Փաշինեանն ընդդէմ Ալիեւի. ինչու կերակրել կոկորդիլոսին, եթէ գիտես, որ քեզ է ուտելու

ՍԵՐԳԷՅ ԲԱԲԼՈՒՄԵԱՆ
Արդեօք Նիկոլ Փաշինեանի ջանասիրութիւնը կօգնի սիրաշահել յաղթողի դիրքում արձանացած Ալիեւին, ստիպել նրան չմտածել նոր պատերազմի կամ ուրիշինը «տակից», առանց աղմուկի իրենով անելու ցանկութեան մասին։ Մեր սիւնակագիր Սերգէյ Բաբլումեանի կարծիքով՝ հազիւ թէ։
Ինչ խաղաղութեան մասին կարող է խօսք լինել, եթէ մի կողմից ռեւերանսներ են, ծնրադրութիւններ ու խոնարհումներ, իսկ միւս կողմից՝ կոպիտ խօսոյթ, ատամի կրճտոց եւ լկտի նախատինքներ։
Մէջբերումներ Ադրբեջանի նախագահի խօսոյթից՝ «ռազմական յանցագործներ», «օկուպանտներ», «ֆաշիստներ»… Փաշինեանը սրանք լսում է, կուլտալիս, ձեւացնում, թէ դա իր երկրի մասին չէ եւ շարունակում է խնդրել, որ «ընկերը» հիւրընկալի իրեն։ Բայց չեն կանչում: Առայժմ։
Այդ ընթացքում նա թռչում է Անկարա, որտեղ եւս այնքան սպասւած հիւր չէ։ Հարեւան պետութեան առաջին դէմքին օդանաւակայանում դիմաւորում է մշակոյթի փոխնախարարը. էլի փառք Աստծոյ, որ Հարաւային Կովկասի երաժշտական գործիքների բաժնի վարիչը չէր դիմաւորողը։
Վիրաւորական է, բայց նոր բան չէ: Իտալիայի նախկին վարչապետ Սիլւիօ Բեռլուսկոնին նեղացրել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ ստիպելով երկար սպասել իրեն մինչեւ երկկողմ հանդիպումը սկսելը։
Կամ, ելոյթ ունենալով Սան Պաուլոյում կայացած համագումարում՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլէյը Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլւային դասեց «անիծեալ ձախերի» շարքում՝ նրան անւանելով «յանցագործ», իսկ նրա կառավարութիւնը՝ «սոցիալիստական աղբ»: Նկատենք, որ երկու դէպքում էլ վիրաւորւածները չլռեցին, այլ վիրաւորանքներին պատասխանեցին նոյնքան կոշտ բառապաշարով։
Ինչի՞ է ձգտում հասնել գլխարկով, ժպիտը դէմքին մարդը, երբ տեղափոխւում է արեւմտեան մի մայրաքաղաքից միւսը: Օրինակ՝ բանանը դնելով պիջակի գրպանը, նա գնում է Դուբլին:
Իսկ ինչ է հնչում այդ ընթացքում Բաքւից։
«Ռազմական յանցագործները, որոնք վարել են օկուպացիոն քաղաքականութիւն, պատժւել են եւ այժմ գտնւում են բանտերում»,- աշխարհին յայտարարում է Իլհամ Ալիեւը՝ դրանով իսկ փակելով Արցախի՝ ազատազրկւած ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման հարցը։ Նրանցից ոմանք դատապարտւել են ցմահ ազատազրկման, իսկ միւսները՝ չափազանց երկարատեւ բանտարկութեան։
Արդեօք իրենց այդպէ՞ս են պահում կամ խօսում առաջնորդները, որոնք պատրաստ են սեղմել ի նշան բարեկամութեան մեկնած ձեռքը։
Թէ դա ինչպէս է եղել առաջներում, կը յիշեն աւագ սերնդի շատ երեւանցիներ։ Աւարտւե՞լ է կռիւը՝ յանձնիր հակառակորդիդ գերիներին, ստացիր քո գերիներին, կեանքը հօ շարունակւում է։
1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմից յետոյ քաղաքում եւ շրջակայքում կարելի էր տեսնել հազարաւոր գերմանացի ռազմագերիների։ Ամէն առաւօտ նրանց աւտոշարասիւնով բերում էին տներ, ճանապարհներ, կամուրջներ կառուցելու, իսկ երեկոյեան վերադարձնում փշալարերից այն կողմ։
Նոյնիսկ բարեսրտութեամբ յայտնի հայերի համար հեշտ չէր սեղմել նրանց ձեռքը, ովքեր դեռ երէկ սպանում էին իրենց որդիներին, հարազատներին ու մտերիմներին։ Այդուհանդերձ, ոչ ոք չի յիշում անցեալի թշնամիների նկատմամբ բռնութեան որեւէ դէպք։
Ընդհակառակը՝ գերիներին սնունդ էին տալիս, ապահովում տաք հագուստով ու դեղորայքով։ Իսկ ուղեկցող զինւորները, որոնք, որպէս կանոն, ռուս զինծառայողներ էին, հայեացքները մի կողմ էին թեքում եւ ձեւացնում, թէ ոչինչ չեն տեսնում։
Վստահ չեմ, որ եթէ հայ գերիները սովորական ադրբեջանցի հայրերի ու մայրերի համար լինէին ֆիզիկապէս հասանելի, վերջիններս կը նետւէին սպանելու նրանց։
Մինչդեռ Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը, Ազգային ժողովի պատգամաւոր Աննա Գրիգորեանի խօսքով, կալանքի տակ է պահւում անտանելի պայմաններում, իսկ հարեւան խցում, որտեղ պայմանները միանգամայն այլ են՝ շատ աւելի լաւ, մաքուր եւ ընդարձակ, կալանաւորւած է հայ կնոջ վրայ կրակած ադրբեջանցի զինծառայողը։
Գուցէ սա եւս մէ՞կ քայլ է, որը մօտեցնում է Փաշինեանիին Խաղաղութեան Նոբէլեան մրցանակին։
Այնինչ Ալիեւը չի հանդարտւում։ Վերջերս Ստեփանակերտում ելոյթ ունենալով՝ նա Հայաստանի մասին խօսում էր ատելութեամբ ու ծաղրով՝ անընդհատ կրկնելով. «նոյեմբերի 9-ին Հայաստանը ստորագրեց կապիտուլիացիայի ակտ»:
Ինչո՞ւ է նա դա անում։ Հայերի նկատմամբ ծայրայեղ ատելութիւնից բացի, այստեղ կայ նաեւ ներքաղաքական բաղադրիչ։ Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը կարծում է, որ ծաղրելով հարեւան պետութեանն ու նրա ղեկավարին՝ նա փորձում է հասարակութեան ուշադրութիւնը շեղել սեփական երկրում խորացող սոցիալական խնդիրներից։
Ինչի՞ մասին են խօսում մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչն ինչոց է Ադրբեջանում, եւ ինչի՞ մասին են գրում ԶԼՄ-ները։ Խօսում են խնայողութիւնների նւազման եւ գործազրկութեան աճի, նաւթից ու գազից կախւածութեան, տնտեսութեան դիվերսիֆիկացման անհաւասար ընթացքի մասին։ Նշւում է նաեւ, որ Ադրբեջանից շարունակվում է երիտասարդ մասնագէտների եւ որակեալ կադրերի արտահոսքը։
Եւ ահա այստեղ ՄԳԻՄՕ-ի փայլուն շրջանաւարտի մօտ (Ալիեւի) յանկարծ ցանկութիւն է առաջանում ոտքերը սրբել Լեռնային Ղարաբաղի դրօշի վրայ եւ հանրութեանը ցուցադրել նրա նախկին ղեկավարներին՝ ճաղերի յետեւում։
Ինչեւէ, Ադրբեջանի հետ պատերազմն աւարտւած է, եւ Հայաստանում սպասում են իրենց ռազմագերիների վերադարձին։ Այստեղ տարօրինակ բան չկայ: Այդպէս է եղել միշտ՝ Կորէական պատերազմից ի վեր, եթէ խօսենք ոչ հեռու անցեալից։ Յետոյ պատերազմ եղաւ Իրաքում, որտեղ Սադամ Հուսէյնի ռեժիմի տապալումից յետոյ հազարաւոր մարդիկ էին պահւում։ Նրանք թէկուզ ազատւեցին փուլ առ փուլ, բայց հօ ազատւեցին։ Գերիները փոխանակւեցին «բոլորը բոլորի դիմաց» ձեւաչափով կամ վերադարձւեցին բարդ իրաւական ընթացակարգերով, բայց նրանք հաւատում էին, գործընթացն էլ գնում էր։
Արդեօք Նիկոլ Փաշինեանի ջանքերը կօգնեն սիրաշահել մոլեգնած Ալիեւին, ստիպել նրան չմտածել նոր պատերազմի կամ ուրիշինը «տակից» իրենով անելու ցանկութեան մասին։ Հազիւ թէ… Սա այն դէպքն է, երբ մտքիդ Չերչիլն է գալիս։ Նա ասում էր՝ խաղաղարարը նա է, ով կերակրում է կատաղած կոկորդիլոսին՝ չգիտակցելով, որ ի վերջոյ հէնց ինքն էլ կերակուր է դառնալու։ Չերչիլը գիտէր, թէ ինչ էր ասում։



