
«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանի Ազգային Անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի ներկայացուցչի համաձայն կիրակի՝ ապրիլի 27-ին բանակի ռազմավարական ռազմածովային ուժերի հրամանատարը յանձնախմբի հետ նիստի ժամանակ ընդգծել է, որ ԶՈՒ-ի համապատասխան ստորաբաժանումներն ի զօրու են ցանկացած վտանգ կասեցնել տեղում: Այս մասին տեղեկացնելով ԻՌՆԱ-ն յաւելել է, որ նոյն նիստին ներկայ է գտնւել նաեւ Թախթէ Ռաւանչին:
Քաղաքական հարցերով փոխարտգործնախարարը եւս ԱՄՆ-ի հետ հնարաւոր համաձայնագրի նախապայման է համարել բոլոր պատժամիջոցների վերացումը:
Ազգային Անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ՝ Էբրահիմ Ռեզային յաւելել է, որ բանակի ռազմածովային ուժերի եւ ռազմավարական հարցերով հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին ելոյթում անրադարձել է Պարսից ծոց անւանման հետ կապւած հարցերին եւ նշել, որ այն կոչւել եւ յաւերժ կոչւելու է իր պատմական՝ Պարսից ծոց անունով։
Խորհրդարանի Ազգային Անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի ներկայացուցիչը նշել է նաեւ, որ հանդիպման ժամանակ քաղաքական հարցերով փոխարտգործնախարարը ներկայացրել է Իրանի եւ ամերիկեան կողմի վերջին փուլի բանակցութիւնների վերաբերեալ զեկոյցը եւ լրագրողներին յայտնել, որ Թախթէ Ռաւանչին յանձնաժողովին է ներկայացրել բանակցութիւնների նախորդ երկու փուլերի արդիւնքները եւ արձանագրել, որ առաջին եւ երկրորդ փուլերը ընդհանուր հարցերի շուրջ էին, որի ընթացում ամերիկեան կողմին հասկացւել է, որ ուրանի հարստացումը Իրանի սահմանած կարմիր գծերից է:
Աղբիւրի համաձայն՝ Թախթէ Ռաւանչին ընդգծել է, որ բանակցութիւնների ընթացքում ջանք է գործադրւում կողմերի պահանջներին անհրաժեշտ շրջանակը ճշտելու, ապա փորձագիտական մանրամասներին եւ տեքստին անցնելու համար։ Նա ընդգծել է, որ Օմանը եղել է եւ կը շարունակի կատարել բանակցութիւնների միջնորդի իր դերը։
Օմանում կայացած բանակցութիւնների 3-րդ փուլի բովանդակութեան վերաբերեալ Էբրահիմ Ռեզային յայտարարել է. «Թախթէ Ռաւանչիի փոխանցման համաձայն այս փուլում քննարկւել են Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնոյթի նկատմամբ վստահութեան ձեւաւորումը, եւ այդ կապակցութեամբ մեխանիզմի շրջանակի մասին քննարկումներ, ինչը կախւած է լինելու բոլոր պատժամիջոցների վերացումից»։
Էբրահիմ Ռեզային ընդգծել է, որ Թախթէ Ռաւանչիի համաձայն՝ բանակցութիւնների ընթացքում եւ հնարաւոր համաձայնագրից յետոյ, չպէտք է ձեռնարկւեն ապակառուցողական գործողութիւններ, եւ պէտք է վերացւեն նաւթի, նաւթարդիւնաբերութեան, գազի, նաւագնացութեան, ֆինանսական եւ բանկային յարաբերութիւնների վրայ սահմանւած պատժամիջոցները, ինչպէս նաեւ պէտք է ազատ արձակւեն Իրանի ռեսուրսներն ու արտասահմանում փակւած ակտիւները։ Նաեւ պէտք է չեղարկւեն բոլոր արդիւնաբերական, առեւտրային, տրանսպորտային, ապահովագրական եւ հաստատութիւնների ու անհատների նկատմամբ սահմանւած պատժամիջոցները, ինչպէս նաեւ պէտք է կարճւի ՄԱԿ-ի Անվտանգութեան եւ Կառավարիչների խորհրդում Իրանի դէմ բացւած գործը»։
Յանձնաժողովի խօսնակը յղում տալով Օմանի բանակցութիւնների հարցում փոխարգործնախարարի տւած գնահատականին, ընդգծեց, որ բանակցութիւնները չեն կրել բացասական շունչ, կամ սպառնալիքների լեզւով խօսելու փորձի ականատեսը չի եղել իրանական կողմը: «Սակայն դեռ պէտք է քննարկւեն մանրամասն հարցեր սպասւող բանակցային գործընթացում»:
Ռեզային յաւելել է. «Թախթէ Ռաւանչին ընդգծեց, որ մենք տնտեսութիւնը չենք կապում բանակցութիւնների հետ եւ բանակցութիւններին մօտենում ենք զգուշաւորութեամբ»։
Վերջում նա նշել է, որ Թախթէ Ռաւանչին անդրադարձել է նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ ռազմավարական յարաբերութիւններին: Նա նշել է նաեւ, որ բանակցութիւններում չեն բարձրացւել հարստացումը զրոյական կէտին իջեցնելու, հրթիռային հզօրացման, կամ Իրանի պաշտպանական ու տարածաշրջանային զարգացումների խնդիրները։ «Քանի որ դրանք Իսլ. Հանրապետութեան կարմիր գծերի շարքից են, որոնց շուրջ մենք ոչ մէկի հետ չենք բանակցելու»:
Հանդիպմանը Թախթէ Ռաւանչիի կողմից ընդգծւել է, որ եթէ եւրոպական կողմն ինչպէս սպառնացել է, փորձի գործարկել «ձգանման մեխանիզմ», Իրանի Իսլ. Հանրապետութիւնը անցնելու է պատասխան քայլերի, այդ թւում NPT-ից դուրս գալը: