Վրաստանի հարցերով փորձագէտ. «Չէի ասի, որ «3+3» ֆորմատն ունի հեռանկար»
«Այսօր Վրաստան-Արեւմուտք յարաբերութիւններում բաւականին բարդ իրավիճակ է։ Վրաստանը տարածաշրջանային յարաբերութիւնների մասով հետաքրքրութիւն ունի, բայց ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրների ֆոնին իրենք նախընտրում են այսպիսի ֆորմատներից հեռու մնալ»,- Alpha News-ի հետ զրոյցում ասել է Վրաստանի հարցերով փորձագէտ Ջոնի Մելիքեանը՝ ներկայացնելով, թէ ինչու է Վրաստանը հրաժարւել մասնակցել «3+3» ֆորմատով հանդիպմանը։
Նրա խօսքով՝ շատ բան կախւած է առաջիկայում Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքից ու դրա նկատմամբ Արեւմուտքի դիրքաւորումից․ ինչպիսի մօտեցում կը լինի, ինչ յայտարարութիւններ, արդիւնքներ կը լինեն, «Վրացական երազանքը» կը մնա՞յ որպէս իշխող քաղաքական ուժ, թէ՞ կը գայ ընդդիմութիւնը։
«Ընդդիմութեան գալու դէպքում Արեւմուտքի հետ էլ աւելի կը սերտանան յարաբերութիւնները, ուստի այս ֆորմատի հետ կապւած հեռանկարները լաւ չեն լինի»,- նկատել է Մելիքեանը։
Փորձագէտը, միեւնոյն ժամանակ, արդիւնաւէտ չի համարում այդ հանդիպումը։
«Եթէ իշխանութիւնները մնում են, բայց Արեւմուտքի հետ փորձեր են արւում ու վերականգնւում են որոշ մակարդակի յարաբերութիւնները, ապա այս պարագայում միգուցէ «3+3» ֆորմատին չմիանայ, բայց տարբեր դիւանագիտական լծակներով Վրաստանի իշխանութիւնները փորձեն տեղեկատւութիւն ստանալ քննարկւող հարցերի մասին, քանի որ Վրաստանի շահերից են բխում տարածաշրջանի մասին քննարկումները։
Չէի ասի, որ այս ֆորմատն ունի հեռանկար, մինչեւ տարածաշրջանում կոնֆլիկտայնութիւնը չվերանայ։ Իսկ մենք այսօր դա չենք տեսնում»,- եզրափակել է Ջոնի Մելիքեանը։