Քաղաքագէտը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Փաշինեանի ակնարկների վերաբերեալ. «ՀՀ իշխանութիւնների այդ խաղերն արդէն բերել են Արցախի կորստի»
«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ ամբիոնից ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ակնարկելուց մէկ շաբաթ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Մոսկւայում էր՝ նախագահելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
Աւելին, Նիկոլ Փաշինեանը նաեւ այս հարթակն է օգտագործել՝ ներկայացնելու «խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը։ Խօսելով ԵԱՏՄ տրանսպորտային լոգիստիկայի զարգացման հեռանկարների մասին՝ նա մասնաւորապէս նշել է․ «Հայաստանի կառավարութեան նախաձեռնած այս նախագիծը վերջնական արդիւնքում կապահովի բարենպաստ պայմաններ տրանսպորտային եւ առեւտրատնտեսական կապերի զարգացման համար՝ բոլոր հետաքրքրւած պետութիւնների համար՝ հիմնւած ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան յարգման, ինչպէս նաեւ փոխադարձութեան ու հաւասարութեան վրայ»։
Մասնագիտական մի շարք դիտարկումների համաձայն, սակայն, Նիկոլ Փաշինեանի՝ «ՀԱՊԿ-ից՝ դուրս, ԵԱՏՄ-ից՝ ներս» քաղաքականութիւնն անհեռանկար է եւ վտանգաւոր։
168․am-ի հետ զրոյցում քաղաքագէտ, տնտեսագէտ Հրանտ Միքայէլեանը սա համարում է Արեւմուտքից թելադրւած քաղաքականութիւն։
«Արեւմուտքին այս պահի դրութեամբ պէտք է երկու բան՝ մի կողմից, որպէսզի Հայաստանը նպաստի ՌԴ-ի՝ տարածաշրջանից հեռացմանը, միւս կողմից, որ Հայաստանը դա կարողանայ անել ինչքան հնարաւոր է առանց տնտեսապէս կախւած լինելու Արեւմուտքից, որովհետեւ, հակառակ պարագայում, Արեւմուտքը պէտք է վճարի Հայաստանի համար: Ռուսաստանում այս օրակարգը շատ լաւ են հասկանում, եւ վերջում այս քաղաքականութիւնը կը պայթի»,- պարզաբանել է քաղաքագէտը:
Հարցին, թէ այս պահին ՌԴ համար փոխշահաւէտ չէ՞ տնտեսական փոխգործակցութիւնը, երբ ռուսական սանկցիաների պարագայում Հայաստանը դարձել է վերարտահանող պետութիւն, Հրանտ Միքայէլեանն արձագանգել է՝ կանխատեսելով, որ դա էլ կարող է շատ արագ փոխւել, որովհետեւ ուկրաինական պատերազմը հնարաւոր է աւարտւի 2025 թւականին, ու արդէն Հայաստանի դերը կը փոխւի։
«Եթէ նման իրավիճակ ստեղծւեց, ապա Հայաստանը կը դառնայ թիւ մէկ թիրախը, որի հետ կը նւազեցնեն յարաբերութիւնների մակարդակը, որովհետեւ ՌԴ-ն բազմիցս կիրառել է տնտեսական զէնքը քաղաքական նպատակներով՝ ինչպէս Վրաստանի, Մոլդովայի նկատմամբ, անգամ ՀՀ նկատմամբ որոշ փոքր դրւագներով։
Բացի այդ՝ ՌԴ-ն կարող է չեղարկել այն պայմանագրերն ու արտօնութիւնները, որ Հայաստանն ունի, հետեւաբար, այս քաղաքականութիւնը շարունակելը չի յաջողւելու։ Յետոյ կարող են հազար անգամ ասել՝ ռուսները վատն են, եւ այլն, բայց դա իրավիճակը չի փոխելու։ ՌԴ դէպքում տնտեսական ու ռազմավարական համագործակցութիւնը տարանջատել չի ստացւի, որովհետեւ դա համարում են փոխկապակցւած․ ՌԴ-ից հարցեր են դնելու՝ Հայաստանը կա՛մ պէտք է լիարժէք միանայ ՀԱՊԿ-ին, կա՛մ դուրս գայ ԵԱՏՄ-ից, իսկ ՀՀ իշխանութիւնն այդ դէպքում ստիպւած է լինելու առաւել պարզ քաղաքական քայլ անել»,- նշել է մասնագէտը։
Անդրադառնալով յիշեցմանը, որ ՀՀ իշխանամերձ շրջանակներին չեն վախեցնում ռուսական ճնշումները, եւ, որ նրանք դրանց հակադարձում են «ռուսական ռազմաբազան Հայաստանից լարելու» յայտարարութիւններով, Հրանտ Միքայէլեանը շեշտել է․
«Այնպէս չէ, որ ՌԴ-ին դրանով կարելի է վախեցնել․ նման խաղերը երբեք լաւ չեն աւարտւում։ Երբ Թուրքիան յարձակւի ՀՀ վրայ, յետոյ ի՞նչ ենք անելու․եւրոպական դիտորդական առաքելութի՞ւնն է պաշտպանելու։ Ալիեւն ուզում է անգամ այդ առաքելութիւնը քշել ՀՀ-ից։
Այս իշխանութեան նման խաղերն արդէն բերել են Արցախի կորստի, եւ դրանք շարունակելը վերին աստիճանի յիմարութիւն է»։