Տօների տօն Մայիսի 28-ի 106-րդ տարեդարձը նշւեց Հ. Մ. «Սարդարապատ» միութեան նախաձեռնութեամբ, միութեան յարկի ներքոյ: Այդ առիթով թւականիս մայիսի 27-ին կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական յայտագրով ծրագիր: Օրւայ բանախօս էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:
Տէրունական աղօթքով եւ Մեր Հայրենիք օրհներգով մեկնարկած ծրագրի բացման խօսքով միութեան անունից հանդէս եկաւ Արփա Քարամեանը: Իր խօսքի մէջ նա ընդգծեց. «Հայ ժողովուրդը, այլ ազգերի նման ժամանակին կերտել է իր պատմութիւնը, որի էջերում կան անկիւնադարձային դրւագներ,որոնք լիովին փոխել են հայ ժողովրդի գոյատեւման ընթացքը, դրանցից կարելի է մատնանշել հայ ժողովրդի Քրիստոնէութեան ընդունումը, հայոց գրերի գիւտը, Վարդանանքը, Հայոց Ցեղասպանութիւնը: Հայ ժողովրդի պատմութեան կարեւորագոյն էջերից է համարւում 1918 Մայիսի 28-ը, որի շնորհիւ 6 դար ինքնուրոյն պետականութեան անկումից յետոյ, հայը հիմքը դրեց իր Անկախ Հանրապետութեան, որը ներազգային արժէքից բացի համաշխարհային հարթակում եւս դարձաւ հայ ժողովրդի գոյութեան իրաւական փաստի հաստատումը»:
Ընթացքում պատանի պարմանուհիները մէկ առ մէկ հայ ժողովրդի հազարամեայ պատմութեան առաջին թագաւորութեան անւանումները մինչեւ 1918 թւականի Մայիսի 28, մինչեւ Արցախի Հանրապետութիւն եւ ՀՀ ներկայի Հանրապետութիւն տեղադրեցին ցուցատախտակի վրայ: Հազարամեայ դարաշրջաններ, որոնք հիմք են դրել հայ ժողովրդի վերիվայրումներով լի պատմութեանը:
Ապա հրաւիրւեց օրւայ բանախօս Արամ Շահնազարեանը: Իր ելոյթում նա նշեց, որ 1918 թւականին մոխիրների միջից վեր յառնեց հայ ժողովուրդը եւ կերտեց Հայաստանի Անկախ Հանրապետութիւնը, որն արդիւնքն էր ազգային ու հոգեւոր ղեկավարութեան եւ հայ ժողովրդի միասնականութեան: Բանախօսը ընդգծեց, որ դժբախտաբար Մայիսեան յաղթանակի 106-րդ տարեդարձի այս օրերին հայ ժողովուրդը ապրում է չափազանց դժնդակ օրեր, Հայաստանի Հանրապետութիւնը մեր աչքի առջեւ տրորւում է եւ ծւէն-ծւէն դառնում թշնամու կողմից, որին այսօր պաշտօնապէս ձայնակցում են Հայաստանի Հանրապետութեան այսպէս կոչւած իշխանութիւնները: Բանախօսը կարեւորեց այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը պայքարել ու գոյատեւել է միացեալ Հայաստանի տեսլականով, որը սակայն այսօրւայ ՀՀ իշխանութիւնները դա ուրանում են, որպէսզի փշրեն հայ ժողովրդի գոյութենական տեսլականը: Բանախօս Արամ Շահնազարեանը համեմատական եզրեր անցակցրեց Հայաստանի ներկայ ճգնաժամային իրավիճակի եւ 1918 թւականի Մայիսեան յաղթանակի օրերի միջեւ, եւ կարեւորեց այսօր հայ հոգեւորականութեան ի դէմս Բագրատ Սրբազանի խիզախ քայլերը յանուն Հայրենիքի եւ նշեց, որ այսօր հայ ժողովուրդը փորձում է ոտքի կանգնել, փորձում է շտկել իր մէջքը եւ հետ բերել վերջին տարիների իր կորցրածը, քանզի այսօր մեր ժողովուրդը արդէն դուրս է գալիս պարտութեան թմբիրից եւ պայքար է տանում յանուն հայրենիքի: Մենք փորձելու ենք կառուցել այն ապագան, որին արժանի է մեր ժողովուրդը Նա ընդգծեց, որ այսօր մեր պարտականութիւնն ամէն գնով աջակցել Հայաստանում ձեւաւորած շարժմանը, քանզի այսօր Հայաստանում ձեւաւորւած պայքարը հայ ժողովրդի պայքարն է, պայքար յանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյութեան, որը յաղթելու է:
Գեղարւեստական յայտագրում ասմունքային կատարումներուվ հանդէս եկան Վանէ Մակարեանը եւ Վեդի Աւանէսեանը, խօսքերով Արփա Քարամեանը եւ Վինել Մակարեանը, իսկ ազգային երգերով ելոյթ ունեցաւ Էիկա Դաւթեանը, ում երգեհոնով ընկերակցում էր Վահէ Քեշիշզադէն:
Միջոցառման եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանն, անդրադառնալով երկու կարեւոր հանգամանքների: Հայրսուրբը ընդգծեց, որ Մայիսի 28-ը յոյսի թւական է եւ ասաց. «Այսօր մենք շատ բաներ կը տեսնենք հայրենիքի մէջ, որոնք կը փորձեն հայրենիքի մէջ կտրել մեր յոյսերը, սակայն մենք, որպէս քրիստոնեաներ յուսախաբութիւն կը ճանաչենք, բայց յուսահատութիւն չենք ճանաչել: Մայիսի 28-ը յոյսի թւական է քանզի Մայիսի 28-ին հայ ժողովուրդը միայնակ էր եւ տառապած, սակայն այդ բոլորին մենք կարողացանք յաղթել, որովհետեւ միացանք: Արամ Մանուկեանը եւ Գէորգ 5-րդ Սուրէնեանց կաթողիկոսը ժողովուրդին սովրեցրին միանալ, քանի որ բոլորի համար կարեւորը Հայրենիքի գոյատեւումն էր»: Հայր Սուրբը անդրադառնալով երկրորդ կէտին նշեց. «Առաջին Հանրապետութեան միջոցով հայ ժողովուրդը ստացաւ երեք սրբութիւններ՝ Եռագոյն դրօշը, Զինանշանը եւ հողը, սրանք սրբութիւններ են քանի որ դրանք չեն ջնջւելու մեր կեանքից եւ ոչ էլ հնարաւոր է դրանք վաճառել»:
Միջոցառմանը ներկայ էին Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, ազգաին իշխանութեան, մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ: