Հայաստանում եւ Արցախում դժւար էին հասկանում Արթուր Մկրտչեանի մտածելակերպն ու գործելակերպը, քանի որ այն զուտ հայկական էր

33 տարի առաջ` ապրիլի 14-ին, ընդհատւեց դաշնակցական, Արցախի քաղաքական եւ պետական գործիչ, ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագէտ Արթուր Մկրտչեանի կեանքը:
1992 թւականի յունւարի 7-8-ին կայացած ԼՂՀ Գերագոյն խորհրդի անդրանիկ նիստում նախագահ ընտրւեց 32-ամեայ Արթուր Մկրտչեանը, ով հասցրեց երկրորդ հայկական պետութիւնը ղեկավարել է ընդամէնը 97 օր: Նախագահ ընտրւելուց երեք ամիս անց Մկրտչեանի դին գտնում են իր բնակարանում:
Թէեւ Արթուր Մկրտչեանը հասցրեց ղեկավարել ընդամէնը 3 ամիս, սակայն նրա անձը, կեանքի ուղին եւ ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագոյն պատմութեան մէջ։
ԼՂՀ Գերագոյն խորհրդի, ԱՀ Ազգային ժողովի առաջին եւ երկրորդ գումարումների պատգամաւոր Աշոտ Սարգսեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է, որ Արթուր Մկրտչեանը ընդգծւած ազգային մտածելակերպ ունեցող ղեկավար է եղել:
«Արցախի բոլոր ղեկավարները տարբեր բնաւորութեան տէր մարդիկ էին, սակայն Արթուր Մկրտչեանն ընդգծւած ազգային մտածելակերպ ունէր, որին օգնել են նրա մասնագիտական գիտելիքները: Նա ծանօթ էր ազգի կենսակերպին եւ մտածելակերպին, որի պատճառով էլ նրա համար եւ հե՛շտ էր եւ դժւար: Հեշտ էր, որովհետեւ շատ լաւ տիրապետում էր իրավիճակին, դժւար՝ որովհետեւ իրեն ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում դժւար էին հասկանում իր մտածելակերպն ու գործելակերպը, քանի որ այն զուտ հայկական գործելաոճ էր եւ չէր համապատասխանում միջազգային ստանդարտներին»,-ասել է նա:
Աշոտ Սարգսեանը կարծում է՝ բոլորն էլ պէտք է իմանան, որ թէեւ Ա. Մկրտչեանն ընդամէնը 97 օր է ղեկավարել Գերագոյն խորհուրդը, սակայն կարողացել է ցույց տալ, որ կարելի է լինել պետութեան ղեկավար եւ հոգ տանել պետութեան մասին:
«Ցաւօք սրտի մենք ազգային այնպիսի բնաւորութիւն ունենք, որ ասում ենք, թէ պետութիւնը սկսւում է ընտանիքից: Սա է պատճառը որ նրան յաջորդած բոլոր ղեկավարները աւելի շատ իրենց ընտանիքների ու բարեկամների մասին են մտածել, քան թէ պետութեան: Ա. Մկրտչեանը ժամանակին կոտրել էր այդ կարծրատիպը եւ սեփական օրինակով ցոյց տւել, որ միայն ու միայն պէտք է մտածել հայրենիքի մասին»,- իր խօսքի աւարտին նշել է Աշոտ Սարգսեանը: