Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սիրանուշ Սահակեան. «Ռուբէն Վարդանեանը հէնց առաջին նիստում յայտարարել է, որ իրեն մեղաւոր չի ճանաչում»

«ԱԼԻՔ» – Յունւարի 21-ին շարունակւեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ միւս գերիների նկատմամբ դատավարութիւնը: News.am-ը դատավարութեան հետ կապւած մի քանի հարց է ուղղել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակեանին:

– Տիկին Սահակեան, երէկ (Յունւարի 22-ին, ԽՄԲ.) շարունակւեց դատավարութիւնը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ միւս գերիների նկատմամբ: Փորձում են դատավարութեան ձեւական կողմն ապահովել, հրապարկւում են ցուցմունքներ Արայիկ Յարութիւնեանից: Ադրբեջանական լրատւամիջոցները նաեւ  հաղորդեցին, որ փաստաբաններն իրենց պաշտպանեալների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդութիւն են ներկայացրել: Սակայն չի յստակեցւում, թէ ինչ է նշանակում տնային կալանք հայ գերիների դէպքում։ Ինչպէ՞ս էք գնահատում այս ամէնը:

– Այս գործընթացն Ադրբեջանից զատ այլ ատեաններ չեն ընդունելու ու լեգիտիմ չեն ճանաչելու, եւ դատական ակտերը եւս ոչ լեգիտեմ են համարւելու: Սա արհեստական գործընթաց է: Գործ ունենք շինծու դատավարութիւնների հետ, որոնց հիմնական նպատակը Արցախի ղեկավարութեանը պատժելն է յանուն Արցախի պետականութեան իրականացրած գործունէութեան համար: Այս անձանց միջոցով նրանք դատապարտում են Արցախի ինքնորոշման  իրաւունքը եւ այդ գործընթացում ներգրաււածութիւն ունեցող անձանց:  Եւ ստորացումներն էլ ուղղւած են ոչ միայն քաղբանտարկեալներին, այլ ողջ հայ ժողովրդին: Ցուցմունքների մասով էլ պէտք է նկատի ունենալ, որ դրանք կորզւում են կեանքի սպառնալիքի տակ, գրւում են յատուկ ծառայութիւնների կողմից եւ հարկադրւում են հայ պատանդներին ու գերիներին:

Ինչ վերաբերում է խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու երէկւայ (յունւարի 22-ին) միջնորդութիւններին, ապա այժմ  դեռ փորձում ենք հասկանալ խնդիրը:

– Տիկին Սահակեան, Դուք եւ հայկական մի շարք իրաւապաշտպան կազմակերպութիւններ դիմել էիք միջազգային կազմակերպութիւնների, Բաքւում հաւատարմագրւած դեսպանների՝ կոչ անելով մշտադիտարկում իրականացնել դատական գործընթացի նկատմամբ: Տեղեկութիւններ ունէք արդեօք՝ Բաքւում հաւատարմագրւած օտարերկրեայ դիւանագէտներ կամ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ մասնակցո՞ւմ են դատավարութեանը:

– Արձագանգները դեռ ստացւում են: Տեղեկութիւնն ամբողջացնելուց յետոյ կը հրապարակենք: Բայց արդէն յայտնի են դէպքեր, երբ իրաւապաշտպանները դիմել են Ադրբեջանին, մուտքի թոյլտւութիւն են խնդրել դատական նիստերին ներկայ գտնւելու նպատակով, բայց  նրանց մուտքի արտօնագիր չի տրամադրւել:

– Նիստերին ներկայ են լինում սահմանափակ թւով ադրբեջանական լրատւամիջոցներ, որոնք հրապարակում են գրեթէ նոյնաբովանդակ նիւթեր: Արդեօ՞ք ունէք լրացուցիչ այլ տեղեկութիւններ:

– Ռուբէն Վարդանեանի ընտանիքից ինձ հասած տեղեկութիւններով, որը նրանց է փոխանցւել  Ադրբեջանում նրա փաստաբան Աբրահամ Բերմանի միջոցով,  հէնց առաջին նիստում Ռուբէն Վարդանեանը յայտարարել է, որ իրեն մեղաւոր չի ճանաչում:

Վարդանեանը նաեւ առաջարկել է մէկ րոպէ լռութեամբ յարգել հակամարտութեան զոհերի յիշատակը՝ անկախ ազգութիւնից: Դատաւորը նշել է, որ նման բան օրէնսդրութեամբ նախատեսւած չէ: Վարդանեանն այնուհետ ներկայացրել է երկու միջնորդութիւն՝ գործերի միաւորման եւ գործի նիւթերին ծանօթանալու նպատակով լրացուցիչ ժամանակի տրամադրման վերաբերեալ: Ադրբեջանական լրատւամիջոցները յայտնել էին միայն միջնորդութիւնների մասին:

Related Articles

Back to top button