ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄ, ՀՀ ՇՈՒՐՋ ԼԱՐՒՈՂ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ, ԳՈՅՈՒԹԵՆԱԲԱՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
Երեւանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովը
«ԱԼԻՔ» – Արցախի հայաթափման եւ Հայաստանի Հանրապետութեան շուրջ օրըստօրէ լարւող անվտանգային միջավայրի ու գոյութէնական սպառնալիքների պայմաններում ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքների հիմնական ուղղութիւնների քննարկման եւ համադրման, ինչպէս նաեւ ըստ անհրաժեշտութեան մարտավարական որոշակի վերանայումներ անելու համար՝ ՀՅԴ Բիւրօն հրաւիրել էր Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողով, որի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ երէկ՝ մայիսի 25-ին Երեւանում:
Օրակարգում Հայաստանի Հանրապետութեան եւ առհասարակ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին հիմնական մարտահրաւէրների քննարկումն է, դրանց յաղթահարման գործում Հայ Դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։
Խորհրդաժողովին մասնակցում են աւելի քան քսան երկրներից ժամանած՝ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների պատասխանատուներ, ինչպէս նաեւ ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովը մեկնարկեց Հայաստանի Հանրապետութեան օրհներգով:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տէր Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանն իր խօսքը սկսեց աղօթքով, ապա մասնակիցներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը:
Խորհրդաժողովի բացմանը ելոյթ ունեցան ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայցուցիչ Իշխան Սաղաթէլեանը, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը, Տաւուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Սարգսեանը եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանը: