Արամ Աղաջանեան․ «Աշխարհի փոխչեմպիոնի մեդալս նւիրում եմ հայ ազգին եւ սահմանին կանգնած զինւորներին»
Աշխարհի փոխչեմպիոնի մեդալս նւիրում եմ հայ ազգին եւ սահմանին կանգնած զինւորներին: Ուրախ եմ, որ Հայաստանում հայ երկրպագուների ջերմ աջակցութեամբ կարողացայ նւաճել աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Յաջորդը կը լինի ոսկէ մեդալ:
Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց սամբոյի աշխարհի փոխչեմպիոն Արամ Աղաջանեանը:
Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում անցկացւող սամբոյի աշխարհի առաջնութեան եզրափակիչում 71 կգ քաշային Արամ Աղաջանեանը 0:3 հաշւով պարտւեց FIAS-ի դրօշի ներքոյ հանդէս եկող ռուսաստանցի Գուկեւ Ռամեդին եւ արժանացաւ արծաթէ մեդալի:
Երէկ նոյեմբերի 11-ին, մարզահամերգային համալիրում տեղի ունեցաւ 71 կգ քաշային կարգի չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողութիւնը: Արամ Աղաջանեանը պարգեւատրւեց արծաթէ մեդալով:
«Ճիշտն ասած այդքան էլ գոհ չեմ արդիւնքիցս: Վնասւածքներս մի փոքր խանգարեցին: Աշխարհի առաջնութիւնից առաջ վնասւածք էի ստացել: Ինձ թւում է, եթէ վնասւածքներս չխանգարէին, ես կարող էի դառնալ աշխարհի չեմպիոն: Այս անգամ բաւարարւեցինք արծաթէ մեդալով, յաջորդ անգամ կը պայքարենք ոսկէ մեդալի համար: Ցանկանում եմ առանձնայատուկ շնորհակալութիւն յայտնել իմ մարզիչներին եւ հաւաքականի մարզիչներին՝ Յովիկ Խոջոյեանին, Հայկ Աւետիսեանին եւ Էռնեստ Միրզոյեանին, որովհետեւ նրանց աշխատանքը շատ կարեւոր է եւ մեծ այս յաղթանակում: Շնորհակալ եմ նաեւ ֆեդերացիայի նախագահ Միքայէլ Հայրապետեանից այսպիսի բարձրակարգ մրցաշար կազմակերպելու համար:
Մեդալս նւիրում եմ հայ ազգին եւ սահմանին կանգնած զինւորներին: Թող միշտ ամուր պահեն մեր սահմանները, որ մենք էլ կարողանանք յաղթանակներ պարգեւել մեր ազգին:
Մեծ աջակցութիւն կար տրիբունաներից: Պատասխանատու էր, որ գօտեմարտում էինք մեր երկրպագուների աջակցութեամբ, նաեւ օգնում էր: Զգացողութիւնները մեծ են: Ուրախ եմ, որ կարողացայ մեր երկրպագուների աջակցութեամբ դառնալ աշխարհի փոխչեմպիոն»,- ասաց Արամ Աղաջանեանը:
Աղաջանեանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշւով ժամանակից շուտ վստահ յաղթանակ էր տարել ճապոնացի Կանտա Ամակադայի նկատմամբ: 1/8 եզրափակիչում 11:0 հաշւով պարտութեան էր մատնել բելգիացի Ժորա Շչիլդերմանսին: Քառորդ եզրափակիչում Աղաջանեանը 2:1 հաշւով առաւելութեան էր հասել FIAS-ի դրօշի ներքոյ հանդէս եկող բելառուս Ուլադժիլով Սայապինի նկատմամբ: Կիսաեզրափակիչում էլ 1:0 հաշւով յաղթել էր ուզբեկ Սարբոն Էրնազարովին:
Լուսինէ Շահբազեան
«Sport.news.am»