Տխրահռչակ կարմիր բերետաւոր Հայկազ Ջոմարդեանը հայհոյել է լրագրողին
«ԱԼԻՔ» – Մայիսի 13-ի վաղ առաւօտից Երեւանի փողոցներում տեղի են ունեցել անհնազանդութեան ակցիաներ, որոնց ընթացքում ՀՀ ոստիկանութեան կարմիր բերետաւորներն անհամաչափ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել քաղաքացիներին:
Քաշքշուկների ընթացքում, կարմիր բերետաւորների տխրահռչակ հրամանատար Հայկազ Ջոմարդեանը, որը մշտապէս աչքի է ընկնում իր լկտի պահւածքով եւ առանձնակի վայրագութեամբ, հայհոյել է իր մասնագիտական պարտականութիւնը կատարող լրագրող Յասմիկ Առաքելեանին՝ նրան անւանելով «տականք»:
«Ակցիայի ժամանակ 44-օրեայ պատերազմում զոհւած զինւոր Արայիկ Բաղդասարեանի մայր տիկին Գոհարը ամօթանք էր տալիս կարմիր բերետաւորներին, որ փորձում էին քաղաքացիներին քշել իրենց բողոքի ակցիայի վայրից։ Ամօթանք տալիս տիկին Գոհարը ասաց՝ թքեմ ձեր երեսին, կարմիր բերետաւորը պտտւեց, ասաց՝ ես թքեմ ձեր երեսին։ Ես այդ պահին ականատես էի, ասացի սրբապիղծներ, զոհւած զինւորի մօրը այսինչ բառեր էք ասում, եւ այդ ժամանակ կարմիր բերետաւորների հրամանատարը (Հայկազ Ջոմարդեան) մօտեցաւ, անուն-ազգանունս ճշտեց, ապա ասաց՝ Յասմիկ Առաքելեան․ սրբապիղծը դու ես, դու տականք ես»,- «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասել է Յասմիկ Առաքելեանը:
Յիշեցնենք, որ աւելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ կարմիր բերետաւորների բռնի գործողութիւնների արդիւնքում վատացել էր 24news.am-ի լրագրող Մերի Մանուկեանի ինքնազգացողութիւնը: Մէկ այլ կարմիր բերետաւոր էլ հրել եւ վայր էր գցել ABC.media-ի օպերատորին: