Վահէ Դաւթեան. «Անկարայի ռեգիոնալ պատկերացնումներում ոչինչ չի փոխւել, իսկ Փաշինեանը ձախողման մեղաւորներ է փնտրում»

Քաղաքական գիտութիւնների դոկտոր, էներգետիկ անվտանգութեան փորձագէտ Վահէ Դաւթեանը գրում է.
Օրերս Փաշինեանը յայտարարեց, որ հայկական երկաթուղու տնօրինումը ռուսական ընկերութեան կողմից խնդիրներ է առաջացնում յատկապէս Հայաստանով տարանցման համար: Ըստ նրա՝ «շատ երկրներում՝ Արեւմուտքում, Արեւելքում, Հարաւում եւ Հիւսիսում, կայ կարծիք, որ Նախիջեւանից յետոյ երկաթուղին չպէտք է անցնի Հայաստանով՝ Ռուսաստանի կողմից երկաթուղու վերահսկողութեան պատճառով»:
Դրան հետեւեց «Հարաւկովկասեան երկաթուղու» կառավարումը երրորդ կողմին փոխանցելու հնարաւորութեան մասին գաղափարը:
Տրամաբանական հարց է առաջանում. այդ ո՞ր երկրներն են ցանկանում Հայաստանով տարանցում իրականացնել, բայց, հաշւի առնելով ռուսական կապիտալի առկայութիւնը, խուսափում դրանից:
Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է դիտարկել հարցը մակրոռեգիոնալ ու ռեգիոնալ կտրւածքներով:
Արեւմուտքի կամ Կենտրոնական Ասիայի երկրնե՞րը:
Դրանց միջեւ վաղուց է առկայ տրանսպորտային հաղորդակցութիւն՝ Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով, այժմ էլ TRIPP-ով փորձ է արւում դիւերսիֆիկացնելու այդ երթուղին:
Մերձաւոր Արեւե՞լքը:
Կը նշէ՞ք այդ ռեգիոնի որեւէ լուրջ խաղացողի, որն այս պահին ինտենսիւ տնտեսական փոխգործակցութիւն չի իրականացնում Մոսկւայի հետ:
Իրանն ու Վրաստա՞նը:
Առաջինի դէպքում՝ ուղղակի բացառում ենք, երկրորդի՝ փաստում ռուս-վրացական տնտեսական ու ենթակառուցւածքային դինամիկ փոխգործակցութիւնը 2012 թ.-ից ի վեր:
Մնում են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց հեռահար նպատակները Հայաստանից ռուսական կապիտալի դուրսմղման մասով որեւէ կասկած չեն յարուցում:
Այս առիթով յիշում եմ 2010 թ.-ի փետրւարը, երբ Հայաստանի պատւիրակութեան շրջանակներում ներկայացնում էի «Հարաւկովկասեան երկաթուղին» Ստամբուլում անցկացւող TRACECA աշխատանքային ժողովին: «Ֆուտբոլային դիւանագիտութիւնն» ընթացքի մէջ էր, սկսւել էին բանակցութիւններ Իրան-Հայաստան երկաթուղու վերաբերեալ, Մոսկւան էլ, ակնկալելով հայ-թուրքական սահմանի վերաբացումը, սահմանային Ախուրեան կայարանում միջազգային լոգիստիկ կենտրոնի նախագիծ նախաձեռնեց, որը եւ ներկայացնում էի յատուկ զեկոյցով:
Սուրճի ընդիջման ժամանակ ինձ մօտեցաւ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Մէկ-երկու ճշտող հարց տալով նախագծի վերաբերեալ՝ ասաց. «Այդ ամէնը շատ լաւ է, բայց եթէ իսկապէս ուզում էք ինտեգրւել ու դառնալ տարանցման գօտի, պէտք է կառավարէք ձեր երկաթուղին առանց ռուսների»:
Անկարայի ռեգիոնալ պատկերացումներում ոչ միայն ոչինչ չի փոխւել, այլեւ վերջին տասնամեակում էլ աւելի է արմատաւորւել ռուսական գործօնի բացառման սկզբունքը: Դա առաւել քան ցայտուն արտայայւած է Թուրքիայի՝ մինչեւ 2053 թ. տրանսպորտային զարգացման գլխաւոր պլանում:
Յ. Գ. – Իսկ չոր մնացորդում ունենք հետեւեալը. Փաշինեանը գիտակցում է, որ TRIPP-ը չի յանգեցնելու Հայաստանի տրանսպորտային ինտեգրմանը, որ իրականում հաղորդակցութիւնների համալիր ապաշրջափակման հարց օրակարգում չկայ, ուստի եւ անհրաժեշտ է գտնել հերթական մեղաւորի: Տւեալ դէպքում այդ կարգավիճակում է յայտնւում Մոսկւան:
Ընտրութիւններից առաջ լաւ փաստարկ է՝ հիմնաւորելու, թէ ինչու ենք դեռ այդքան հեռու խոստացւած պայծառ ապագայից: Լուրը հաղորդել է Yerkir.am-ը:



