ԹեհրանՀամայնք

Շուրջ 8 հազար հատորով, Հ. Մ. «Սիփան» Մ. «Պարոյր Սեւակ» գրադարանը կրկին իր դռներն է բացել հայ ընթերցողի առաջ

«ԱԼԻՔ» – Շուրջ 8 հազար հատոր գրքերով եւ բառարանների հարուստ հաւաքածոյով վերաբացւել եւ իր աշխատանքն է սկսել «Սիփան» միութեան «Պարոյր Սեւակ» գրադարանը: 

Նոյն առիթով ուրբաթ՝ նոյերմբերի 7-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ հանդիսաւոր միջոցառում մասնակցութեամբ՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Թ. Հ. Թ. առաջնորդի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի, Թեմական խորհրդի ատենապետի եւ Պատգամաւորական ժողովի, քահանայից դասի եւ ազգային միութիւնների ներկայացուցիչների:

Միջոցառումը մեկնարկեց ճիշտ ժամանակին՝ Նորիկ Ղարաբէգեանի կատարմամբ «Բարեւ» բանաստեղծութիւնով, որին յաջորդեց Ժիզէթ Տէր Օհանեանի միջոցով ընթերցւած բացման խօսքը:

Նա նշեց, որ «Պարոյր Սեւակ» գրադարանի վերաբացումը որպէս գաղափար զարգացել է «Սիփան» միութեան նախաձեռնած «քարտուղարութեան դասընթացների» իրականացման ընթացքում եւ յաւելեց, որ գաղափարի իրականացման համար իրենց անվերապահ աջակցութիւնն են ցուցաբերել դասընթացներին մասնակցած կանայք:

Ընթացքում էկրանից ցուցադրւեց նոյն կապակցութեամբ յղւած Սրբազան Հօր պատգամը, որով Սրբազան Հայրը բարձր էր գնահատել հայկական մշակոյթի զարգացման ճանապարհին ներդրած բոլոր ջանքերը, այդ թւոմ «Պարոյր Սեւակ» գրադարանի վերաբացումը:

Ընթացքում հայկական իր Սասունի շրջանի տարազով երգային կարտարմամբ ելոյթ ունեցաւ Գիսանէ Աղասեանը, որին յաջորդեց գրադարանի նախապատրաստական աշխատանքների մասին պատմող տեսանիւթը:

Միջոցառման կազմակերպիչների անունից Ժիզէթ Տէր Օհանեանը տեղեկացրեց, որ գրադարանի աշխատանքներն առաւել դիւրին եւ կառավարելի դարձնելու համար խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանը միութեանն է նւիրել համապատասխան կարողութիւններով մի համակարգիչ: 

Յաջորդիւ ելոյթ ունեցաւ խորհրդարանի պատգմաւոր Արա Շահվերդեանը: Նա շանորհաւորելով գրադարանի վերաբացման կապակցութեամբ նշեց, որ կը փորձի Իրանի ազգային գրադարանի պատասխանատուների հետ համատեղ հանդիպման առիթներ ստեղծել՝ բարելաււելու գրադարանային աշխատանքները, յատկապէս, նոր գրքերի հայթհայթման հարցում:

Գնահատանքի իր խօսքն ուղղեց նաեւ Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան նախագահ Հայկազ Շիրւանեանը:

Իր օրհնանքի եւ հայրական խօսքով ելոյթ ունեցաւ նաեւ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Նա ողջունելով գիրն ու մշակոյթն իրար կապող կենտրոնների առաքելութիւնը պատմեց, որ դպրեվանքում ինքը եւս երկու տարի կատարել է գրադարանավարի պարտաւորութիւնները եւ կաշւի վրայ զգացել այս աշխատանքի բեռն ու ծանրութիւնը:

Նա յոյս յայտնեց, որ սկսած այս աշխատանքը կընդառաջւի երիտասարդ սերնդի կողմից, իհարկէ համապատասխան գրաւչութիւն ստեղծելու դէպքում:

Ընթացքում գնահատագրեր յանձնւեցին գրադարանի վերաբացման աշխատանքներին մասնակցած միութենականներին: 

Պաշտօնական ծրագրի եզրափակիչ բաժնում ներկանները տեղափոխաւեցին գրադանաի մուտքի մօտ, որտեղ սպասւում էր ժապաւէնի հատման արարողակարգը:

Related Articles

Back to top button