«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի խօսնակ գեներալ Ռամազան Շարիֆը, անդրադառնալով սիոնիստական ռեժիմի դէմ «Ճշմարիտ խոստում» գործողութեանն ընդգծել է. «Այս գործողութեան ընթացքում օգտագործւած զէնքերի զգալի մասը, ըստ գործողութեան պլանի՝ շատ յաջող են աշխատել»:
ԻՌՆԱ-ի համաձայն՝ իր ելոյթի ընթացքում գեներալ Ռամազան Շարիֆը խօսելով «Ճշմարիտ խոստում» գործողութեան մասին ընդգծել է, որ երբ Իրանի արտադրած պաշտպանական համակարգով խոցեցինք ամերիկեան Global Hawk անօդաչու թռչող սարքը, որը օժտւած է ամենաբարդ տեխնոլոգիայով, նրանք ովքեր չէին հաւատում Իրանի ռազմական հզօրութեանը, հասկացան այդ մասին: «Յեղափոխութեան գերագոյն առաջնորդի հնարամտութեամբ, եւ Սրբազան պաշտպանութեան տարիներից յետոյ, մի պահ անգամ չենք յապաղել ճանաչելու համար մեր թշնամիների թոյլ ու հզօր կողմերը, եւ երկրի պաշտպանական հնարաւորութիւնների հզօրացման ջանքերը: Երկրի զինեալ ուժերում եւ ԻՅՊԿ-ում ձեր զաւակները մի պահ անգամ չեն վարանել, եւ կէտ առ կէտ իրականացրել են Յեղափոխութեան առաջնորդի յորդորները, եւ երբ նա յայտարարել է, որ սիոնիստական ռեժիմը պէտք է պատժւի, դա լաւագոյնս իրականացւել է»,- ասել է գեներալը:
Նա նշել է. «Մենք տասնեակ անգամներ ԻՅՊԿ-ի տարբեր զօրավարժութիւններում փորձել ենք թշնամուն, (որոնցից ամենափոքրը Իսրայէլն էր) դիմակայելու մեթոդները: Այս գործողութեան ընթացքում թիրախ դարձած «Նոաթիմ» ռազմաբազայի դէմ գործողութիւնը փորձել էինք «Մեծ մարգարէ-18» զօրավարժութեան ընթացքում»: