«ԱԼԻՔ» – Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտելով Կանադայի Համայնքների պալատի նախագիծը՝ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը ահաբեկչական ճանաչելու մասին, ասել է. «Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը, ԶՈՒ-ի այլ կառոյցների հետ համընթաց, պաշտպանում է երկրի ազգային անվտանգութիւնն ու սահմանները, եւ ահաբեկչութեան չարաբաստիկ երեւոյթի դէմ պայքարելով նպաստում է տարածաշրջանում անվտանգութեանն ու կայունութեանը»:
Նա Իրանի զինւորական պաշտօնական ուժը ահաբեկչական յայտարարելու՝ Կանադայի Համայնքների պալատի նախագիծը համարել է անխոհեմ, թշնամական եւ միջազգային իրաւունքի չափանիշերին եւ ընդունւած սկզբունքներին հակասող՝ եւ նշել է. «Այս թշնամական քայլը Իրանի ազգային անվտանգութեան եւ ինքնիշխանութեան նկատմամբ ոտնձգութեան դրսեւորում է»։
Նասեր Քանանին նշելով, որ ԻՅՊԿ-ն ահաբեկչութեան դէմ պայքարի դրօշակակիրն է, Կանադայի խորհրդարանի պագամաւորներին յորդորել է ուսումնասիրեն Իրանում ԻՅՊԿ-ի դիրքը, որպէսզի ծանօթանան իրականութեան հետ:
ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը իրեն իրաւունք է վերապահում արձագանգելու եւ համապատասխան փոխադարձ քայլեր ձեռնարկելու միջազգային իրաւունքը խախտող նման գործողութիւնների նկատմամբ, որոնք դէմ են Իրանի ժողովրդին եւ կառավարութեանը»: