Դոկտ․ Էհսան Մովահեդեանը՝ «Երկիր»-ի հետ զրոյցում․ «Իրանի դիրքորոշումներն արտացոլանք չեն գտնում Հայաստանի պետական լրատւամիջոցներում»
Արեւելեան առանցքում յայտնւելով է, որ Հայաստանը կը կարողանայ պաշտպանել իր շահերն ու անվտանգութիւնը։ Հայաստանը պէտք է ընդլայնի Իրանի հետ համագործակցութիւնը։ Թւում է՝ Ռուսաստանը, Իրանի «ձեռքերն աւելի ազատ» է թողնում՝ ընդլայնելու դերակատարութիւնը Կովկասում։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց միջազգային հարցերի իրանցի աւագ փորձագէտ, դոկտ․ Էհսան Մովահեդեանը։
«Գելափ» (Gellup) գիտահետազօտական եւ խորհրդատւական ընկերութիւնը այս տարւայ յունւար, յունիս եւ նոյեմբեր ամիսներին հարցում էր անցկացրել 1100 քաղաքացիների շրջանում։ Քաղաքացիներին տրւած հարցերից մէկը հետեւեալն է եղել՝ որ երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնութիւն ստանալ։ Նոյեմբեր ամսին հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնութիւնը՝ 41.1%-ը պնդել է, որ օգնութիւնը պէտք է Ֆրանսիայից ստանալ, իսկ 18․7%-ի կարծիքով այդ օգնութիւնը Իրանից կարելի է ստանալ։ Սա այն դէպքում, երբ յունւար ամսին պատկերը լրիւ այլ էր, հարցւածների 40.1%-ը նախըտրել էր Իրանից օգնութիւն ստանալու տարբերակը։
«Գելափ»-ի այս հարցման արդիւնքների ու դրա պատճառների մասին Yerkir.am-ը զրուցել է տարածաշրջանի հարցերի իրանցի փորձագէտ Էհսան Մովահեդեանի հետ։ «Այս փոփոխութիւնը այն աշխատանքի արդիւնքն է, որ Ֆրանսիան է տարել վերջին ամիսների ընթացքում, բայց պէտք է տեսնել՝ Ֆրանսիայի քայլերը ինչքանով են խորքային ու իրական եւ արդեօք նպաստելու են Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանմանն ու կայունութեանը»,- ասաց Մովահեդեանը։ Նա ողջունում է Հայաստանին օժանդակելու ցանկացած փորձ, սակայն այն սպառազինութիւնը, որ Ֆրանսիան է խոստացել, նրա խօսքով՝ բարձր տեխնոլոգիական զէնքեր չեն, պաշտպանութեան հրթիռային համակարգերը պարզ չէ՝ ինչքանով են հակազդելու Ադրբեջանի ռազմական կարողութեանը եւ 3 տարուց հազիւ էլ փոխանցւեն հայկական կողմին։ Մովահեդեանը նշեց, որ Ֆիանսիայի օգնութիւնը աւելի շատ սիմւոլիկ բնոյթ ունի։ Սիւնեցիներին ու արցախցիներին ցուցաբերած մարդասիրական օգնութիւնը ինչպէս Ֆրանսիան, այնպէս էլ Իրանն է արել՝ յաւելեց փորձագէտը։
Իսկ այն մասին, թէ ինչո՞ւ է Իրանի դիրքը նւազել, Մովահեդեանը կարծում է, որ այդտեղ մեծ ազդեցութիւն ունի Հայաստանի պաշտօնեաների յայտարարութիւններն ու գործողութիւնները, կարեւոր է նաեւ ԶԼՄ-ների աշխատանքը։
«Իրանն է, որ Հայաստանի հետ ընդհանուր շահեր ու լուրջ մտահոգութիւն ունի։ Իրանն է, որ իրօք կարող է օգնել Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանմանը։ Իրանն է, որ բազում զօրավարժութիւններ է իրականացրել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանին, բազմիցս ընդգծել է Հայաստանի սահմանների անխախտելիութեան անհրաժեշտութիւնը, զգուշացրել ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխութեան վերաբերեալ, անգամներ մատնանշել, որ պէտք է թոյլ չտալ «Զանգեզուր»-ի կեղծ միջանցքի ստեղծումը, որը կը յանգեցնի թաքֆիր-ահաբեկիչների, անջատողական ուժերի, ՆԱՏՕ-ի եւ Իսրայէլի ներկայութեանը։ Հայաստանն ու Իրանը տուժելու են այդ միջանցքից»։
Փորձագէտը նկատում է, որ Իրանի դիրքորոշումները Հայաստանի պետական լրատւամիջոցներում բաւարար չափով արտացոլանք չեն գտնում, իսկ ընդդիմադիր լրատւամիջոցներին չի յաջողւում դա հասցնել հասարակութեանը։ Այս ոլորտում եւս համագործակցութեան կարիք կայ, պէտք է ներկայացնել երկու երկրների իրական բարեկամութիւնը՝ ընդգծեց Մովահեդեանը։
Իրանը բազմաթիւ առաջարկներ է հնչեցնում, սակայն հայկական կողմն Իրանի հետ միայն մշակութային, կրթական ու տնտեսական ոլորտներում է ցանկանում համագործակցել, իսկ ռազմական ու անվտանգային ոլորտներում ոչ, քանի որ Հայաստանը շարժւում է դէպի Արեւմուտք եւ ՆԱՏՕ, չի ցանկանում անհանգստացնել նրանց՝ յայտնեց փորձագէտը։