Դիւանագէտների Համահայկական խորհրդի յայտարարութիւնը
«ԱԼԻՔ» – Այսօր (մայիսի 31-ին) ՀՀ արտաքին գործերի նախարարութեան դիմաց տեղի ունեցած եւ որեւէ ձեւով չարդարացւած ոստիկանական բռնութիւններն անպատւաբեր են ոչ միայն ներքին գործերի նախարարութեան համակարգի, այլեւ հայկական դիւանագիտական անձնակազմի համար։ Հայ դիւանագէտները երբեւէ սեփական ժողովրդից պաշտպանւելու կարիք չեն ունեցել։ Դիւանագէտի կոչումն է սեփական ժողովրդի շահերի պաշտպանութիւնը միջազգային բոլոր մակարդակներում։ Մերը ծառայութիւն է, այլ ոչ սովորական բիւրոկրատական աշխատանք։ Այսօր Հայաստանն արտաքին աշխարհի եւ տարածաշրջանային վտանգների առջեւ կանգնած է անկախութեան շրջանի ամենաերերուն եւ անհաստատ դիրքով։ Մենք ճանաչում ենք այս պահին դեռեւս իրենց պարտքն արտգործնախարարութիւնում իրականացնող մեր գործընկերներին եւ հասկանում ենք, թէ ինչպիսի ծանր իրավիճակում են նրանք գտնւում։
Կոչ ենք անում հաւատարիմ մնալ ձեր կոչմանը, յիշել, որ դուք ծառայութեան էք անցել ոչ թէ իշխանութեան ղեկը պատահաբար ստանձնած եւ պետութեան շահի մասին որեւէ խորքային պատկերացում չունեցող խմբի, այլ՝ Հայաստանի ժողովրդի մօտ։ Ձեր ծառայութեան այսօրւայ հետեւանքները կրելու են Հայաստանի ապագայ սերունդները։
Դուք կիսելու էք պատասխանատւութեան ձեր հսկայ բաժինը՝ հայ ժողովրդի հետ կատարւած ու կատարւելիք ծանր իրադարձութիւնների համար, ինչի պատճառը միանձնեայ ու ժողովրդի թիկունքում կայացրած որոշումներն են՝ առանց հաշւի առնելու դիւանագիտական անձնակազմի մտահոգութիւններն ու նախազգուշացումները։ Մի վերցրէք ձեզ վրայ այն քայլերի պատասխանատւութիւնը, որոնց վրայ դուք իրականում որեւէ ազդեցութիւն չունէք։ Որպէս գործընկերներ կոչ ենք անում միանալ մեր ժողովրդի պահանջներին, որոնց կարեւորութիւնը դուք, թերեւս ամենալաւն էք հասկանում, որպէսզի արդէն մօտ ապագայում կարողանանք միաւորել մեր ուժերը, փորձն ու գիտելիքը եւ Հայաստանը դուրս բերենք այս ծանրագոյն վիճակից։