՆ

 

Նիկոլ Աղբալեանի ներքեւում բերւած գրութիւնը արւել է Մելիք-Թանգեանի Սրբազանի քառեակ յոբելեանի (ծննդեան 60-ամեակ, հանրային գործունէութեան 40-ամեակ, հոգեւոր կոչման 25-ամեակ եւ Ատրպատականի հայոց թեմի իր առաջնորդութեան 15-ամեակ) առիթով:

Ն. Դիլանեան

 

Բարձրահասակ ու յաղթանդամ մարդ է Ներսէս արք. Մելիք-Թանգեանը. իսկական Սիւնեցի հաստոսկոր ու ջղուտ: Իր մազն ու մօրուքը աւելի Ճերմակ են քան ենթադրում են իր տարիքը. Իր կեցւածքը ուղիղ ու քայլը հանդարտ ու հանդիսաւոր. Սա մի ձեւացում չէ, այլ ներքին ուժի ազդարար:

Երբ դուրս է գալիս եկեղեցուց եւ անցնում է ժողովրդի միջով՝ իր հայեացքը սեւեռուն է իր դիմաց եւ շուրթը հաւաք, որ նշան է հաստատուն կամքի: Անհաղորդ մի մարդ է կարծես, որ անցնում է առանց աջ ու ձախ նայելու եւ մարդ տեսնելու: Բայց նա նայում ու տեսնում է ակնոցի  տակից… իր տեսքը փառահեղ է եւ խիստ: Պատկառանք.-ահա միակ ապրումը, որ ունենում է ամէն հանդիպող՝ ծանօթ թէ անծանօթ: Ժողովուրդը խոնարհւում է նրա ներկայութեան, մտաւորականը զսպում է իրեն եւ սանձ է դնում իր խօսք ու պահւածքին: Մի անթափանց միջնորմ բաժանում է նրան իր շրջապատից. բարեացակամ է, առանց մտերմութեան եւ խիստ, առանց ոխակալութեան:  Իր երակների մէջ հոսում են Սիւնեաց Մելիքների արիւնը եւ վարքը: Կարգադրելն ու հրամայելը իր բնոյթի յատկանիշներն են: Իշխում է բնազդօրէն ոչ թէ դարձած, այլ ծնած է իշխեցող:

Ստորադաս պաշտօնների նկատմամբ բարեացակամ է եւ հոգածու, բայց եւ խիստ պահանջող. անտրամադիր՝ արդարացում լսելու եւ զուսպ զայրոյթով կարգազանց վարմունքի դիմաց, որ ստիպում է տեղի տալ փոթորիկը չպայթած: Ես չեմ տեսած իր բարկութիւնը, բայց լսած եմ ձայնի սպառնալից բարձրացումը, որ վտարում է ամէն ընդդիմութիւն: Իր խօսքը կտրուկ է, կարճ ու ազդու. վճիռ որ դարձ չունի:

Իր տանը, պաշտօնական թէ անպաշտօն այցելութեանց ընթացքին, հիւրամեծար է եւ բարեմիտ: Իր դուռն ու սեղանը բաց է ամենքի առաջ: Անկարող է մինակ հաց ուտելու, եթէ չկան պատահական այցելուներ, որ պահէ ճաշին՝   մարդ է ուղարկում սրան կամ նրան հրաւիրելու: Սիրում է, որ իր շուրջը մարդիկ լինեն, աշխոյժ զրոյց ու մտքերի փոխանակութիւն,  թէեւ ինքը մասնակից չէր ժխորին, սիրում էր դիտել աւելի, քան դեր խաղալ, հովանաւորել, քան անդամակցել: Իր սիրած վիճակը ինքնամփոփ է: Որոշ է իր կենցաղի ձեւը, խելացի եւ առողջապահիկ: Ամենքը պարտաւոր են համակերպիլ այդ կարգին՝ բարեկամ, հիւր թէ անծանօթ: Իր կամքը միշտ արթուն է եւ պիրկ. եւ ստիպւած է զուսպ ու հաւաք պահել ամէն մարդ, որ շփւում է նրա հետ: Կենցաղասէր եւ անփոյթ մարդկանց համար չէ նրա ընկերութիւնը: Պարկեշտ արտայայտութիւն եւ «չափաւոր մոլութիւն» – այսպէս է իր բնոյթը եւ պարտադրում է, որ այդպէս լինի իր շրջապատը: Ախորժում է խօսք, բայց մանաւանդ երգ լսել սեղանի վրայ: Հաճելի են իրեն լաւ կենացները: Սիրում է հրամցէք անել եւ բռնադատել, իբրեւ հացով մարդ: Իր խօսքը շատ կարճ է սեղանի վրայ. երկու-երեք հիմնական միտք ու բարեմաղթութիւն:

Իր քարոզները արւեստի գործ չեն՝ ո՛չ յօրինման, ո՛չ կատարման տեսակէտով: Բնազդական խորշանք ունի դէպի ամէն «ճառ» եւ «բեմասացութիւն»: Իր խօսքը գործնական է առաւելապէս. տիրական դրդում բարիք գործելու եւ անմիջապէս քաջալերանք՝ աշխատաւորին, յոյս՝ լաւագոյն օրերի եւ յորդոր գործօն համբերութեան, յարգանք երախտաւոր մարդկանց յիշատակին եւ ցուցում՝ նմանել նրանց. խիստ հանդիմանութիւն հանրային գործում թերացողներին եւ նախանձի յուզում մարդկային եւ ազգային արժանապտւութեան համար:

Իր իդէալն է կիրթ եւ լուսամիտ ժողովուրդ: Զարմանալի չէ, որ իր յոբելեանի նիւթական հասոյթը յատկացւած է մի գիւղական վարժարան հիմնելու Ղարադաղում (Պարսկաստան, Արազի ափին):

Հայրական խնամք ունի իր մերձաւորների վրայ եւ սիւնեցիների, որ գոհացում են տալիս հայրենիքի կարօտին, բայց այս օգնութիւնն ու բարիքը նա անում է ոչ թէ ազգային սնդուկի կամ որեւէ մէկի քսակի հաշւին, այլ իր համեստ վարձատրութեան, որ ծախսում է ուրիշների վրայ: Անարծաթ է բառի բուն իմաստով:

Իր մարդկային կոչումը շատ պարզ է իր աչքին: Բարութիւն արա ում եւ ինչպէս կարող ես, այս է իր սիրտն ու միտքը: Եթէ պիտի լինի տոկալ նեղութեան, տառապանքի եւ տանջանքի  մեր ժողովրդի համար, որ անօգ է եւ անօգնական,-նա յօժար է սիրով յանձն առնելու: Մի քանի անգամ տեսած է աչքով մահւան վտանգը եւ շատ անգամ տառապած ու տանջւած է պատերազմի ընթացքին գաղթական ու որբ հոգալով: Նա թողած է առաջնորդարան ու եկեղեցի եւ գնացած է այնտեղ, ուր կարիք է եղած օգնութեան: Նա համարում է իրեն ժողովրդի բարօրութեան առաջին ծառան, անձի վտանգով նա գործնապէս ծառայում է ազգին ու ժողովրդին, ուստի տիրաբար ամենքից գործ ու զոհաբերութիւն է պահանջում:

Ինձ թւում է, որ վեղարը թիւրիմացութիւն չէ նրա գլխին: Նա վարդապետ չէ բառի պատմական իմաստով, այսինքն ուսուցանող, բայց առաջնորդ է բառի բուն իմաստով, այսինքն առաջընթաց բարիքի գործում:

Ժամանակի մարդ է նա, գիտութեան հաղորդ եւ համալսարան տեսած, բայց այդ հանգամանքն արգելք չէ, որ նա հոգեւորական լինի ոչ թէ իբրեւ իր պաշտօնին համակերպած կամ վարժւած մի մարդ, այլ ներքին համոզումով. Նա վեղարաւոր աշխարհական չէ, այլ սքեմաւոր հոգեւորական:

Մեր միտքը սիրով դառնում է այդ եկեղեցականին, որ այնքան շատ «մարդ» է եւ այնքան քիչ «եկեղեցական» բառի ընթացիկ իմաստով, որ քրիստոնեայ է, որովհետեւ անձնուրաց է եւ ընկերասէր:

Մի մարդ է, որ հետամուտ է իր ներքին աշխարհի կատարելութեան. այդ ճիգը ճառագայթում է իր շուրջ ու փառահեղ դէմքին եւ բարի աչքերում եւ իբրեւ անդրադարձում ստանում է շրջապատից յարգանք ու պատկառանք: Որքան տարիներն անցնեն, այնքան լուսապայծառ պէտք է դառնայ իր դէմքը, հրահանգիչ իր խօսքը, վարակիչ իր անձնական օրինակը:

Մաղթենք, որ երկար տարիներ եւ յորդ ու պայծառ բխէ բարութեան այս աղբիւրը:

«Յուսաբեր» օրաթերթ (Կահիրէ), 12 յունիս 1926 թ. եւ «Ամբողջական Երկեր», 3-րդ հատոր, էջ 335-340

Related Articles

Back to top button