Մերձաւոր Արեւելքում վերահսկւող պատերազմ է ընթանում
Մերձաւոր Արեւելքում վերահսկւող պատերազմ է ընթանում: Այս մասին News.am թղթակցի հետ զրոյցում ասաց Լիբանանում լոյս տեսնող «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը։
Նրա գնահատմամբ՝ հիմնական միջնորդը Միացեալ Նահագներն է։
«Թել Աւիւը բարձրացնում է Իրանի դէմ պատասխան հարւածների հարցը, որոնք, ըստ ամերիկեան լրատւամիջոցների հրապարակումների, կիրականացւեն միայն ռազմական օբիեկտների վրայ։
Մերձաւոր Արեւելքում պատերազմող կողմերը որոշ չափով հաւատարիմ են մնում կարմիր գծերին, եւ նրանք պրոքսի պատերազմից անցել են միմեանց տարածքի վրայ ուղղակի յարձակումների: Խօսքն Իրանի եւ Իսրայէլի մասին է»,-նշել է նա։
Ինչ վերաբերում է Իսրայէլի եւ «Հեզբօլլահ»-ի դիմակայութեանը, ապա հրետակոծութեան աշխարհագրութիւնը փոխւում է, թիրախ են դառնում նաեւ Լիբանանի հիւսիսային շրջանները, սակայն ցամաքային մարտերն ընթանում են հարաւում։
«Իսրայէլը յայտարարել է, որ կը վերականգնի անվտանգութիւնը հիւսիսում եւ կը հասնի տեղահանւած քաղաքացիների վերադարձին: Նկատի ունենալով, որ Իսրայէլը ՄԱԿ-ի խաղաղապահներին կոչ է անում նահանջել 5 կմ. դէպի ցամաքի տարածք, դա հիմք է տալիս ենթադրելու, որ իսրայէլական բանակը ձգտում է ներթափանցել Լիբանանի տարածք՝ բուֆերային գօտի ստեղծելու մտադրութեամբ։ Բացի դրանից, Իսրայէլը ցանկանում է հասնել «Հեզբօլլահ»-ի դուրսբերմանը եւ զինաթափմանը։ Միաժամանակ ՄԱԿ-ի խաղաղապահները պատասխանել են, որ չեն լքելու իրենց դիրքերը եւ մնալու են իրենց տեղերում»,- յաւելել է Գանտահարեանը։
Նա յիշեցրել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերի վրայ յարձակումը մեծ միջազգային հնչեղութիւն է առաջացրել՝ յայտնելով, որ դրան զուգահեռ մարդասիրական օգնութիւն է ստացւում փախստականների համար՝ յատկապէս Սաուդեան Արաբիայից, Արաբական Միացեալ Էմիրութիւններից, Կատարից եւ Քուվէյթից։
«Դիւանագիտական եւ հումանիտար ջանքերի պայմաններում ռազմական գործողութիւնները շարունակւում եւ ընդլայնւում են։ «Հեզբօլլահ»-ը եւս մեծացնում է իր յարձակումներն Իսրայէլի վրայ, եւ այդ հարւածներից մէկը յանգեցրել է 4 իսրայէլցի զինւորների մահւան։ Հրադադարի հաստատման նախանշաններ չկան: Միեւնոյն ժամանակ, երկարատեւ պատերազմի դէպքում Իսրայէլում ներքին դժգոհութիւնը կարող է սրւել, յատկապէս, եթէ «Հեզբօլլահ»-ը շարունակի ճեղքել Իսրայէլի հակաօդային պաշտպանութեան համակարգը եւ վնաս պատճառել»,- ընդգծել է Գանտահարեանը։
Նա նշել է, որ Լիբանանում իսրայէլական գնդակոծութիւնների հետեւանքով հայեր չեն զոհւել կամ վիրաւորւել: