Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազանի սենեակում փորձել են գաղտնալսող սարք տեղադրել

«ԱԼԻՔ» – Երէկ՝ մայիսի 25-ին, միջադէպ է եղել Ani Grand Hotel Yerevan հիւրանոցում հաստատւած Բագրատ Սրբազանի համարում։ Գտնւելով սենեակում՝ Սրբազանն ու նրա կողմնակիցները լսել են, թէ ինչպէս է ներքեւի յարկից ոմն մէկը ծակում սենեակի յատակը, որպէսզի այդ անցքից լսողական սարք տեղադրի Սրբազանի սենեակում։ Այս մասին տեղեկանում ենք «Տաւուշը յանուն Հայրենիքի» ֆէյսբուքեան էջից:

Բագրատ Սրբազանի կողմնակիցները շտապ տեղեկացրել են այդ մասին հիւրանոցի ղեկավարութեանը եւ իջել ներքեւի յարկ, որպէսզի հասկանան, թէ ինչ է տեղի ունենում։ Ներքեւի համարում գտնւող՝ ըստ ամենայնի ՀՀ ԱԱԾ աշխատակիցը, երկար ժամանակ չի բացել դուռը։ Սրբազանի կողմնակիցները հսկողութիւն են սահմանել այդ սենեակի մօտ, որպէսզի հասկանան, թէ ով է փորձում լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենեակում։

Քիչ անց նոյն վայր են եկել ՀՀ Ոստիկանութեան եւ ԱԱԾ բազում աշխատակիցներ, որոնց մէջ է եղել նաեւ Երեւանի Կենտրոնի Ոստիկանութեան պետի պաշտօնակատարը։ Նրանք նշւած սենեակից դուրս են բերել մի կնոջ եւ արագ հեռացել հիւրանոցից։

«ԱԱԾ եւ իրաւապահ համակարգի այս ոչ պրոֆեսիոնալ, կարելի է ասել՝ փնթի աշխատանքն արդէն իսկ բազում խնդիրներ է առաջացրել մեր երկրի համար։

Եւս մէկ անգամ յորդորում ենք իրաւապահներին ու ԱԱԾ-ին մնալ իրենց գործառոյթների սահմաններում եւ չդառնալ Նիկոլ Փաշինեանի բութ գործիքը»,- գրւած է «Տաւուշը յանուն Հայրենիքի» ֆէյսբուքեան էջում:

Ոչ թէ փորձել են, այլ տեղադրել են լսող սարքը

Աւելի ուշ, լրագրողների հետ զրոյցում, Բագրատ Սրբազանը հաստատել է, որ հիւրանոցի իր սենեակում իրօք փորձել են լսող սարք դնել՝ արձանագրելու համար իր խօսակցութիւնները:

«Չեն փորձել, տեղադրել են սարքը: Տեղադրել են օրեր առաջ, մենք էլ իմացել ենք։ Մենք այս ընթացքում բացայայտել ենք բոլոր մեզ հետեւող մեքենաները, այդ տղաների հետ խօսել ենք, ուրիշ տարբեր բաներ ենք բացայայտել: Կենտրոնի ոստիկանապետը եկաւ մի քանի հոգով, նախ մենք իջանք շատ քաղաքավարի դուռը թակել ենք, ներկայացել է պատգամաւորը, ներսից աղջիկը ասել է, որ բաղնիքում է, բայց այդ ընթացքում հեռաձայնում է՝ շտապ եկէք, շտապ եկէք: Ասում ենք լաւ, կէս ժամից կը գանք, բայց գնանք ընդունարան, տեղեկացնենք, յետոյ եկել է Կենտրոնի ոստիկանապետի ժամանակաւոր պաշտօնակատարը, ասել է, որ քաղաքացին ահազանգում է, որ դուռը փորձում են կոտրել: Մենք էլ տեսանիւթն ենք ցուցադրել, ասել ենք՝ բացէք, տեսնենք ով է, 1-1.5 ժամ անցաւ մօտաւորապէս, յետոյ այդ աղջիկը դուրս եկաւ ու ուղեկցութեամբ պայուսակով հեռացաւ: Դրսում էլ մեծ թւով ոստիկանական մեքենաներ կային, այդ թւում սպրինտեր: Երեւի այդ սարքերը հանել են ու հեռացել են»,- յաւելել է նա։

Սրբազանը յայտնել է, որ ինչ որ ներկայացւած է հրապարակւած տեսանիւթում, այդպէս էլ եղել է։ Աւելին, այդ նոյն սենեակից, որից փորձել են գաղտնալսել իրեն, պարբերաբար լուսանկարել ու տեսանկարահանել են իրենց շարժը։

«Իմացէք՝ մեր երկրում որքան անապահով է մարդը: Ձեզ էլ են հսկում, սիրելի՛ ԱԱԾ կամ որ մարմինն է, չգիտեմ։ Դուք խիստ հսկողութեան ներքոյ էք, իմացէ՛ք»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ դիմելով իրաւապահ մարմիններին ու ուժային կառոյցներին:

Յայտնի է Բագրատ Սրբազանի սենեակը գաղտնալսելու փորձ արած կնոջ ինքնութիւնը

Բագրատ Սրբազանի հիւրանոցային համարը գաղտնալսելու նպատակով ստորին յարկի առաստաղը ծակող եւ լսող սարք տեղադրող կնոջ անուն ազգանունն Էլէն Աղասեան է:  Այս մասին յայտնել է AntiFake.am-ը՝ վկայակոչելով իր աղբիւրներին:

AntiFake-ի տեղեկութիւններով՝ նա օգտահաշիւ է ունեցել «Ֆէյսբուք» սոցիալական ցանցում, սակայն բարձրացած աղմուկից յետոյ ջնջել է օգտահաշիւը:

Էլէն Աղասեանը ներկայանում է որպէս ՀՀ պաշտպանութեան նախարարութեան աշխատակից։

Related Articles

Back to top button