Լիլիթ Գալստեան. «Որոշեցի գրքի ծնունդը նշել հարազատ մարդկանց հետ, որոնք ապրումակից են»
Անդրէյ Բէլի, Ալեքսանդր Բլոկ, Աննա Ախմատովա, Մարինա Ցւետաեւա, Վլադիմիր Վիսոցկի, Իոսիֆ Բրոդսկի՝ այս եւ այլ պոէտների լաւագոյն ստեղծագործութիւններն ամփոփւած են «XX դար. ռուսական պոէզիայի ընտրանի» հատորում: Հայալեզու ընթերցողը այդ շքեղ պոէզիան արդէն հնարաւորութիւն ունի կարդալու բանասիրական գիտութիւնների թեկնածու, հրապարակախօս, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստեանի նոյնքան շքեղ թարգմանութեամբ:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկեանը գրքի առաջաբանում գրել է. «Բացառիր յոյզերը, ապրումները, սէրը, նւիրումն ու կարօտը, խամրող հայեացքդ նորից պայծառացնող մանկութեան տաք յուշերի գգւանքը, եւ տակը ոչինչ չի մնայ: Ապրածդ ժամանակահատւածը դատարկ դհոլի պէս ձայնեղ զարկւելու է ողջն անյայտութիւն տանող քամու մատներին: Այդպէս էլ կայ, հիմա մարդկութիւնը դրան էլ մղւում է, եւ բանաստեղծութիւնն է, որ երբեմն-երբեմն հնչելով, ոգեղէն էն քիչ հրայրքների պէս հաղորդակից է դարձնում անմեռ զմայլանքներին՝ մեր մէջ արթնացնելով մեր իսկ ինքնութեան աստւածային խորհուրդը: Այս անգամ մարդուն պահող արժէքների ապրեցնող կածանով անցնելու հրաւէրը Լիլիթ Գալստեանի կողմից է՝ «XX դար. ռուսական պոէզիայի ընտրանի»-ն իր թարգմանութեամբ ներկայացնելով ընթերցողին»:
Խաչիկ Մանուկեանի ձեւակերպմամբ, այս գիրքը ոչ միայն ռուսական պոէզիային կրկին հաղորդւելու հրաւէր է, այլեւ երկու դարաշրջաններն իրար կապող իւրօրինակ կամուրջ, ինչը, նրա խօսքով, փայլուն արտացոլւում է գրքում ներառւած Մանդելշտամի տողերում:
Աւետիք Իսահակեանի տուն-թանգարանում կայացած շնորհանդէսի ժամանակ Երեւանի Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի պրոֆեսոր, կինոգէտ, գրող Դաւիթ Մուրադեանն ասաց, որ իր թարգմանութիւններով Լիլիթ Գալստեանը վեհն ու գեղեցիկը վերադարձրել է ընթերցողին, եւ շատ կարեւոր է, որպէսզի դրանք ընթերցեն յատկապէս երիտասարդները, որոնցից շատերն անհաղորդ են բարձր գրականութեանը, որովհետեւ չկան համարժէք թարգմանութիւններ:
Գրող, թարգմանիչ, բանասիրական գիտութիւնների դոկտոր Դիանա Համբարձումեանն ասաց, որ Լիլիթ Գալստեանին անչափ գնահատում է որպէս մարդ, ստեղծագործող, թարգմանիչ ու նաեւ քաղաքական գործիչ: «Լիլիթ Գալստեանը մեզ համար ստեղծել է հնարաւորութիւն շփւելու ռուսական պոէզիայի փառահեղ փաղանգի հետ: 20-րդ դարն է իր վայրիվերումներով, աքսորեալ բանաստեղծներ կային, որոնք շատ մեծ սէր տարան իրենց հոգու մէջ՝ Ռուսաստանը լքելով: Եւ ինձ համար շատ թանկ բանաստեղծ Բրոդսկին, օրինակ, կարողացաւ օտար ափերում իր հանճարը դրսեւորել ու գնահատւել շատ բարձր: Հայրենիքի ձայնը միշտ իր սրտի մէջ էր: Ես կարծում եմ, որ հայացրած Բրոդսկին նոյնքան շքեղ է, որքան ռուսերէն է հնչում»,- յաւելեց նա:
Լիլիթ Գալստեանն ասաց, որ երկար է մտածել՝ նշել գրքի ծնունդը թէ ոչ. «Գիրքը 2019-ին էի աւարտել եւ 2020-ին պէտք է գնար տպագրութեան, բայց եղաւ պատերազմը, ու բոլորի հետ մենք բոլորս մի քիչ մեռանք: Ես էլ մեռայ, ու մի տեսակ գրքի ժամանակ չէր, ու երկար ժամանակ գրքի ժամանակ չէր… Մի տեսակ հիմա էլ կարծես գրքի ժամանակ չէ, որովհետեւ մռայլ, անյոյս, շարունակ մղձաւանջի մէջ մի տեսակ մեղաւոր ես զգում… Բայց միւս կողմից, այնուամենայնիւ, այս մռայլութեան մէջ շողեր են պէտք: Ու ես որոշեցի, որ գրքի ծնունդը պէտք է նշեմ ու պէտք է նշեմ հարազատներիս հետ՝ մարդկանց հետ, որոնք ապրումակից են, ու այստեղ բանալի բառը ապրումակիցն է… Եւ խնդիրը ոչ թէ դահլիճ լցնելն էր, այլ ապրումակից, հարազատ մարդկանց հետ լինելը, յատկապէս, որ բոլորս մի քիչ ջերմանալու կարիք ունենք այս օրերին: Ու կարծում եմ՝ այսօր գրականութիւնը, լաւ տողը կարող է ջերմացնել….»:
Լիլիթ Գալստեանն ընդգծեց, որ յուսահատութեան, նահանջի եւ դժւարին իրավիճակների յաղթահարման ճանապարհները նաեւ անցնում են մշակոյթով, ինքնութեան արժէքներով, որոնք այսօր մի տեսակ ուրացել ենք. «Այս ժողովածուն պարզապէս թարգմանչի ընտրութիւնն է, պահի զգացողութիւնը… Ինչ-որ մի պահի ինքնութեան պահանջ էի զգում, արարելու կարիք ունէի, մէկ էլ տեսայ, որ բանաստեղծութիւնն էլ է ստացւում: Բրոդսկուն յիշեցի, որ ասում էր՝ բանաստեղծութիւնը մարդկային խօսքի բիւրեղացած տաճար է, ու փորձեցի մտնել այդ տաճարը, մնացածը դուք դատէք»:
Յաւելենք, որ «XX դար. ռուսական պոէզիայի ընտրանի» գրքի խմբագիրն է Վահէ Արսէնը, ձեւաւորումը Մկրտիչ Մատթէոսեանինն է: Լիլիթ Գալստեանը հեղինակել է նաեւ «12 պատւածք եւ մէկ պիէս», «XX դարի ամերիկեան արձակ» ժողովածուները:
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ
Աղբիւրը՝ «Aravot.am»