Գաղափարական

«Յանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառնալու հաւատով

Արցախից բռնի տեղահանութիւնից յետոյ ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդհակառակը՝ այն աւելի է ամրապնդել մեր յիշողութիւնը, ինքնութիւնը եւ վերադարձի հաւատը։

ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան եւ ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միութեան համատեղ նախաձեռնութեամբ այս տարի եւս անցկացւեց «Յանուն Արցախի» խորագրով երիտասարդական բանակումը, որին մասնակցեցին 13-18 տարեկան շուրջ 160 պատանիներ ու երիտասարդներ՝ Արցախից եւ Սփիւռքից։

Տեղահանութիւնից ի վեր կազմակերպւող այս բանակումները դարձել են արցախցի երիտասարդների համախմբման կարեւոր օջախներ։ Այստեղ նրանք ոչ միայն միասին օրեր են անցկացնում, այլեւ ճանաչում, լսում ու հասկանում միմեանց, կիսւում Արցախից բերւած յիշողութիւններով եւ միասին պահում այն, ինչ ոչ ոք չի կարող մեզանից խլել՝ Արցախի նկատմամբ մեր կապն ու վերադարձի հաւատը։

Մէկ շաբաթւայ ընթացքում բանակման մասնակիցները ներգրաււեցին ազգային, կրթամշակութային ու մարզական ծրագրերում, մասնակցեցին երգի ու պարի դասերի, թիմային աշխատանքների եւ տարբեր նախաձեռնութիւնների։

Առանձնայատուկ տեղ էր յատկացւած արցախեան մշակութային ժառանգութեան պահպանմանը։ Արցախեան բարբառը, երգը, պարը, աւանդոյթներն ու յիշողութիւնները դարձան այն անտեսանելի թելը, որը միաւորում էր բոլորին։

Բանակումը նաեւ հնարաւորութիւն էր ճանաչելու Հայաստանը։ Գոշավանք, Թէժառոյքի վանական համալիր, Գոշ լիճ. այս վայրերը մասնակիցների համար դարձան նոր բացայայտումների ու հայրենի հողի հետ կապն աւելի ամրապնդող գեղեցիկ յիշողութիւններ։

Յուզիչ էր բաժանումը, որովհետեւ մէկ շաբաթւայ ընթացքում ձեւաւորւել էին նոր ընկերութիւններ, ծնւել էին նոր յիշողութիւններ, իսկ «մինչ նոր հանդիպում»-ը դարձել էր ոչ թէ պարզապէս խօսք, այլ սպասում։

Նշենք, որ բանակման շրջանակում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանը հանդէս է եկել դասախօսութեամբ՝ անդրադառնալով Բաքւում ապօրինի պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ ռազմագերիների խնդրին։

Արա Պուլուզեանն ընդգծել է, որ Բաքւի բանտերում գտնւող մեր հայրենակիցները պահպանում են ամուր ոգին ու արժանապատիւ կեցւածքը։ Նա շեշտել է, որ գերիների վերադարձի եւ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան հարցը պէտք է մնայ համազգային օրակարգի առաջնահերթութիւնների շարքում, իսկ երիտասարդութիւնը կարեւոր դերակատարում ունի այդ պայքարն առաջ մղելու գործում։

Յատկանշանակն է , որ ամփոփւել է ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութեան  ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» Երիտասարդական միութեան համատեղ «Յանուն Արցախի» բանակումը։

Ապառաժ

Related Articles

Back to top button