Հայաստան - Արցախ

«Հայրենիքի սահմանը ով է գծել, Նիկոլ Փաշինեա՞նը, Իլհամ Ալիե՞ւը»

Կիրանցիներն արձագանգել են «հայրենիքը չզիջելու» մասին, Փաշինեանի հաւաստիացումներին

«ԱԼԻՔ» – Երէկ՝ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինեանի հանդիպումը կիրանցիների հետ հարթ չի անցել: Տեղեկացնում է News.am-ը:

Գիւղացիները Փաշինեանին մեղադրել են նրանում, որ չի կարողանում այնպէս բանակցել, որ գիւղին պատկանող տարածքները չանցնեն Ադրբեջանին:

Փաշինեանը քարտէզ է ցոյց տւել, եւ ասել, որ այդ քարտէզներով է սահմանագծումը իրականացւում, ինչին ի պատասխան Կիրանցի բնակչուհին ասել է, որ Հայաստանը երբեք այդ քարտէզով չի առաջնորդւել, ինչու է Փաշինեանը այդ քարտէզը առաջ տանում:

Փաշինեանը փորձել է համոզել, որ այդ քարտէզները իրաւական ուժ ունեն, ինչին բնակիչները արձագանգել են, որ չեն հաւատում:

«Դուք ձեր ընտանիքով կը գա՞ք էս վագոններում ապրէք, մենք գնանք ձեր տանը ապրենք»,- Փաշինեանին հարց է ուղղել բնակիչներից մէկը, ինչին Փաշինեանը պատասխանել է, որ 16 միլիոնի ծրագիր է նախապատրաստւում` տուն կառուցելու համար:

Փաշինեանը նաեւ յայտարարել է, որ իրաւաբաններ կը գան, որոնք կը բացատրեն այդ քարտէզների իրաւական հիմքերը, ինչին բնակիչները վրդովւած պատասխանել են, որ իրենց պէտք չի բացատրել, ուղղակի պէտք է հայրենիքը չյանձնել:

«Հայրենիքս ում ես տալիս,  հօրս գերեզմանը կը տաս ինձ, հայրենիքս տալիս ես, հօրս գերեզմանը հետը, հայրենիքս այնտեղ է, որտեղ հերս տնկի է տնկել: Հայրենիքի սահմանը ով է գծել, Նիկոլ Փաշինեա՞նը, Իլհամ Ալիե՞ւը»,- ասել է մի կիրանցի, բնակչուհի Գոհար Վարդանեանն էլ արձագանգելով ասել է. «Ո՞վ էր ասում, Արցախը Հայաստան է եւ վերջ»:

Փաշինեանն էլ փորձել է գիւղացիներին համոզել, թէ իբր հայրենիքից ոչ մի միլիմետր չի զիջւում:

Կիրանցում գիւղացիներից մէկը հեռացրել է Նիկոլ Փաշինեանի՝ Կիրանցի զոհերի յուշարձանին դրւած ծաղիկները

«ԱԼԻՔ» – Կիրանցում գյուղացիներից մէկը հեռացրել է Նիկոլ Փաշինեանի՝ Կիրանցի զոհերի յուշարձանին դրւած ծաղիկները, այնուհետեւ մաքրել յուշարձանի տարածքը: Տեղեկացնում է News.am-ը:

Յիշեցնենք, որ Փաշինեանը երէկ՝ մայիսի 25-ին մեծաթիւ անվտանգութեան աշխատակիցների եւ ոստիկանութեան աշխատակիցների ուղեկցութեամբ այցելել է Տաւուշի սահմանամերձ բնակավայրեր, եղել Բաղանիսում, Կիրանցում, որտեղ շատ լարւած զրոյց է ունեցել գիւղացիների հետ:

Գիւղացիները նրան մեղադրել են նարնում, որ չի կարողանում բանակցի եւ յանձնում է իրենց հայրենիքը թշնամուն` այդպէս էլ անվտանգութիւն չստանալով:

Related Articles

Back to top button