Քաղաքական

Էրդողանի կողմից ցեղասպանութեան ժխտումն աւելի շատ ուշադրութիւն է հրաւիրում թուրքական զանգւածային յանցագործութիւնների վրայ

(Մաս առաջին)

Չնայած իրենց դիւանագիտական խորամանկութեանը՝ թուրք ղեկավարներն այդպէս էլ չսովորեցին լռել, երբ իրենց մեղադրում են ցեղասպանութեան մէջ: Նրանք չեն գիտակցում, որ ամէն անգամ, երբ ժխտում են զանգւածային յանցագործութիւնների իրագործումը, ակամայ աւելի շատ ուշադրութիւն են հրաւիրում իրենց յանցաւոր պատմութեան վրայ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յունիսի 30-ի իր ելոյթում կոպիտ սխալ թոյլ տւեց՝ հերքելով թուրքական յանցագործութիւնների հարուստ պատմութիւնը։ Նա կեղծօրէն յայտարարեց. «Մեր պատմութեան մէջ չկայ ո՛չ ցեղասպանութիւն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում եւ ո՛չ էլ գաղութատիրութիւն։ Հազարամեակների մեր փառահեղ պատմութեան ընթացքում եղել է միայն արդարութիւն եւ կարեկցանք»։ Նրա ելոյթի տեսանիւթը X-ում դիտւել է գրեթէ 100 հազար անգամ։

Նախ՝ յղում անելով «հազարամեակների [թուրքական] փառահեղ պատմութեանը»՝ Էրդողանը երկու սխալ թոյլ տւեց. ա) Թուրքիան եւ նրա նախորդը՝ Օսմանեան կայսրութիւնը, հազարաւոր տարիների պատմութիւն չունեն, եւ բ) նրանց պատմութիւնը շատ հեռու է «փառահեղ» լինելուց։ Ընդհակառակը, այն եղել է ամօթալի եւ ոճրագործ։

Այժմ անդրադառնանք Էրդողանի խօսքերի ամենախայտառակ ստին. «Մեր պատմութեան մէջ չկայ ո՛չ ցեղասպանութիւն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում եւ ո՛չ էլ գաղութատիրութիւն։»։ Իրականում Օսմանեան կայսրութիւնն ու Թուրքիայի Հանրապետութիւնը բազմիցս են իրագործել այս զանգւածային յանցագործութիւններից իւրաքանչիւրը։

Կանադայի հելլենական հետազօտութիւնների ինստիտուտը հրապարակել է Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան կողմից իրենց պատմութեան ընթացքում կատարւած յանցագործութիւնների երկար ցանկը: Ահա այդ զեկոյցի համառօտ տարբերակը.

Զանգւածային վայրագութիւնների պատմական արձանագրութիւն. Օսմանեան կայսրութեան ուշ շրջանի կոտորածներն ու ցեղասպանութիւնները (1821-1923 թթ.)

– Կոստանդնուպոլսի կոտորածը (1821 թ.). հազարաւոր յոյն խաղաղ բնակիչներ կոտորւեցին ամբողջ կայսրութիւնում: Ապրիլին Օսմանեան իշխանութիւնները մահապատժի ենթարկեցին Ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Յունաց Տիեզերական Պատրիարք Գրիգոր V-ին՝ կախաղան բարձրացնելով Պատրիարքարանի դարպասներից:

– Քիոսի կոտորածը (1822 թ.). Օսմանեան զօրքերը համակարգւած կերպով սպանեցին, ստրկացրեցին կամ աքսորեցին Քիոս կղզու յունական բնակչութեան մօտաւորապէս չորս հինգերորդին: Մինչեւ 100 հազար յոյն սպանւեց կամ բռնի վաճառքի հանւեց Հիւսիսային Աֆրիկայի եւ Մերձաւոր Արեւելքի ստրկավաճառութեան շուկաներում:

– Պսարայի աւերումը (1824 թ.). Օսմանեան զօրքերը լիովին ոչնչացրեցին ապստամբ յունական Պսարա կղզին։ Երկու օրւայ ընթացքում սպանւեց կամ ստրկացւեց մօտաւորապէս 18 հազար յոյն։

– Միսսոլունգիի երրորդ պաշարումը (1825–1826 թթ.). Օսմանեան եւ եգիպտական միացեալ ուժերի կողմից մէկ տարի տեւած դաժան, սովամահութեան մատնող շրջափակումից յետոյ քաղաքը գրաււեց, ինչի հետեւանքով հազարաւոր յոյն խաղաղ բնակիչներ կոտորւեցին, իսկ մինչեւ 4000 կանայք ու երեխաներ ստրկացւեցին: 

– Դամասկոսի իրադարձութիւնները (1860 թ.). Լիբանանում միջկրօնական բախումներից յետոյ մոլեգնած ամբոխը եւ աշխարհազօրայինները թիրախաւորեցին Դամասկոսի պատմական քրիստոնէական թաղամասը: Մինչ լեռներում թիրախաւորում էին մարոնիներին, Դամասկոսում զոհերը հիմնականում յոյն ուղղափառներն էին: Տեղի Օսմանեան կայազօրային ուժերն ակտիւօրէն համագործակցեցին ապստամբների հետ, որոնք հրկիզեցին պատմական յունական Ուղղափառ Մարիամեան տաճարը եւ կոտորեցին 3-10 հազար քրիստոնեաների:

– Համիդեան կոտորածները (1894–1896 թթ.). Սուլթան Աբդուլ Համիդ II-ը  թիրախաւորեց հիմնականում Անատոլիայի օսմանեան հայերին։ Թիրախում յայտնւեցին նաեւ ասորիները եւ, աւելի փոքր չափով յոյները։ Սպանւեց մօտաւորապէս 300 հազար հայ եւ 25 հազար ասորի, իսկ հարիւր հազարաւորները տեղահանւեցին կամ բռնի մահմեդականացւեցին։

– Ադանայի կոտորածը (1909 թ.). Ադանայի նահանգում կոտորւեց 20-30 հազար հայ խաղաղ բնակիչ։

 Անզէն յոյների կոտորածները Արեւելեան Թրակիայում (1912-1913 թթ.). Բալկանեան պատերազմների ընթացքում օսմանեան զօրքերը Արեւելեան Թրակիայում կոտորեցին 15 690 անզէն յոյների։

– Յոյների ցեղասպանութիւնը (1914-1923 թթ.) Օսմանեան կայսրութեան բնիկ յոյն հպատակների համակարգւած ոչնչացումը յանգեցրեց աւելի քան 1 միլիոն յոյների կոտորածին։

– Լիբանանի բարձունքների Մեծ սովը (1915–1918 թթ.). Օսմանեան ռազմական նահանգապետ Ջեմալ փաշայի կողմից որպէս զէնք կիրառւած պարենային շրջափակման եւ բերքի բռնագրաւման քաղաքականութեան հետեւանքով սովամահ եղան 200-300 հազար մարոնիներ եւ այլ քրիստոնեաներ։

– Ասորիների ցեղասպանութիւնը (1915-1923 թթ.). Օսմանեան կայսրութեան բնիկ ասորի հպատակների համակարգւած ոչնչացումը յանգեցրեց 300-750 հազար ասորիների կոտորածին։

– Հայոց Ցեղասպանութիւնը (1915-1923 թթ.). Օսմանեան կայսրութեան բնիկ հայ հպատակների համակարգւած ոչնչացումը յանգեցրեց 1,5 միլիոն հայերի կոտորածին։

Վաղ հանրապետական դարաշրջանի պետական բռնութիւն (1930-1938 թթ.)

– Զիլանի կոտորածը (1930 թ.). Զիլանի հովտում 5-47 հազար քուրդ խաղաղ բնակիչների կոտորածը՝ Արարատեան ապստամբութեան ռազմական խափանման ընթացքում։

 Դերսիմի կոտորածը (1937–1938 թթ.). Դերսիմի (վերանւանւել է Թունջելի) ալեւի քրդերի դէմ լայնածաւալ ռազմական արշաւի ընթացքում կիրառւեցին օդային ռմբակոծութիւններ (այդ թւում՝ քիմիական զէնք) եւ զանգւածային մահապատիժներ, ինչի հետեւանքով զոհւեց  մինչեւ 70 հազար խաղաղ բնակիչ, այդ թւում՝ հայեր։

20-րդ դարի դաւանանքային ջարդեր

– Ստամբուլի ջարդերը (1955 թ.). Պետութեան կողմից կազմակերպւած ամբոխի յարձակումներ Ստամբուլի յունական, հայկական եւ հրէական բնակչութեան վրայ՝ պատճառելով ահռելի նիւթական վնաս եւ հրահրելով յոյների վերջնական զանգւածային արտագաղթը Թուրքիայից: Ենթադրւում է, որ երկօրեայ ջարդերի ընթացքում սպանւեց 37 մարդ, աւելի քան հազարը վիրաւորւեց, հարիւրաւոր կանայք ու երեխաներ բռնաբարւեցին։ Լայն տարածում գտաւ այն տեղեկութիւնը, որ յոյն տղամարդկանց ենթարկել են բռնի թլպատման։ Նիւթական վնասը գնահատւել է մօտ 500 մլն դոլար։

– Մարաշի կոտորածը (1978 թ.). մէկ շաբաթ տեւած սպանութիւնների ալիք Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում 1978 թւականի դեկտեմբերի 19-26-ը, որի թիրախում էին ձախակողմեանները, քրդերն ու ալեւի կրօնական փոքրամասնութիւնը։ Բռնութիւնը, որը հիմնականում կազմակերպւել էր նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպութեան եւ տեղի աջակողմեան խմբաւորումների կողմից՝ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայութեան աջակցութեամբ, հանգեցրեց հարիւրաւոր մարդկանց մահւան։

– Սւազի կոտորածը (1993 թ.). Թուրքիայի Սւազ քաղաքում արմատական իսլամիստների մոլեգնած ամբոխի կողմից «Մադիմաք» հիւրանոցի հրկիզման հետեւանքով իրականացւած կոտորածը, որին զոհ գնաց 35 մարդ: Զոհերը հիմնականում ալեւի մտաւորականներ, գրողներ եւ արւեստագէտներ էին, որոնք հաւաքւել էին մշակութային փառատօնի մասնակցելու համար:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button