Ինչպէս կարելի է առաւելութիւնը դարձնել բեռ, հպարտութիւնը՝ նւաստացում, իսկ գաղափարախօսութիւնը՝ պարտւողականութիւն

ԱՇՈՏ ՂՈՒԼԵԱՆ
ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ
Դիւանագէտների Համահայկական խորհրդի հիմնադիր անդամ
Մեր առօրեայ խնդիրները ժամանակ ու ցանկութիւն չեն թողնում նախկինում ունեցած մեր յաջողութիւնների եւ ձախողումների մասին լուրջ մտորումների ու վերլուծութիւնների համար, մինչդեռ այսօրւայ բացթողումների պատճառների մեծ մասը պէտք է փնտրել ոչ վաղ անցեալում տեղի ունեցած իրադարձութիւնների, կիսատ մնացած գործընթացների եւ հնարաւոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում:
Քննարկման նիւթը յետխորհրդային նոր դասաւորութեան, աւելի ստոյգ՝ նոր սերնդի պետութիւնների կամ չճանաչւած, բայց փաստացի գործող պետական կազմաւորումների մասին է. Խորհրդային Միութեան տրոհման պահին առաւել յայտնի էին հետեւեալ չորս կազմաւորումները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, Աբխազիայի Հանրապետութիւնը, Հարաւային Օսեթիայի Հանրապետութիւնը եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետութիւնը:
Այս յայտնի քառեակի մէջ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնն (ԼՂՀ) ակնյայտ առանձնանում էր մի շարք յատկանիշներով: Թէկուզ այդ խմբի մէջ ԼՂՀ-ն ամենաուշն էր յայտարարել իր անկախութեան մասին՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին (պատճառը պէտք է փնտրել մինչ այդ ժամկէտը գործող կոնցեպտի մէջ, 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիաւորման մասին համատեղ որոշումը), եւ թէպէտ Արցախի ազատագրական պատերազմն ամենաերկարատեւն էր (1991-1994 թթ.), բայց, այս ամէնով հանդերձ, Լեռնային Ղարաբաղը՝ Արցախի Հանրապետութիւնը, շատ աւելի արագ յաղթահարեց յետպատերազմեան դժւարութիւնները եւ 2000-ական թւականների սկզբից կանգնեց կայուն զարգացման ուղու վրայ:
Նոյն այդ ժամանակահատւածում ակտիւացան նաեւ կապերն ու շփումները հէնց այդ կազմավորումների՝ դէ-ֆակտօ պետութիւնների միջեւ. աւելի յաճախակի սկսեցին պատւիրակութիւններով փոխանակւել, եւ այդ այցերը սովորաբար տեղի էին ունենում միմեանց տօների առթիւ շնորհաւորելու, յիշատակի օրերին յարգանքի տուրք մատուցելու եւ խորհրդարանական կամ նախագահական ընտրութիւններին դիտորդական առաքելութիւն իրականացնելու նպատակներով:
Այդօրինակ այցելութիւնների ընթացքում միւս երեք հանրապետութիւնների պաշտօնեաները, հանրային գործիչները չէին թաքցնում իրենց զարմանքն ու հիացմունքը եւ, առանց չափազանցութեան, ընդգծում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան առաջատար դիրքերը քաղաքական, տնտեսական, սոցիալական ու այլ ոլորտներում, ինչի մասին նրանցից շատերը խօսում էին բարի նախանձով: Արցախեան կողմից բացատրութիւնը միշտ նոյն տրամաբանութեան մէջ էր. «Մենք Հայաստան ունենք մեր թիկունքում, իսկ աշխարհասփիւռ հայութեան համար Արցախը հպարտութեան աղբիւր է»:
Մայր հայրենիքը եւ համաշխարհային հայութիւնը մեզ աջակցում էին բոլոր ուղղութիւններով
Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում կողմերի փոխյարաբերութիւնների եւ դրանից բխող ձեւաչափերի մասին թերեւս ճիշտ բնութագրում է տւել ԵԱՀԿ Մինսկի խմբի երկարամեայ համանախագահ, ՌԴ Նախագահի յատուկ ներկայացուցիչ Վ. Կազիմիրովը, ով իր «Խաղաղութիւն Ղարաբաղին» գրքում, խօսելով ղարաբաղեան հակամարտութեան առանձնայատկութիւնների մասին, գրել է. «Յատուկ դժւարութիւններ էր ստեղծւել ու ստեղծւում ղարաբաղեան հակամարտութեան քաղաքական կոնֆիգուրացիայի իւրայատկութեամբ. ի տարբերութիւն Վրաստանի, Մոլդովայի, Տաջիկստանի «երկչափ» ներպետական կոնֆլիկտների, որտեղ երկու կողմերը ուղղակի հակամարտում էին իրար հետ՝ էթնիկ, կլանային կամ այլ հիմքով, Ղարաբաղում դիմակայութեան պատկերը սովորական չէր՝ այստեղ ռազմական հակամարտութեան մէջ երկու կողմ կար, իսկ քաղաքականում՝ դրանք երեքն էին՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը»:
Բնական է, որ այս դասաւորութեան մէջ Արցախը պէտք է ապաւիներ Մայր հայրենիքին, իսկ Հայաստանը պէտք է քաղաքական զօրակցութիւն ցուցաբերեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը եւ դառնար նրա անվտանգութեան երաշխաւորը: Անկախութեան առաջին տարիներին այդ յարաբերութիւնները դրւեցին ճիշտ հիմքերի վրայ եւ միջազգային ճանաչում ունեցող Հայաստանի Հանրապետութիւնը զրահ դարձաւ Արցախի պետականութեան ու ժողովրդի համար:
Միւս երեք չճանաչւած հանրապետութիւնների պաշտօնեաների համար Արցախում հետաքրքիր էր ամէն ինչ, բայց յատուկ ուշադրութիւն կար Արցախի Պաշտպանութեան բանակի հանդէպ: Ճանաչման ձգտող պետութիւնների ներկայացուցիչները Արցախ այցելելու իրենց ծրագրերի մէջ խնդրում էին անպայման ներառել ՊԲ զօրամասեր կամ դիրքեր այցելելու ցանկութիւնը եւ, սովորաբար, այդ այցերից յետոյ ոգեւորւած պատմում էին բանակաշինութեան եւ, ընդհանրապէս, անվտանգութեան ոլորտին վերաբերող հարցերում Արցախի Հանրապետութեան առաջընթացի մասին:
Այս նկարագրութիւնների հիմքում նշւած տարիների համակողմանի աջակցութեան փաստն էր եւ Հայաստան-Արցախ համագործակցութեան տարէցտարի աճող մակարդակը: Հայկական երկու հանրապետութիւնների յարաբերութիւնները բոլոր ուղղութիւններով այնքան էին խորացել եւ լրացւել բովանդակային իմաստով, որ պետական շատ հաստատութիւններ ինքնուրոյն համագործակցութեան յուշագրեր ու համաձայնագրեր ունէին ստորագրւած:
Յետխորհրդային տարածքի միւս չճանաչւած պետութիւններից ոչ մէկը չունէր Արցախի Հանրապետութեան պաշտպանւածութիւնը արտաքին քաղաքական ճակատներում: Բաւական է նշել միջազգային կազմակերպութիւններում (ընդհուպ ՄԱԿ եւ ԵԱՀԿ) Արցախի պաշտօնական դիրքորոշումը տարածելու հնարաւորութեան մասին, ինչը կատարւել է ոչ մէկ անգամ: ՀՀ դեսպանատների ու մշտական ներկայացուցչութիւններին հրահանգւած էր համակողմանի աջակցութիւն ցուցաբերել Արցախի Հանրապետութեան պաշտօնեաներին՝ օտարերկրեայ այցերի եւ հանդիպումների ժամանակ: Տարիների ընթացքում ձեւաւորւում էր նաեւ Արցախի Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցչութիւնների ցանցը, որը համագործակցելով նստավայր երկրներում ՀՀ դեսպանատների հետ, ապահովում էր ղարաբաղեան հիմնախնդրի մասին անհրաժեշտ տեղեկատւական, քարոզչական, լաբբիստական աշխատանքը, որի արդիւնքում ղարաբաղեան հակամարտութեան նախապատմութիւնը, մանրամասներն աւելի ընկալելի էին դառնում տարբեր երկրների քաղաքական, դիւանագիտական եւ փորձագիտական շրջանակների համար:
Դասական դիւանագիտական ակտիւութեանը զուգահեռ նկատելի ակտիւութիւն էր գրանցւել նաեւ խորհրդարանական դիւանագիտութեան ուղղութեամբ: 2010-2020 թթ. ընթացքում Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովում ձեւաւորւեցին /փոխադարձութեան սկզբունքով, իհարկէ/ հինգ բարեկամական խմբեր ու շրջանակներ: Այս հարթակում ձեւաւորւող շփումների եւ փոխյարաբերութիւնների ընդլայնման գործում նոյնպէս կարեւոր դերակատարութիւն էին ստանձնել ՀՀ դեսպանները, խորհրդարանի պատգամաւորները, այդ երկրներում գործող հայկական կազմակերպութիւնները՝ Հայ Դատի տեղական կառոյցների ակտիւ մասնակցութեամբ:
Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ տարւող ծաւալուն աշխատանքի մէջ անչափ կարեւոր տեղ ունէր հայկական սփիւռքը՝ իր բոլոր կառոյցներով՝ համայնքային, կուսակցական, մասնագիտական կազմակերպութիւններով, որոնք տարբեր երկրներում իրենց վրայ էին վերցրել Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան, իսկ որոշ երկրներում՝ նաեւ ներկայացնելու բարդ աշխատանքը: Շատ յաճախ այդ գործունէութիւնը իրականացւում էր նոյն այդ երկրներում գործող կամ գործուղղւած ադրբեջանական /երբեմն նրանց միանում էին թուրքական կառոյցները/ խմբերի կողմից խոչընդոտող ակցիաների եւ կոշտ հակազդեցութեան պայմաններում:
Հայկական Սփիւռքի դերակատարութեան մասին խօսելիս չի կարելի շրջանցել այն հսկայածաւալ աջակցութեան թեման, որի շնորհիւ Արցախում բազմաթիւ ծրագրեր են իրականացւել կրթութեան, գիտութեան, առողջապահութեան, ենթակառուցւածքների ոլորտներում: Այդ ծրագրերի մի ստւար մասը իրականացւել է Արցախ-Հայաստան-Սփիւռք եռամիասնութեան խորհրդանիշ դարձած Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով, որի պատասխանատուները անչափ կարեւոր համակարգման աշխատանք էին իրականացնում Արցախում եւ Հայաստանում պահանջւած մի շարք ծրագրերի համար: Առաւել յայտնի ծրագրերից են Արցախը Հայաստանին միացնող Գորիս-Ստեփանակերտ եւ Վարդենիս-Մարտակերտ մայրուղիների շինարարութիւնը:
Սեղմ յօդւածի շրջանակներում հնարաւոր չէ ամբողջովին բացել այն մեծածաւալ աշխատանքի բոլոր ուղղութիւնները, որոնք անհրաժեշտ են եղել Արցախի Հանրապետութեան առաջատարութիւնն ապահովելու համար: Համայն հայութեան կողմից զրկանքները եւ զոհաբերութիւնները, որ կատարւել են հայկական Արցախ ունենալու, Շուշին հայութեանը վերադարձնելու եւ տօնական օրեր ունենալու համար, ամբողջովին հակոտնեայ են այսօրւայ իշխանութիւնների կողմից Արցախի պետական հաստատութիւնների հանդէպ վերաբերմունքին, արցախահայերի իրաւունքների պաշտպանութեանն ու սոցիալական կարիքների բաւարարմանն ուղղւած քաղաքական ուղեգծին: Եւ այդ իրավիճակը որեւէ խելամիտ բացատրութիւն չունի:
Ընդհանուր առմամբ, ո՛չ յետխորհրդային տարածքում եւ ո՛չ էլ աշխարհի քարտէզի վրայ որեւէ մէկ այլ կոնֆլիկտի (էթնոքաղաքական) պարագայում անհնար է ներկայացնել հիմնաւորումների աւելի մեծ փաթեթ, քան մենք ենք ունեցել (այսօր էլ դրանք չեն կորել) ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութեան դէպքում, եւ այս հանգամանքն էլ է ԼՂՀ-Արցախը շահեկանօրէն առանձնացրել միւսներից: Պատմական, իրաւական, քաղաքական ու քաղաքակրթական բազմաթիւ հիմնաւորումներ ու փաստարկներ, թէ ինչու հայկական Արցախը կարող է գոյատեւել միայն ու միայն իր համար հարազատ միջավայրում: Իսկ որ դա բացարձակ ճշմարտութիւն է, ապացոյցը 2023 թ. հաւաքական տեղահանութիւնն է ցեղասպանութեան սպառնալիքի ներքոյ եւ, ցաւօք, այն իրավիճակը, որ այս պահին տիրում է օկուպացւած Արցախի Հանրապետութեան տարածքում:
Գրեթէ համոզւած եմ, որ կը գտնւեն հակաճառողներ, որ այն ժամանակ ուրիշ էր, մենք շահեկան վիճակում էինք եւ այլն: Որպէս այդ պնդումների պատասխան, պէտք է յղում անեմ 1992 թ. մարտին ձեւաւորւած ԵԱՀԿ (ԵԱՀԽ) Մինսկի կոնֆերանսի նախագահ իտալացի դիւանագէտ Մարիօ Ռաֆայէլիին, ով նոյն 92 թ. օգոստոսին, երբ որ Արցախի 40 տոկոսը գրաււած էր եւ, դեռ շարունակւում էր Ադրբեջանի ագրեսիան, ԵԱՀԿ Գործող նախագահ Ի. Դինստբիրին գրած նամակում (ցաւօք սկզբնաղբիւրը չգտայ՝ Արցախի ԱԳՆ փակ կայքի ու ՀՀ ԱԳՆ «դատարկւած» կայքի պատճառով, ուստի մէջբերեմ յիշողութեամբ) նշում էր, որ եթէ այսպէս շարունակւի (խօսքը Արցախ տարածքի շարունակւող օկուպացիայի մասին է), ապա Մինսկի խումբը կը կորցնի բանակցութիւնների առարկան, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղ չի լինի (30 տարի առաջ մտածւած ծրագիրը նոյնն էր): Դրանից յետոյ եղան 1993-1994 թթ. ազատագրական մարտերը եւ 1994 թ. մայիսին հաստատւած զինադադարը: (Ի դէպ, այդ կարեւոր իրադարձութեան 31-րդ տարին է լրանում հէնց այս օրերին, սակայն պատշաճ անդրադարձ այդպէս էլ չկայ:)
Այս յօդւածը նաեւ զգուշացում է այն մասին, թէ ինչպէս չի կարելի առաւելութիւնը դարձնել բեռ, հպարտութիւնը՝ նւաստացում, իսկ գաղափարախօսութիւնը՝ պարտւողականութիւն:
«Այլընտրանքային» նախագծեր խումբ