Բագրատ Սրբազան. «Յստա՛կ ասում եմ՝ վերջին օրերդ ես ապրում քաղաքական կեանքիդ, լա՛ւ յիշիր Նիկո՛լ Փաշինեան, խոփդ ուրիշ քարի է կպել»
«ԱԼԻՔ» – «Մարդը վախեցած է եւ դեռ շատ աւելի է վախենալու, պարզապէս մտածում եմ վախից բան չպատահի»: Այս մասին երէկ՝ (մայիսի 25-ին) լրագրողների հետ զրոյցում ասել է «Տաւուշն յանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Անդրադառնալով վերջին օրերին Նիկոլ Փաշինեանի եւ նրա թիմի ջղաձիգ յայտարարութիւններին եւ գործողութիւններին, Սրբազանն ասել է. «Սա իր վախերի դրսեւորումն է, որ արտայայտւում է այս կերպով: Հալածում են մարդկանց, ռեպրեսիաների են ենթարկում այս օրերին, որպէսզի պատրանք ստեղծեն, որ վաղը (մայիսի 26) մարդիկ չգան հանրահաւաքի: Ռեպրեսիաները բաւարար չեն, նաեւ լուրեր են հասնում, որ իշխանութիւնները 15-17 հոգիանոց խմբեր են կազմում՝ մրտական տրամադրութեամբ եւ յայտնի օլիգարխի Խաչատուր Սուքիասեան, նոյն ինքը՝ Գռզօն գլխաւորութեամբ, էն որ սպառնում էր ունեզրկել, մահացնել, սպանել: Դիմում եմ իրաւապահներին՝ Աստւած չանի այդ լուրերը ճշտւեն: Եթէ լուրերը ճիշտ են, ամենայն պատասխանատւութեամբ ասում եմ, ամենածայրաստիճանի պատասխան են ստանալու: Եթէ չկայ այդպիսի բան թող հերքեն»:
Սրբազանը նշել, որ Նիկոլ Փաշինեանի քաղաքական կեանքի վերջին օրերն են, իսկ լրագրողի դիտարկմանը, թէ Փաշինեանն իրեն լեգիտիմ է համարում ասել. «Իր լեգիտիմութիւնը ծրարի մէջ փաթաթած թող տանի իրենց տունը դնի, պահի: Մենք կասենք, որտեղ է իր լեգիտիմութիւնը»:
«Յստա՛կ ասում եմ՝ վերջին օրերդ ես ապրում քաղաքական կեանքիդ, լա՛ւ յիշիր Նիկո՛լ Փաշինեան, խոփդ ուրիշ քարի է կպել: այս ապօրինութիւններդ, հակաօրինական կեանքդ, հակասահմանադրական կեանքդ որպէս քաղաքական կեանք վերջ է գտնելու։ Դու ամենայն պատասխանատւութեան առջեւ ես կանգնելու բոլոր առումներով։ Եւ սա յստակ եմ ասում, շատ յստակ, շատ պարզ»,- շեշտել է Բագրատ Սրբազանը:
Մեր օրակարգից մենք մի միլիմետր անգամ չենք շեղւելու
Խօսելով այսօրւայ մեծ հանրահաւաքի մասին, Սրբազանն ասել է. «Ուրեմն վաղը մայիսի 26 հանրահաւաքին, 16:00-ին, ժողովուրդ ջան, կը գաք, շատ սիրելի ազգ հայոց, ներկայ կը լինէք, շատ սիրով ներկայ կը լինէք։ Մեր օրակարգից մենք մի միլիմետր անգամ չենք շեղւելու։ Այն, ինչ որ յայտարարւելու է, յստակ ուղերձ է։ Հայաստանում, որպէս այդպիսի, իշխանութիւն գոյութիւն չունի ո՛չ իրաւական իմասով, ո՛չ բարոյական իմաստով։ Պարզապէս կայ մի մարդ, որը աջ ու ձախ է գնում, ժամանակ է անցկացնում, ինչպէս իր վերջին ուղերձն է եղել։ Եւ շատ յստակ է մեզ համար, շատ յստակ. այս ընթացքը պէտք է վերջակէտ ունենայ։ Չի կարող ուրիշ կերպ լինել։ Լրիւ օրինական, հաշտութեամբ, խաղաղութեամբ, սիրով, անկախ նրանից, թէ իրենք ինչ ռեպրեսիաներ են գործածում, յատկապէս Արցախի մեր պաշտօնեաների նկատմամբ։ Դուք ոչ մի իրաւասութիւն չունէք։ Այդ մարդկանց մերժել էք ամբողջութեամբ, ոչ մի օրինական սահմաններում, ոչ մի իրաւասութիւն չունէք։ Հիմա յանկարծ յիշել էք, որ իրենք ինչ-որ բաների մէ՞ջ են եղել։ Եւ այն էլ սուտ, սխալ։
Բնական է, չէ՞, ինչի համար են անում։ Վախի պատճառով։ Մեզ համար վախեցնելու ոչ մի ձեւ ու կերպ չունէք։ Ասել եմ՝ բանտ-կալանք, ուրիշ բաներ ուրեմն։ Խնդիր չկայ։ Բայց ճշմարտութիւնը յաղթելու է եւ յաղթել է արդէն։
Բացարձակ խնդիր չկայ։ Ուղղակի պէտք է դա ամրագրել։ Շատ լաւ է, որ այս առիթը եղաւ։ Որովհետեւ ես մտածում էի, վաղը հանրահաւաքին էլ եմ ասելու դրա մասին, հիմա թող իրենց իշխանական, լրատւական էլ լեզուս չի պտտւում ասելու, թող մտածեն, թէ իրենք ինչպէս են մաքրելու այս ամբողջ ստապատիւ վիճակը, որ հէնց իրենց միջոցով տարածւում է որպէս արծաթի, փողի ստրուկներ եւ գերիներ»: