Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «ՀՀ կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում»

«ԱԼԻՔ» – Ինձ որեւէ հիմնաւոր բացատրութիւն չտրւեց, թէ ինչու են 1988 թ. փաստաթղթերը գաղտնի, եւ ինչ փաստաթղթի հիման վրայ են գաղտնի դիտարկւում։

«Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը:

«Պաշտպանութեան նախարարութեանն ուղղւած գրութեանս հիման վրայ հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայութեան պետին՝ հասկանալու, թէ ի՞նչ քարտէզների եւ իրաւական բազայի հիման վրայ է իրականացւում սահմանագծման գործընթացը, արդեօ՞ք դրա հիմքում ընկած է սովետական շրջանի վերջին դելիմիտացիա/դեմարկացիայի փաստաթուղթը (1984-88 թթ.)։

Խնդրայարոյց հարցերը սկսում են քարտէզների եւ արձանագրութիւնների գաղտնիութեան հանգամանքից, ինչը մեղմ ասած, հիմնազուրկ է։ Խիստ վիճարկելի է նաեւ իշխանութեան մօտեցումն առ այն, որ թեմայի արծարմումն ինքնին խնդիրներ է առաջացնում բանակցային գործընթացում:

Սա այն պարագայում, երբ ադրբեջանցիները նոյն քարտէզներին տիրապետում են եւ ստացւում է, որ գաղտնիութեան տարրերը տարածւում են բացառապէս ՀՀ քաղաքացիների վրայ:

Ինձ որեւէ հիմնաւոր բացատրութիւն չտրւեց, թէ ինչու են 1988 թ. փաստաթղթերը գաղտնի, եւ ինչ փաստաթղթի հիման վրայ են գաղտնի դիտարկւում։

Տարօրինակ է, եթէ այսօր օրէնքի մակարդակով ՀՀ սահմանը գաղտնի չէ, ապա ինչպէ՞ս կարող է գաղտնի լինել 1988 թ. սահմանը։ Մանաւանդ, եթէ նկատի ունենանք, որ ըստ Փաշինեանի՝ 1988 թ. փաստաթղթերը իրաւական ուժ չունեն։

Այստեղ տեղին եմ համարում շեշտել, որ 1988 թ. փաստաթղթերը ուժի մէջ մտնելու վերաբերեալ որեւէ յաւելեալ դրոյթ չեն պարունակում, դրանք ֆիքսել են երկու խոհրդային հանրապետութիւնների միջեւ սահմանները քարտէզ-սխեմաների տեսքով, եւ որ ամենակարեւորն է, դրանց հիման վրայ անցկացւել է ամբողջ սահմանի դեմարկացիա։

Յաջորդ հանգամանքը, որ ՊՆ պաշտօնեայի ու նրա դիտարկումների հետ կապ չունի՝ քաղաքական մակարդակում է. չկայ որեւէ երաշխիք, որ կոնկրետ թելադրւող հատւածներում ադրբեջանական պատկերացումներով «դելիմիտացիայի» անցկացումից յետոյ, հնարաւոր կը լինի սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել բոլոր այն տեղամասերում, որտեղ Ադրբեջանը մխրճումներ ունի:

 Հայաստանի կառավարիչներն իրենց միակողմանի զիջումները փորձ է անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում:

Նրանք փորձում են առաջ տանել այն անիմաստ թէզը, թէ մենք յանձնում ենք Ադրբեջանի պահանջած հատւածները, որպէսզի ագրեսորի կարգավիճակից դուրս գանք ու յետոյ լեգիտիմ պահանջներ ներկայացնենք Ադրբեջանին:

Ակնյայտ է, որ նման մօտեցումը կարող է յանգեցնել միայն Հայաստանի կողմից հետագայ զիջումների։

Հայաստանի իշխանութիւնները Ադրբեջանին են յանձնում այն տարածքները, որոնք, այսօր, ըստ Վարչատարածքային բաժանման մասին օրէնքի, այսինքն՝ դէ իւրէ, ՀՀ տարածք են:

Ասածս բխում է ոչ թէ քարտէզներից, որոնք ձեռքիս տակ չկան, այլ օրէնքի նկարագրական մասից, որն աւելի շատ խօսում է այն մասին, որ դրանք ՀՀ տարածք են, քան հակառակը»,- գրել է պատգամաւորը:

Related Articles

Back to top button