Մեր համազգային նորագոյն աղէտը՝ դա արցախեան հայաթափումն ու հայրենազրկումն է, որն էլ սկիզբ առաւ 2020-ի ծրագրաւորւած ու դաւադիր պատերազմով։
Թէ՞ ո՜ւմ մեղքով ու ո՜ր իշխանութեան օրօք՝ պարզ է բոլորին…
Մեղաւորների յաջորդական մեղքը (արդէն վաղուց փաստւած), 2021-ի յետպատերազմեան ընտրութիւններում ժողովրդին խաբել-մոլորեցնելն էր, որով իբր խոստանում էին վերադարձնել կորցրածը եւ աւելի խաբուսիկ ամբոխավարութեամբ՝ մոլորեալների համար -ինչքան էլ զաւեշտալի ու այլանդակօրէն- չակուչներով ուրւագծում էին «խաղաղ ապագայ»-ի տեսլակա՜նը…։
Մէկ տարի անց, սակայն, նոյն իշխանախմբի թողտւութեամբ՝ համազգային աղէտը ադրբեջանի միջոցով համալրւեց՝ նախ՝ Արցախի 9-ամսեայ շրջափակմամբ եւ ապա՝ նրա դէմ ցեղասպանական ագրեսիայով ու ըստ էութեան՝ էթնիկ զտմամբ ու հայաթափմամբ։
… Փոշի դարձաւ «Արցախը Հայաստան է եւ վերջ», «խաղաղ ապագայ» ու «կորցրածը վերադարձնելու» չակուչակիրների լկտի ամբոխավարութիւնը։ Սակայն, դա եւս չարթնացրեց յետպատերազմական հոգեբեկւած ժողովրդին այն խորը թմբիրից, որով նոյն ժողովրդախաբները վարակել էին հասարակայնութեանը, «Արցախը տանք՝ լաւ ապրենք»-ի պոպուլիստական հերթական «թմրադեղերի» ամենօրեայ սրսկումներով…։
ԱՂԷՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ ԵՆ
Բովանդակ հայութեան համար աղէտ է, այն էլ համազգային, երբ նոյն իշխանախմբի կողմից առանց դոյզն ամօթի ու վարանումի անտեսւում, անարգւում ու վարկաբեկւում է.-
– Հայրենի հողի սրբութիւնն ու ամբողջականութիւնը եւ դրա հազարամեակների խորհրդանիշ՝ ՀԱՅԿԵԱՆ ԱՐԱՐԱՏ-ը
– ՀՀ Սահմանադրութեան Հռչակագիրը
-Հայոց Առաքելական Եկեղեցին
-Հայոց պատմութիւնը
– Հայոց արդարացի Պահանջատիրութիւնն ու Հայոց Ցեղասպանութեան միջազգային դատապարտումը
– Հայոց Բանակը
– Հայկական Սփիւռքը
– Հայրենի երկրի ու պետականութեան անվտանգութիւնն ու մէկ խօսքով՝ Հայոց Ազգային գաղափարախօսութիւնը…։
ՀՆԱՐԱՒՈՐ ԵԼՔԸ
Կասկածից վեր է, որ թւարկւած բոլոր աղէտները դիտարկւում են նաեւ արտերկիր-Սփիւռքից ու մեր դէպքում՝ ամենահայաստանամերձ՝ իրանահայ համայնքից։
Ելքերի մասին արդէն աւելի քան հինգ տարի բարձրաձայնում են հայրենի մեր ազգային իրական ուժերը, ընդդիմադիր քաղաքական միաւորները, բայց ցաւօք՝ ներքին ու արտաքին տարատեսակ հանգամանքների բերումով, այդ բարձրաձայնւած ելքերը ցայժմ կեանքի չեն կոչւում։
Յար եւ նման հայրենի երկրի, ինչպէսեւ Սփիւռքեան գաղթօջախներում բնակւող հայութեան, մենք եւս ամենօրեայ մղձաւանջ ու խորին ցաւ ենք ապրում արտաքին (անգլոսաքսոնական) ու ներքին (թաւշական) ուժերի կողմից բեմականացւած աղէտների յաջորդականութիւնից։ Աւելի ցաւալին, սակայն, հայրենի ժողովրդի չհամախմբւածութիւնն ու չընդվզումն է՝ այդ բոլոր աղէտներին ի տես։ Ինչքան էլ յուսալքւած, հոգեբեկւած ու բարոյալքւած, այդուհանդերձ արդարացւած չի կարող լինել հասարակական անփոյթ ու անտարբեր կեցւածքը։ Այլապէս՝ էլ ի՞նչ արհաւիրքների դէմ-յանդիման պէտք է կանգնի նոյն հասարակայնութիւնը, որպէսզի այլեւս անտարբեր չլինի օրաւուր ահագնացող աղէտների ու կորուստների նկատմամբ։
Որպէս ելք՝ անտարակուսօրէն նկատառելի է կարող լինել հէնց օրերս Էջմիածնում մայր աթոռը քաջութեամբ պաշտպանած բազմահազար հայորդիների կամքի դրսեւորումը, որով տապալւեց Հայոց Առաքելական Եկեղեցու վարկաբեկման իշխանախմբի հերթական փորձը։
Դա իսկ կարող է վարակիչ լինել, ասենք, կրթական համակարգում նիւթւած դաւերի շրջանցման-տապալման գործում։
Եւ ինչո՞ւ են զուսպ մեր հայրենի դասախօս-ուսուցիչները՝ Հայոց նւիրական Պատմութիւնը թուրքի քմահաճոյքով ձեւաւորել բովանդակելու ակնբախ ազգադաւութեան նկատմամբ։ Մինչդեռ նրանց նւազագոյն պոռթկումը պիտի լինէր դասադուլ-գործադուլը՝ բոլոր հանրակրթական դպրոց-օջախներում։
Նոյնկերպ վարւելու ազգային գեր-պատասխանատու պարտաւորութիւն ունեն ԲՈՒՀ-երի պրոֆեսորա-դասախօսական ողջ անձնակազմերը, ազգային մշակոյթի գործիչներն ու գրողները, արւեստի վարպետ-գիտակները… Ո՞ւր են հայրենի մեր առաջամարտիկ մտաւոր ուժերն ու մէկ խօսքով՝ վերնախաւ-ԷԼԻՏԱ-ները… Դո՞ւք էլ «քաղաքականութեամբ չէք զբաղւում»։
Հապա՜ ե՞րբ էք զբաղւելու. «Իրեւանում արեւմտեան ադրբեջանի» հիւպատոսութիւն-դեսպանատուն բացելուց յետո՞յ…։
Անընդհատ ու ժրաջանօրէն դատափետում էք անմիաբան ընդդիմութեանը. դէ ձեր նման «քաղաքականութիւնից հրաժարւածների» պատճառով է, որ ընդդիմութիւնը այս օրի է։
Կամ՝ դարձեալ հայրենի մեր մեդիադաշտը սուր հարցերը վերապահելով ընդդիմութեան ներկայացուցիչներին, մի հատ էլ «մուննաթո՜վ» հարցնում է նրանց թէ՝ ո՞րն է ձե՛ր օրակարգը։ «Իշխանութիւնների օրակարգը խաղաղութիւնն է ու հաշտութիւնը՝ թուրք-ադրբեջանցու տանդեմի հետ…ո՞րն է ձերը».- պնդում են այդ կարգի ԶԼՄ-ները յամառօրէն…
Կայ մէկ ու միակ օրակարգ՝ դա էլ անխտիր բոլոր ժամանակների հետեւեալ օրինաչափ հասկացութեամբ. «ԵԹԷ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԵՍ ՈՒԶՈՒՄ, ՊԷՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ»։
Մնացեալը՝ Ազգայինի-ապազգայինի կռիւն է ու հազարամեակների հայկական այսպէս ասած՝ «պատմական չարիքի» տեսքով օրակարգերը, որոնք, տայ Աստւած՝ համարձակութիւնն ու իմաստնութիւնը կունենանք՝ մէկանգամընդմիշտ՝ արժանավայել կերպով բանաձեւել այնպէս, որպէսզի հնարաւոր լինի կանխել համազգային իրերայաջորդ աղէտներն ու արհաւիրքները…։
Այլապէս՝ բոլորիս ճակատին խարանւած-դաջւած է մնալու ընդմիշտ՝ գացող սերունդների նզովք-նախատինքը…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու