Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մէկ տարի առաջ ձերբակալւեց Ռուբէն Վարդանեանը

Արցախցի գործիչներն արդէն մէկ տարի որպէս քաղբանտարկեալ պահւում են Ադրբեջանում

Սեպտեմբերի 27-ին լրացաւ մէկ տարին՝ ինչ Ադրբեջանի իշխանութիւնները կամայականօրէն կալանաւորեցին յայտնի գործարար եւ մարդասէր Ռուբէն Վարդանեանին: Նրա ձերբակալութեանը յաջորդեցին արցախցի միւս գործիչների՝ Արցախի Հանրապետութեան նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանի, Բակօ Սահակեանի, Արայիկ Յարութիւնեանի, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանի, նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանի, Արցախի Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանի, հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանի ձերբակալութիւնները:

«Հօրս կամայական ազատազրկումը՝ առանց որեւէ ապացոյցի կամ արդար դատաքննութեան, միջազգային բոլոր նորմերի եւ օրէնքների բացայայտ խախտում է,-ասել է Ռուբէն Վարդանեանի որդին՝ Դաւիթ Վարդանեանը։ -Մենք կոչ ենք անում միջազգային հանրութեանն ակտիւացնել ջանքերը՝ ապահովելու նրա անյապաղ եւ անվերապահ ազատ արձակումը՝ Ադրբեջանում անօրինաբար կալանաւորւած միւս հայ ղեկավարների հետ միասին»:

Չնայած Եւրոխորհրդարանի, Ֆրանսիայի Սենատի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի եւ Լորդերի պալատի, ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարների, գործարար աշխարհի եւ համայնքային առաջնորդների՝ հայ բանտարկեալներին ազատ արձակելու մասին բազմաթիւ կոչերին, Ռուբէն Վարդանեանը շարունակում է մնալ նախնական կալանքի տակ՝ առանց անգամ դատավարութեան օրւայ նշանակման կամ նրա նկատմամբ պաշտօնապէս մեղադրանքի առաջադրման:

«Մէկ տարի կալանքի տակ պահելն առանց դատավարութեան կամ կոնկրետ ապացոյցների՝ վկայում է այս գործի քաղաքական բնոյթը,- նկատել է Վարդանեան ընտանիքի միջազգային իրաւապաշտպան Ջարեդ Գենսերը:

– Ադրբեջանը պէտք է յարգի Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների միջազգային դաշնագրով ստանձնած պարտաւորութիւնները եւ անյապաղ ազատ արձակի Ռուբէն Վարդանեանին»։

Վարդանեանը կարճ ժամանակով զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի պետնախարարի պաշտօնը եւ խիստ քննադատութեան է ենթարկել Ադրբեջանին՝ ացախահայութեան նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ միջազգային իրաւունքի խախտումների համար։

COP29-ը հիւրընկալելու հետ կապւած՝ Ադրբեջանում մարդու իրաւունքների վիճակի վատթարացման հարցերը գտնւում են միջազգային ուշադրութեան կենտրոնում: Նոյեմբերին անցկացւելիք համաժողովից առաջ Ադրբեջանը կոչ է արել «համաշխարհային զինադադար» հաստատել եւ դադարեցնել ընթացիկ բոլոր հակամարտութիւնները, ինչը քննդատւել է՝ հաշւի առնելով Ադրբեջանում ազատազրկւած անձանց աճող թիւը եւ մարդու իրաւունքների հարցերով միջազգային իրաւունքի շարունակական խախտումները:

Շատ իրաւապաշտպան կազմակերպութիւններ, այդ թւում՝ Freedom House-ը, պնդում են, որ Ադրբեջանի գործողութիւնները Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ էին, եւ էթնիկ հայերը «դիտաւորեալ կերպով ենթարկւել են կանոնաւոր յարձակումների, ահաբեկման, զրկւել են հիմնարար իրաւունքներից եւ համապատասխան կենսապայմաններից, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից ենթարկւել են բռնի տեղահանման»։ Միջազգային քրէական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորէնօ Օքամփօն եւս, ի թիւս այլոց, հաստատում է, որ Ադրբեջանի գործողութիւնները համապատասխանում են «ցեղասպանութիւն» ոճրագործութեանը:

2017 թւականից ի վեր Ադրբեջանը հետեւողականօրէն զիջում է իր դիրքերը Freedom House-ի «Ազատութիւնն աշխարհում» զեկոյցում՝ ներկայումս 100 միաւորից ունենալով ընդամենը 7-ը։ Կոռուպցիայի ընկալման ինդեքսում էլ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպութիւնը 180 երկրների մէջ Ադրբեջանին յատկացրել է 154-րդ տեղը՝ հաշւի առնելով համատարած կոռուպցիայի մակարդակը, մրցակից քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումներն ու քաղաքացիական ակտիւութեան սահմանափակումները:

168.am

Related Articles

Back to top button